Երեկ կայացած նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնել է, որ մանրածախ առեւտրի ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» եւ «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երեւան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» եւ «Նոր Զովք» խանութների ցանցերով: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սա նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի գործունեության նկատմամբ եւս հանձնաժողովը կսահմանի խիստ վերահսկողություն, իսկ օրենքի խախտումներ թույլ տալու դեպքում տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Նախկինում գործող օրենքը թույլ չէր տալիս նման ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առեւտրի ոլորտում, ինչը կարգավորվել է նոր եւ արդեն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով:
ՏՄՊՊՀ-ն երեկ նաեւ սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն է հրապարակել: Պարզվել են այս շուկայի գերիշխողները: Այսպես՝ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» եւ «Վիվա Առգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի 85,66%-ը: Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» եւ «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը:
Հանձնաժողովից տեղեկացնում են, որ սուրճի շուկայում սկսված ուսումնասիրության ընթացքում տեղեկատվություն էր պահանջվել շուկայում գործող առավել խոշոր տնտեսվարողներից, ուստի տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմենիա» եւ «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցվեց վարչական վարույթ: