Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇԱՏ ԲԱՆ ԿՊԱՐԶՎԻ

Հունիս 09,2011 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս ոլորտի տնտեսվարողներից մեծ քանակությամբ տեղեկատվություն է հավաքում:

Չնայած բենզինի գինը տարվա սկզբից 10-ական դրամներով աճում է՝ հասնելով 1 լիտրի դիմաց մինչեւ 430 դրամի, սակայն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այս շուկայում միայն մայիսին է սկսել ուսումնասիրություն անցկացնելու նպատակով բենզին եւ դիզելային վառելիք ներկրող ընկերություններից անհրաժեշտ տեղեկատվություն պահանջել: Ընդ որում, հանձնաժողովը այս ոլորտի տնտեսվարողներից պահանջում է ոչ միայն բենզինի գնի հետ կապված տեղեկատվություն, այլ նաեւ այլ ինֆորմացիա. ասենք՝ մեկ ընկերությունը քանի բենզալցակայան ունի իր կառավարման ներքո, իր առեւտրային նշանի ներքո քանի բենզալցակայան է վարձակալության տվել եւ այլն: Երեկ էլ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկատվություն էր տարածել, որ իրենց մայիսի 3-ի որոշմամբ «բենզին» եւ «դիզելային վառելիք» ապրանքային շուկաների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով իրենք դիմել են այդ շուկաներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների, որպեսզի վերջիններս 3-օրյա ժամկետում հանձնաժողով տեղեկատվություն ներկայացնեն, սակայն վերջիններս չեն շտապել հանձնաժողովի պահանջը կատարել, որովհետեւ այսպիսի տեղեկատվություն պահանջելը բենզինի շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների համար տարօրինակ է: Ըստ վառելիքի շուկայի տնտեսվարողների, իրենց ստացած գրավոր ծանուցումներում չկան նշված հիմքերը, թե ինչ օրենքով է հանձնաժողովն այդ տեղեկատվությունը պահանջում եւ ինչ նպատակով է դա օգտագործելու: Նրանք «Առավոտի» հետ զրույցում հավաստիացնում էին, որ նախկինում հանձնաժողովից ստացված բոլոր ծանուցումներում այդ տեղեկատվությունը եղել է: Չնայած բենզինի շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների համար այնքան էլ պարզ չի եղել, թե պահանջվող տեղեկատվությունն ինչիու է պետք, սակայն, օրինակ, «Ռան օիլ» եւ «Ֆլեշ» ընկերություններից «Առավոտին» հավաստիացրին, որ իրենք համապատասխան տեղեկատվությունը առանց խոչընդոտներ առաջացնելու տրամադրել են: Իսկ «Սիթի պետրոլ գրուպից» (CPS) ասացին, որ մեր հարցերին չեն կարող պատասխանել, քանի որ համապատասխան մարդիկ տեղում չեն: Նշենք, որ ըստ ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության՝ հանձնաժողովի երեկ կայացած նիստում որոշվել է օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ վարչական վարույթ հարուցել հենց «Սիթի պետրոլ գրուպ» ընկերության նկատմամբ: Նկատենք, որ CPS ընկերության կողմից թույլ տրված չարաշահումների մասին «Առավոտն» արդեն գրել է (14.04.2011թ.):
Թե ինչու է հանձնաժողովը բենզինի շուկայի ներկայացուցիչներից «տարօրինակ» տեղեկատվություն պահանջել եւ ինչու չի նշել, թե ինչի համար է դա անհրաժեշտ՝ փորձեցինք ճշտել հենց իրենցից: Ինչպես հայտնեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից. «Հանձնաժողովը տնտեսվարողներին գրավոր ծանուցում է ուղարկել, որ այդ շուկայում ուսումնասիրություն է սկսում, եւ 3-օրյա ժամկետում անհրաժեշտ են կոնկրետ տեղեկություններ: Ինչ օրենքով եւ ինչ նպատակով են այդ ուսումնասիրություններն անցկացվում, մենք, ըստ օրենքի, պարտավոր չենք նշել, տնտեսվարողն ինքը, եթե հարցեր ունի, պետք է դիմի մեզ եւ այդ առնչությամբ պարզաբանումներ ստանա, ինչը որեւէ տնտեսվարող մինչ օրս չի արել, չնայած ունեցել են բավարար ժամանակ: Նշենք, որ այդ տեղեկատվությունը հանձնաժողովին անհրաժեշտ է, որպեսզի պարզ լինի, թե որ ընկերությունն է հիմա բենզինի շուկայում համարվում գերիշխող դիրք ունեցող, քանի որ պատիժներ կիրառվելու դեպքում տարբերություններ են դրվում գերիշխող դիրք ունեցողի եւ չունեցողի նկատմամբ: Կան բենզալցակայաններ, որոնց վրա երեւում են տարբեր ընկերությունների լոգոտիպեր, եւ շատ դժվար է որոշել, թե այն ո՛ր ընկերության սեփական բենզալցակայանն է: Անցած ուսումնասիրության արդյունքներով, բենզինի շուկայում գերիշխող է «Սիթի պետրոլ գրուպը»: Այս ընկերության մասնաբաժինը բենզինի շուկայում կազմում է 41,76 տոկոս, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 40,8 տոկոս: Հիմա ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է, վերջում նոր պարզ կլինի, թե այս շուկայի գերիշխողը փոխվե՞լ է, թե՞ ոչ, կամ բենզինի գինը արհեստակա՞ն է բարձրացվել, թե՞ ոչ»: Ինչ վերաբերում է CPS-ի կողմից պահանջված տեղեկատվությունը չտրամադրելուն, ապա այդ առնչությամբ հանձնաժողովից պարզաբանեցին, որ իրականում CPS-ն էլ է անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել, սակայն բավականին ուշացած:
Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին բենզինի գինն իջնելու է 10-20 դրամով: Հիմա էլ բենզինի «բազաներում» վառելիքի գինն ավելի էժան է, քան մի քանի օր առաջ, սակայն բենզալցակայաններում դա դեռ չի երեւում: Ամենայն հավանականությամբ, նախկին չարաշահումներն արդարացնելու համար է, որ այս ոլորտի տնտեսվարողները բենզինի գինը չեն թողնում միանգամից նվազի եւ պահպանում են դեռ գործող գները, քանի որ ամեն անգամ, երբ միջազգային շուկայում վառելիքի գինը բարձրանում է, մեր երկրի բենզինի շուկայի վրա դա, կարելի է ասել, հայելու ազդեցություն է ունենում, իսկ երբ միջազգային շուկայում վառելիքի գներն իջնում են, մեր տնտեսվարողները չեն շտապում բենզինի գինն իջեցնել՝ պատճառաբանելով, որ էժան գնած բենզինը դեռ տեղ չի հասել:
Նշենք նաեւ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում բենզինի գինը ձեւավորվում է դոլարով, Հայաստանում դոլարի գինն արդեն տեւական ժամանակ է՝ չի տատանվում, 377-378 դրամ է, բայց բենզինի գինը գնալով աճում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել