Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԿԳ ԱՎԱԳ ՔՆՆԻՉԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ

Հունիս 09,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը:
Վերջինս կալանավորվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Դատական նիստի ժամանակ Ա. Պողոսյանի փաստաբանը, ով, մեր տեղեկություններով, նախկինում աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, բացարկ է հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Բացարկը պատճառաբանել է այն բանով, որ իր պաշտպանյալ Ա. Պողոսյանը ժամանակին քրեական գործերի շրջանակում նյութեր է նախապատրաստել Մնացական Մարտիրոսյանի ազգականների նկատմամբ, ինչը հիմք է տվել փաստաբանին, ով դռնփակ դատական նիստի ժամանակ հայտնել է, որ դատավորը վրեժխնդրության զգացումից ելնելով կարող է կողմնակալ լինել: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո ընդունել է ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո նշված դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի որոշմամբ դատական նիստի վարումը հանձնարարվել է նույն դատարանի դատավոր Գայանե Կարախանյանին:
Երեք ժամ տեւած դատական նիստից հետո դատավոր Գայանե Կարախանյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարաձգել Ա. Պողոսյանի խափանման միջոց կալանքը: Եվս երկու ամսով երկարացվեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանին բացարկ չհատնվեց, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը որոշեց բավարարել նաեւ այս միջնորդությունը:
Հիշեցնենք, որ եւ Արմեն Պողոսյանը, եւ Վահան Խանզադյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել