Այսպես է վերնագրել իր վերլուծությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Վերջերս ծանոթ վերլուծաբաններից մեկը ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության մասին խոսելիս միանշանակ պնդեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ փաստաթուղթ է ստորագրել այն մասին, որ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը պաշտպանելու է նրա թեկնածությունը,- իր բլոգում՝ https://styopa-safaryan.livejournal.com գրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:- Անընդհատ առարկում էի, որ որքան էլ նա չսիրի Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ միեւնույն է, նման բան հնարավոր չէ, եւ այդ տրամաչափի ու հեղինակության քաղաքական գործիչը նման քայլի չի գնա: Նա էլ պնդում էր, թե դա հրապարակման ենթակա փաստաթուղթ չէ, մենք չգիտենք դրա մասին եւ այլն, եւ այլն: Ինչեւէ, այդպես է, թե այդպես չէ՝ միարժեք հնարավոր չէ պնդել, քանի որ ստացվում է, որ դրա մասին գիտեն բացառապես «ստորագրողները» կամ «չստորագրողները», որոնց շարքում մեզնից ոչ մեկը չկա: Զրույցին մեծ կարեւորություն չտվեցի, որովհետեւ իմ տրամաբանության շրջանակներում դա չէր տեղավորվում: Բայց օրեր անց վերստին հետադարձ հայացք նետեցի անցած 3 տարիների որոշ դեպքերի ու փաստերի վրա, որոնք այդ զրույցից ու վերջին զարգացումներից հետո այլ լույսի ներքո են երեւում: Անգամ այդ հետահայաց դիտարկումից հետո չեմ պնդի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն անպայման նման մի փաստաթուղթ են ստորագրել: Սակայն այ, վերադիտարկումը բազում հիմքեր է տալիս եզրակացնելու, որ Լեւոն-Տեր Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակի ընթացքում խիստ միարժեք ուղերձների փոխանակմամբ փոխադարձաբար ընդունելի լուծումների շուրջ համաձայնության են եկել՝ համապատասխան հավաստիացումներով: Եվ դրա ակունքները ձգվում են մինչեւ 2008թ.»:
Վերլուծության այս առաջին մասում պրն Սաֆարյանը դիտարկել է արտաքին քաղաքական խնդիրների շուրջ՝ ըստ նրա համոզման, «իշխանություն-ՀԱԿ համերաշխության» մի օրինակ՝ 2008թ. օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Ա1+»-ին, որը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը գնահատում է այսպես. «Հարցազրույցում զարմանալի էին ոչ միայն Տեր-Պետրոսյանի կողմից Հարավային Օսիայում եւ ապա Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողությունների արդարացումը, այլեւ դրա հիմնավորումները եւ հարցազրույցի տրամաբանությունն ինքնին»: Ըստ նրա՝ «Այս հարցազրույցի ռեզյումեն կարելի է համարել այն, որ Տեր-Պետրոսյանը դրական է գնահատում Ռուսաստանի գործողությունները Հարավային Օսիայում (Ցեղասպանության կանխում), պատմականորեն օրինաչափ է համարում հզորի կողմից փոքրի ոտնձգությանը անհամաչափ պատասխանելը (Վրաստանի հանդեպ անհամաչափ ուժի կիրառումը), համարում է, որ Վրաստանի իշխանությունները՝ Սահակաշվիլին «սխալ է ընկալել կամ մեկնաբանել Արեւմուտքից ստացված բարեկամական ժեստերը» (Ռուսաստանի արտգործնախարարի մեկնաբանության բառացի կրկնությունն է) ու գնացել արկածախնդրության, չի կասկածում, որ «մոտ ապագայում ոչ այլ ոք, քան վրաց ժողովուրդն է, որ այդ ամենի համար հաշիվ է պահանջելու սեփական կառավարությունից» (Ռուսաստանի հաշվարկներից մեկը), իսկ «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից դժգոհելու հիմքեր չկան»: Մի խոսքով՝ ՀԱԿ առաջնորդի կատարյալ համերաշխություն Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի ու նրանց գործողությունների հետ»: Մեջբերել է նաեւ այդ պատերազմից Հայաստանի իշխանությունների քաղելիք դասերի մասին Տեր-Պետրոսյանի պատասխանը. «Առաջին՝ Հայաստանի իշխանությունները վերջապես պետք է հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի շրջափակումը եւ նրա միակողմանի կախվածությունը միայն մեկ հարեւանից։ Դա պետք է նրանց ստիպի իրական քայլեր ձեռնարկել Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Երկրորդ՝ արկածախնդրությունը մեծագույն վտանգ է փոքր պետությունների համար, որովհետեւ դրա ամենահավանական հետեւանքը ազգային աղետն է»: Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ հետագա 3 տարիները ցույց տվեցին, թե մասնավորապես «ինչպես Հայաստանի իշխանությունների կողմից ընդունվեցին Տեր-Պետրոսյանի վարքականոնային այս ուղերձները, որոնք ստացողը իրավունք ուներ դրանք մոտարկել ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլեւ ներքին կյանքում: Ըստ այդմ` ինչպես Հայաստանի իշխանությունները ժրաջան աշակերտի պես ձեռնամուխ եղան Ղարաբաղի հարցի լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկելուն»:
Հ. Գ. ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը mardik.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ վերոհիշյալ համաձայնության վերաբերյալ, պատասխանել է. «Ես փաստեր եմ մեկնաբանում: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի երեւակայությունը մեկնաբանել»: