Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան 85-ամյակի առթիվ երեկ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլի հրավերով Սիրահարների այգում նշվեց Մեծ Բրիտանիայի ազգային տոնը՝ Թագուհու ծննդյան օրը: Իմիջիայլոց, Էլիզաբեթ թագուհին ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին, սակայն նրա ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում, ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից: Ամբողջ աշխարհում Միացյալ Թագավորության դեսպանատները նշում են իրենց Թագուհու ծնունդը:
Ամեն անգամ Թագուհու ծննդյան առիթն օգտագործվում է ոչ միայն հանդիպելու եւ բրիտանական միապետուհու կենացը խմելու համար, այլեւ տարբեր խնդիրների մասին բարձրաձայնելու: Այս տարի բարձրացվել էր հատուկ կարիքներով մարդկանց եւ պարալիմպիկ սպորտի հարցը: Այդ կապակցությամբ երեկ համերգային ծրագրով հանդես եկավ «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող եւ իր էությամբ եզակի «Փարոս» կամերային երգչախումբը, որի կազմում ընդգրկված կատարողներից շատերը ունեն հաշմանդամություն, օգտվում են սայլակներից:
Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը անձրեւից սիրով պաշտպանում են ՀՀ արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդյանին: Իսկ ավելի լուրջ խնդիրների պարագայում տեսնես Նալբանդյանը նման հովանու հույս կարո՞ղ է ունենալ:
Իսկ այս մի լուսանկարը արվել է մեկ շաբաթ առաջ՝ Իտալիայի դեսպանատանը, որտեղ տոնվում էր Իտալիայի անկախության օրը: Իտալացիները իրենց տոնի առթիվ նաեւ իտալական նորաձեւություն ցուցադրեցին՝ հայ ֆոտոմոդելների մատուցմամբ: Եվ հաճելիորեն պարզեցինք, որ մեր քաղաքական գործիչները ոչ միայն անպտուղ շախմատ են սիրում, այլեւ գեղեցկությունը գնահատել գիտեն: