Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄ ՄԵՂԱՎՈՐ Է, ՀԱՄ ԴԱՏԻ՞ Է ՏԱԼԻՍ

Հունիս 09,2011 00:00

Կառուցապատողն իր պարտավորությունները չկատարած՝ վտարման պահանջ է ներկայացնում

\"\"

Մեր երկրում շինարարության ոլորտը տնտեսական ճգնաժամից հետո կարծես թե ուշքի չի գալիս: Եվ կարելի է ասել՝ այդ ոլորտում գրեթե նոր ներդրողներ չկան: Թերեւս սա է պատճառը, որ կառավարությունը «ներում» է այն եղած ներդրողներին, որոնք կառուցապատման ընթացքում, այսպես ասած, խախտումներ են թույլ տալիս: «Ավո ՖՄՀ» ընկերությունը, որը պատկանում է սիրիահայ Ավեդիս Կարագուլյանին, Արամի փողոցում կառուցապատման գործընթացը սկսեց բնակիչներին եւ տարածքի օբյեկտների սեփականատերերին «ֆռռացնելով» ու խաբելով: Այս ընկերության տուժածներից մեկն էլ Աշոտ Մարտիրոսյանն է, որը 2006 թվականին ճարահատյալ «Ավո ՖՄՀ»-ի հետ կնքել է պայմանագիր, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրել: Սակայն, Ա. Մարտիրոսյանի խոսքերով, եթե չկնքեր այդ պայմանագիրը, ապա ընդհանրապես կզրկվեր ունեցած-չունեցածից:
Նրա ներկայացմամբ, երբ Արամի 30, բն. 11 հասցեում գտնվող խանութի տարածքը համարվել էր իրացման գոտի, առանց իր տեղեկության, ինչ-որ կազմակերպության ներկայացուցիչներ չափագրումներ են կատարել եւ խանութը գնահատել իրական արժեքից մոտ 10 անգամ պակաս. «Ընդամենը 23 միլիոն դրամ են գնահատել, այնինչ՝ դա անգամ կադաստրային արժեքը չէ: 2006-ին, որ դեռ պայմանագիր չունեի կնքած կառուցապատողի հետ, դիմել էր դատարան՝ ինձ վտարելու պահանջով: Դատարանը որոշեց, որ չվտարեն ինձ, այլ փոխադարձ համաձայնության գանք»: Դատարանի այս որոշումից հետո, 2006-ի սեպտեմբերին, Աշոտ Մարտիրոսյանը, Երեւանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակը եւ «Ավո ՖՄՀ»-ն եկան համաձայնության եւ պայմանագիր կնքեցին, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում էր պայմանագիրն ուժի մտնելուց 30 ամիս հետո, այսինքն՝ 2009 թվականի մարտի 29-ին, Արամի փողոցում կառուցված խանութ-սրահը տրամադրել Ա. Մարտիրոսյանին, ընդ որում՝ խանութը պետք է լիներ լիարժեք վերանորոգված. «Իմ խանութի ճակատային մասը 3.20 մետր է, իսկ այդ ընկերությունը խանութը կառուցելու է 2.40 մետրանոց ճակատով ու 20 մետր երկարությամբ: Դա հավաբնի նման մի բան է: Բայց ես էլի ստիպված համաձայնեցի: Բայց սա դեռ չարյաց փոքրագույնն է: Ես պարտավորվածություն ունեի պայմանագիրը կնքելուց 45 օր հետո իմ իրացվող տարածքը հանձնել ԾԻԳ-ին, որն էլ պետք է տրամադրեր կառուցապատողին՝ շինարարություն իրականացնելու համար»:
Սակայն քանի դեռ տարածքում չէին սկսվել բուն իրացման աշխատանքները, որպեսզի գործարարը չտուժի, եռակողմ, բայց այս անգամ արդեն բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերում, որ նա մնա աշխատի եւ տարածքից հեռանա այն ժամանակ, երբ կառուցապատողը սկսի այդ խանութի տարածքի ապամոնտաժման գործընթացը: Սակայն բավական չէ՝ «Ավո ՖՄՀ»-ն սահմանված ժամկետներում չի կատարում պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, դեռ մի բան էլ փորձում է դատարանի միջոցով վտարել Աշոտ Մարտիրոսյանին՝ անտեսելով նաեւ բանավոր պայմանավորվածությունը: Անցյալ տարի դեկտեմբերին ընկերությունը գործարարին վտարելու պահանջով դիմել է դատարան. «Մենք դատարանում ապացուցեցինք, որ կառուցապատողը 4 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի դիմել ԾԻԳ-ին, որ վերցնի տարածքը ու շինարարությունը սկսի: Ընդ որում, ԾԻԳ-ը գրավոր փաստաթուղթ է տրամադրել, որով հաստատվում է եռակողմ բանավոր պայմանավորվածությունը»: Այսինքն՝ խանութը կարող է աշխատել այնքան ժամանակ, մինչեւ այդ տարածքում շինարարությունը չի սկսվել: Իսկ կառուցապատողը իր շինաշխատանքներով անգամ 5 մետրով էլ չի մոտեցել Աշոտ Մարտիրոսյանի իրացվող խանութին:
Պայմանագրով նախատեսված է՝ եթե կառուցապատողը նշված ժամկետում չի կատարել իր պարտավորվածությունը, Ա. Մարտիրոսյանը իրավունք ունի կառուցապատողից յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուգանք պահանջել: Ա. Մարտիրոսյանն էլ գնահատող կազմակերպության միջոցով գնահատել է խանութի տարածքը, հաշվարկել է ժամկետանց օրերի համար վճարվող գումարի չափը եւ հակընդդեմ հայցով դիմել դատարան: Պետական հիմնարկության գնահատմամբ՝ խանութի 1քմ-ի ներկայիս շուկայական արժեքը $7 հազար է, ըստ այդ հաշվարկների եւ պայմանագրի, կառուցապատողը, որպես տուգանք, պետք է վճարի 99 միլիոն դրամ: Կվճարի, թե ոչ՝ դա կորոշի դատարանը: Սակայն այն փաստը, որ «Ավո ՖՄՀ» ընկերությունից տուժածները շատ են, հաստատում են բնակիչների հետ բազմաթիվ դատական վեճերը:
Ա. Մարտիրոսյանի խոսքերով՝ «Եթե մինչեւ հիմա այդ կառուցապատողը մի շարք բնակիչների նույնկերպ քցել է ու էլի շարունակում է իր անօրինականությունները, ապա կարելի է ենթադրել, որ լավ հովանավոր ունի: Պետական կարիքների համար իրացման գոտի են հայտարարում, այնինչ՝ դրանով հազարավոր մարդկանց ունեցվածքը խլում են, որ մի 2 հոգի հարստանան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել