Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է

Հունիս 09,2011 00:00

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կասկած չունի, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում Կազանում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ընթացքում կողմերին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացվելու: «Հարցն այն է, թե ինչ փաստաթուղթ կներկայացվի: Գործընթացի այս հատվածում ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարներին անհանգստացնում են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը կամ առնվազն Ադրբեջանի սպառնալիքները»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետը: Նրա մատուցմամբ, ստորագրվելիք փաստաթուղթը կնշանակի ոչ թե գործընթացի արագացում, այլ գոյություն ունեցող ստատուս քվոյի նոր ձեւաչափ: Մինասյանի ասելով, համանախագահների համար թիվ մեկ խնդիրը հակամարտության գոտում խաղաղության պահպանումն է, «այլ ոչ թե կոնֆլիկտի լուծումը, որը երկար ժամանակ է պահանջում: Դա հասկանում է նաեւ Ադրբեջանը»:
Քաղաքագետը կարծում է, որ ռազմավարական առումով հայկական կողմին ստատուս քվոյի պահպանումն ավելի ձեռնտու է, քան Ադրբեջանին. «Մենք նաեւ պետք է հասկանանք, որ այս պահին ցանկացած փաստաթղթի ստորագրումը բխում է հայկական կողմի շահերից»: Քաղաքագետը Կազանում կայանալիք եռակողմ հանդիպումը որակել է որպես «Մայնդորֆ-2». «Այն ռազմական շանտաժը, որն Ադրբեջանը օգտագործում է տասնամյակ շարունակ, սկսում է անհանգստացնել գերտերություններին: Այս առումով նրանց համար կարեւոր չէ, թե ինչով կավարտվի Կազանը: Հանդիպման հիմնական նպատակը Ադրբեջանի շանտաժը կանխելն է: Այս պահին ԵԱՀԿ ՄԽ-ին ավելի շատ անհանգստացնում է Ադրբեջանը եւ ոչ թե Հայաստանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել