Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Հունիս 09,2011 00:00

\"\"«ԼՂ կարգավիճակը չի կարող տարբերվել այսօր ունեցածից»,- հայտարարել է Անջեյ Կասպրչիկը

«Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ են հնչում: Հետաքրքիր էր հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը, որն իր մեջ նուրբ մեսիջ էր պարունակում»,- մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի՝ Բաքվում կատարած հայտարարությունն այն մասին, թե «պատերազմը հիմնահարցի լուծման չի հանգեցնի, իսկ փախստականները հետ չեն վերադառնա»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: ԱԺ հանրապետական փոխնախագահը վստահ է, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող այն տեսակետներին, թե իրենք ամեն դեպքում, այդ թվում՝ ուժի ճանապարհով, հասնելու են խնդրի լուծմանն ու փախստականների հետ վերադարձմանը: Սամվել Նիկոյանը կարծում է, որ «դովիլյան հայտարարությամբ համանախագահ երկրների նախագահները հստակ ընդգծել էին խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, սակայն Ադրբեջանի կողմից դրան հետեւած ռազմատենչ հայտարարությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմն այդքան էլ ճիշտ չի ընկալել հայտարարության էությունը, ինչին էլ հետեւեց ամերիկացի համանախագահի այդ հայտարարությունը»: Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ միջազգային կառույցները Ադրբեջանին ամեն կերպ հասկացնում են, որ այն, ինչին նա փորձում է հասնել, անհնար է անել պատերազմի ճանապարհով:
Ի դեպ, ղարաբաղյան թեմայի շուրջ վերջերս խոսել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: «Նոր Արեւելյան Եվրոպա» հանդեսին տված հարցազրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակը չի կարող էապես տարբերվել այսօր ունեցած նրա կարգավիճակից. «Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի միջանկյալ այդ կազմավորման միջազգային ճանաչումը»,- ասել է նա՝ ավելացնելով, թե դեռ պետք է որոշեն՝ ի՞նչ լայնությամբ է լինելու ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը, ո՞վ պետք է վերահսկի այն՝ մինչեւ համաձայնագրի ստորագրումը եւ այլն: Ստեփանակերտում գտնվող համանախագահները, ըստ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, մասնակցել են Աղդամ-Բարդա ուղղությամբ դիտարկմանը: Իսկ Բաքվում կայացած հանդիպումներից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղապահ ուժերի մասին, որոնք տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում: Այդ ուժերը, ըստ Մամեդյարովի, չեն լինելու ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, ոչ էլ տարածաշրջանի երկրներից:
Մամեդյարովի խոսքերով՝ Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը ներառվել է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մեջ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է իրականացվի փուլ առ փուլ, եւ բոլոր փուլերը փոխկապակցված են»,- «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ մանրամասնելով. «Կանադայում անցկացված Մեծ ութնյակի հանդիպմանը սահմանվեցին այդ հարցի կարգավորման հիմնական սկզբունքները. առաջին հերթին, օկուպացված տարածքներից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը, պետք է բացվեն բոլոր հաղորդակցությունները եւ ճանապարհները, այնուհետեւ պետք է վերականգնվեն ավելի վաղ օկուպացված տարածքները, հարկադրաբար տեղահանվածները պետք է վերադառնան հայրենի հողերը, եւ պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր»:
Ըստ ամենայնի, ադրբեջանցի դիվանագետը փորձում է ցանկալին իրականության տեղ անցկացնել, քանի որ Հայաստանի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ չկա նման պայմանավորվածություն, քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Քաղաքագետ Մասիս Մայիլյանն էլ այն կարծիքին է, որ դեռեւս վաղ է խոսել խաղաղապահ ուժերի մասին. «Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումներով խաղաղարար ուժերը կարող են տարածաշրջան մտնել միայն այն դեպքում, երբ կստորագրվի քաղաքական պայմանագիրը, որը, ինչպես գիտենք, ստորագրված չէ»,- ասել է Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Դովիլ ավանում կայացած «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ, որում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հետեւյալ կոչն են արել. «Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման եւ անկայունության այսօրվա իրավիճակին, որի կրկնությունը կբերի միայն նոր տառապանքներ ու ավերածություններ եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողմերի առաջնորդներին իրենց երկրների բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինելու դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը եւ հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը»:
Հ. Գ. «Դա հայտարարություն է, որը չի համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ տարածքների, ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը, եթե այս պահի դրությամբ հակամարտության կարգավորումը նախնական փուլում է։ Ինձ թվում է՝ այս հայտարարությամբ Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր իրական նպատակը՝ Արցախի զավթումը։ Կազանից առաջ նման հայտարարություններ անելն, իմ կարծիքով, ճիշտ չէ։ Դա ցույց է տալիս, որ ստատուս-քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ»,- երեկ հակադարձելով ադրբեջանական կողմից հնչող վերոհիշյալ հայտարարություններին՝ «7-օրին» ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նաեւ ընդգծել է, որ հայկական կողմի համաձայն լինելու մասին հայտարարությունը սադրանք է. այդպիսի բան չկա, եւ հայտարարությունը որեւէ հիմք չունի։ Իսկ «ճանապարհային քարտեզի» ստորագրման մասին պնդումներին անդրադառնալով՝ Դավիթ Բաբայանն ասել է. «Առավելագույնն ի՞նչ կարող է տալ Կազանի հանդիպումը՝ սկզբունքների շուրջ ինչ-որ հայտարարություն, այսինքն՝ խաղաղ կարգավորում, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության սկզբունքներ եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել