Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ավտորիտար ուժ է

Հունիս 09,2011 00:00

Իսկ «Ազատ ժողովրդավարների» գործունեությունը կլինի թափանցիկ ու կոլեգիալ, ասում է նորաստեղծ կուսակցության փոխնախագահը

Նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի նախագահը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, հիմնականում համալրված է ՀՀՇ-ի՝ նախկին ղեկավար կազմով, որոնք էլ հանդիսանում են քաղաքական այս նոր ուժի կորիզը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյան, նախկին քաղբանտարկյալներ Մասիս Այվազյան, Դավիթ Առաքելյան, Հովհաննես Ղազարյան, ՀՀՇ նախկին խոսնակ Կարեն Կարապետյան եւ այլք:
Երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նորաստեղծ կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը անդրադառնալով քաղաքական այս նոր ուժի ստեղծմանը՝ ասել է, թե դա «կոլեգիալ որոշում» է եղել՝ հաշվի առնելով «ընդդիմություն-իշխանություն պատային իրավիճակը, նրանց միջեւ ծավալվող երկխոսության ոչ թափանցիկ լինելը, ղարաբաղյան խնդիրը, երկրի տնտեսական վիճակը եւ ազատականության գաղափարների անտեսումը»:
«Այն, որ այդ ապստամբած, տառապած մարդիկ որոշել են գալ եւ իրենց պայքարը շարունակել նոր ուժերի հետ, նշանակում է, որ նրանք ունեն այդ ապստամբ ոգին, բայց, միեւնույն ժամանակ, չունեն հավատ՝ գոյություն ունեցող ստրուկտուրաների (նաեւ ընդդիմության մեջ) նկատմամբ»,- ասել է Սեդրակյանը:
Վերջինս ասել է, որ թեեւ Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ անվստահությունը տոտալ չէ, բայց ՀԱԿ-ը պետք է որոշակի առումով վերանայի իր գործողությունները, մարտավարությունը, եթե ուզում է պահպանել այն ընտրազանգվածը. «Չպետք է շարունակի այն ավտորիտար համակարգը, որ կա իր ներսում, պրոյեկտի հասարակության վրա, որովհետեւ, այնուամենայնիվ, Հայաստանի թե՛ իշխանությունը եւ թե՛ ընդդիմությունը, ցավոք, շարժվում են ավտորիտար համակարգերի սկզբունքով»:
Ավելին, Սեդրակյանի խոսքով, այսօր Հայաստանի իշխանությունն ավելի հանդուրժող է, քան ընդդիմությունը: «Ավտորիտարիզմի դրոշը փոխանցվել է ընդդիմությանը»,- նկատել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահը եւ ընդգծել, որ իրենք չեն պատրաստվում ներկայանալ որպես միակ եւ գլխավոր ընդդիմադիր ուժը Հայաստանում, որ այդ նոր ուժը «թափանցիկ եւ կոլեգիալ ձեւով է իրականացնելու» իր գործունեությունը:
Սեդրակյանի համոզմամբ, «միտինգային» գործունեությունը սպառել է իրեն: Դրա փոխարեն նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է թե՛ տնտեսության, թե՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ թե՛ մյուս կարեւորագույն խնդիրների շուրջ հրապարակային ձեւով հանրությանը ներկայացնել մեխանիզմների իր փաթեթը:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ են արդյոք համագործակցել Կոնգրեսի հետ՝ Ա. Սեդրակյանն ասել է, թե կհամագործակցեն բոլոր այն ուժերի հետ, որոնք «շարժվում են ժողովրդավարական պլատֆորմով». «Եթե կտեսնենք, որ իրականացվում են ռեալ ժողովրդավարական քայլեր, բացառված է, որ մենք չհամագործակցենք: Ժողովրդավարության առաջին պայմանը թափանցիկությունն է, ես չեմ տեսնում թափանցիկություն (Կոնգրեսի գործունեության մեջ)»:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն, ապա կուսակցության փեխնախագահի ասելով՝ եթե իրենց համակիրների թիվը «նույն ուժգնությամբ» շարունակի աճել: Այսօր դեռեւս, նրա մատուցմամբ, կուսակցությունն ունի 1200 անդամ:
Ա. Սեդրակյանը չի շրջանցել նաեւ մամուլի հրապարակումները՝ թե «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը վայելում է Միացյալ Նահանգների հովանավորությունը, ինչով էլ պայմանավորված էր օրերս դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումը նորաստեղծ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ: Կուսակցության ներկայացուցչի ասելով՝ «ԱՄՆ-ը ժողովրդավարության օրրան է եւ լիբերալ ուժերի կենտրոն», ուստի՝ «իր ներկայացուցչական մարմինների միջոցով կապ է պահպանում բոլոր լիբերալ ուժերի հետ»: Այսուհանդերձ, նա ձեռնպահ է մնացել մանրամասնելուց, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել օրերս կայացած այդ հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել