Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԲԱՑ ԴՈՒՌԸ «ՄԻ ՔԻՉ» ԷԼ ԿԲԱՑՎԻ՞

Հունիս 09,2011 00:00

\"\"Կարապետ Ռուբինյանը համամիտ չէ, որ այն կարող է շրխկոցով փակվել

Մայիսի 27-ի համաներմամբ եւ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ հայաստանյան քաղաքական դաշտում նոր իրավիճակ առաջ բերելու փորձ արվեց: Սպասվում էր, որ դրան պետք է հետեւեին իրադարձություններ՝ բուռն զարգացումներով: Սակայն իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ վերջին երկու օրերին ընթացող քննարկումները, արվող հրապարակային հայտարարությունները մի տեսակ տպավորություն են ստեղծում, որ երկխոսության կիսաբաց դուռը դեռ չբացված՝ կարող է շրխկոցով փակվել: ԱԺ նախկին փոխխոսնակ, «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության հեղինակ Կարապետ Ռուբինյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում չհամաձայնեց այս դիտարկմանը: Նրա կարծիքով՝ ինչ-որ զարգացումներ դեռ կլինեն, քանի որ գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ միջնորդի կամ միջնորդների միջոցով երկխոսություն է սկսվել, եւ կողմերից առնվազն երկուսը շարունակելու են պնդել, որ գործընթացը շարունակվի: Մեր զրուցակցի համար անհասկանալի են ՀԱԿ-ի պնդումները, որ պատվիրակությունների մակարդակով երկխոսության մերժումը ցանկանում են լսել անձամբ Սերժ Սարգսյանից. «Եթե մինչ այդ հասկանալի էր, որ ինչ-որ կուսակցական կամ խորհրդարանական գործիչներ էին խոսում, ասում էին՝ ուզում ենք գործադիրից լսել, հիմա աշխատակազմի ղեկավարն այնպիսի մի տեքստով հանդես եկավ, որ դա պաշտոնական պատասխան էր»: Ի դեպ, երկխոսության համար ՀԱԿ-ի պաշտոնական պատվիրակության կազմին ծանոթանալուց հետո Ռուբինյանի համար արդեն իսկ պարզ է եղել, որ «լուրջ բաների մասին, միեւնույն է, չէին խոսելու», միջանկյալ գործողությունների շուրջ էին զարգացումներ լինելու: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատվիրակության կազմում ընդգրկված են Լեւոն Զուրաբյանը (պատվիրակության ղեկավար), Դավիթ Շահնազարյանը, Վահագն Խաչատրյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Աբրահամյանը: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ պատվիրակության կազմը չի բավարարում Ռուբինյանին, լուրջ չի՞ վերաբերվում պատվիրակության կազմում ընդգրկված մարդկանց: Նա խնդիրն այդ տեսանկյունից չի նայում. «Հայտարարվել է, որ պետք է քննարկվի Սերժ Սարգսյանի եւ ավազակապետության կապիտուլյացիայի հարցը: Էդ նշաձողի համար այդ պատվիրակությունը չէ, որ պետք էր»: Արդյոք սա չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ն իրականում չուներ երկխոսելու ցանկություն, պարզապես կար պայմանավորվածություն՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին, ինչին պետք է հետեւեին զարգացումների իմիտացիաներ: Ռուբինյանը համամիտ չէ: Ավելին, նա հիշեցնում է երկխոսության պատրաստակամության վերաբերյալ ՀԱԿ-ի կողմից քանիցս արված հրապարակային հայտարարությունները: Այդ դեպքում ինչո՞ւ Կոնգրեսը չձեւավորեց ավելի ծանրակշիռ պատվիրակություն՝ հարցին Ռուբինյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, թե ինչ անհեթեթություն է Սերժ Սարգսյանի հետ երկխոսել իր հրաժարականի մասին, այն դեպքում, երբ կողմերը քայլեր արեցին միմյանց հանդեպ եւ հայտարարեցին, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն էականորեն կլիցքաթափի իրավիճակը: Իսկ լիցքաթափված իրավիճակում ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը սկսի բանակցել իր հրաժարականի շուրջ»:
Ղարաբաղյան ճակատում նկատելի ակտիվացումները, տարբեր պաշտոնյաների վերջին օրերի հայտարարությունները, այցելությունները, ըստ մեր զրուցակցի, համենայնդեպս, հուշում են, որ մեծ ջանքեր են թափում հարցի լուծման ուղղությամբ առաջընթացներ ձեռք բերելու համար: Բայց իրական կարգավորումների եւ հնարավորությունների առումով նա վերապահումներ ունի. եթե հանկարծ, Աստված մի արասցե, ըստ ամենայնի հաջորդ ամսվա սկզբին՝ Կազանի հանդիպումից հետո, որտեղ ակնկալվում է հիմնական սկզբունքների շուրջ փաստաթղթի ստորագրում, պարտադրվեն լուծումներ, ապա ներքաղաքական ճգնաժամն ու պոռթկումները, մեր զրուցակցի կարծիքով,  կանխատեսելի են:
Իսկ պատրաստվո՞ւմ է, արդյոք, Կարապետ Ռուբինյանն անդամակցել նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությանը, որի կորիզը բաղկացած է հիմնականում Հայոց համազգային շարժում կուսակցության նախկին ղեկավար կազմից. նախագահը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, վարչության անդամներից են Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախկին անդամներ Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Հովհաննես Ղազարյանը: Կուսակցությանն, ամենայն հավանականությամբ, կանդամակցի նաեւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Ռուբինյանը չի շտապում որոշում կայացնել: Նրա համար դեռ մի շարք անհայտներ կան, «Ազատ ժողովրդավարների» դավանանքի, ազատության եւ հետագա գործունեության առումով հստակեցնելու բաներ կան, մանավանդ, որ Ռուբինյանն էլ տակավին վերջերս է լքել իր կյանքի միակ կուսակցությունը՝ ՀՀՇ-ն: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է մտավախությունների առիթ տալիս, քանի որ «Ազատ ժողովրդավարները» հիմնականում իր նախկին կուսակցական ընկերներն են, որոնց հետ ճանապարհ ունի անցած: Պատասխանը եղավ. «Կոնգրեսում էլ հիմնականում իմ ընկերներն էին, որոնց հետ ճանապարհ ունեի անցած, բայց, տեսաք, հակասություններ առաջ եկան, անհարթություններ, մերժելի երեւույթներ»: Այնպես որ, ընկերությունը՝  ընկերություն, գործը՝ գործ: Ռուբինյանը չի թաքցնում իր համակրանքը «Ազատ ժողովրդավարների» նկատմամբ, իրավամբ համոզված է, որ ազատական գաղափարների կարիքը Հայաստանում արդիական է, բայց որոշում կայացնելու համար դեռ ժամանակ է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել