Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. 2008-Ի ՄԱՐՏԻ 1

Հունիս 09,2011 00:00

\"\"Մանրամասներ չհրապարակված մի ասուլիսից

Մայիսի 31-ի հանրահավաքից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իշխանության հետ երկխոսության պատրաստակամության մասին՝ շատ էին քննադատությունները, թե նրա կարգախոսներում ու շեշտադրումներում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մինչդեռ որպես լրագրող, որը ներկա է եղել 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարվածից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը հրավիրված ասուլիսին՝ կարող եմ վկայել, որ նա անգամ այդ օրը չբացառեց երկխոսության հնարավորությունը: Թերեւս չարժե անգամ հիշեցնել, թե ինչ պայմաններում էր ընթանում այդ ասուլիսը, երբ դրսում հերթապահում էին ինչ-որ զինյալներ, որոնք բավական երկար ոչ մեկին ու նաեւ լրագրողներին թույլ չէին տալիս մտնել առանձնատուն:
Եվ այսպես՝ այդ ասուլիսի ընթացքում, որը լուսաբանելու հնարավորություն չունեցանք, քանի որ ուշ երեկոյան հայտարարվեց արտակարգ դրություն, որը տեւեց 20 օր՝ «Առավոտը» Տեր-Պետրոսյանին ուղղեց հետեւյալ հարցերը, որոնց պատասխանները մեջբերում ենք ըստ պահպանված ձայնագրության:
– Հարցս կարող է ժամանակավրեպ հնչել, բայց անցած օրերին շատ գործիչներ ու կազմակերպություններ էին իբրեւ միջնորդ իրենց ծառայություններն առաջարկում՝ կանխելու առճակատումը, նաեւ բանակցությունների օրակարգ էին առաջարկում: Կատարվածից հետո Դուք այլեւս սպառվա՞ծ եք համարում երկխոսության հնարավորությունը:
– Ես այսօրվա հանրահավաքում նախապատրաստվել էի հանդես գալ հենց այդ թեմայով: Եթե ուշադիր եք՝ ես այս 3 օր է՝ ամեն օր մի նոր թեմա եմ, այսպես, կոնցեպտուալ առումով ներկայացնում մեր ժողովրդին: Այսօրվա իմ թեման այդ միջնորդությունների կամ իշխանության ու ընդդիմության միջեւ բանակցությունների մասին այդ խոսակցություններն էին: Քանի որ դա հնարավոր չեղավ այնտեղ ասել, ես այդ դասախոսությունը, այդ ելույթը հիմա ձեզ կկարդամ:
Ուրեմն՝ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շրջապատից արդեն մեկ շաբաթ է՝ այդպիսի շշուկներ են տարածվում նախ փողոցային մակարդակով, ամբոխի մակարդակով, որ իրենք ինձ հետ լուրջ բանակցությունների մեջ են: Նրանք նույն բանն ասել էին Եվրամիության որոշ դեսպանների, եւ այդ դեսպաններն ինձ խնդրել էին հաստատել կամ հերքել այդ բանը: Եվ ես նույնիսկ մի անգամ հանրահավաքում հերքեցի, ասացի՝ այդպիսի բան չկա, շշուկներ կան տարբեր կողմերից, բայց ես Ռոբերտ Քոչարյանից չեմ ստացել բանակցությունների որեւէ առաջարկ: Դա չի նշանակում, որ եթե ստանայի՝ կընդառաջեի: Բայց միայն այդպիսի առաջարկ ստանալուց հետո էր, որ ես կարող էի որոշել՝ ընդունո՞ւմ եմ այդ առաջարկը, թե՞ չեմ ընդունում: Կամ՝ եթե ընդունում եմ, ինչպիսի՞ պայմաններով եմ ես խոսում: Որպես մի ակնհայտ պայման՝ պարզ էր, որ ցանկացա՛ծ որոշման դեպքում, եթե ես գնայի բանակցությունների՝ դա կանեի միայն այն պայմանով, որ մինչեւ բանակցություններն ազատ արձակվեին քաղաքական բոլոր բանտարկյալները: Սա էր իմ միակ պայմանը: Մնացյալը բանակցությունների նյութ էր՝ մնացյալ բոլո՛ր հարցերը: Ես չեմ կարող բանակցել մի մարդու հետ, որն այսօր ձերբակալել է իմ ընկերներին: Սա էր: Բայց այդպիսի բան չկար: Պաշտոնական որեւէ առաջարկ՝ ո՛չ ինձ, ո՛չ իմ ընկերներից որեւէ մեկին, չի եղել:
Ուրիշ շշուկներ էին տարածում՝ իբր ինձ հետ չի հաջողվում, բայց իմ շրջապատի ընկերների հետ՝ շտաբի հայտնի մարդկանց հետ, ինչ-որ սեպարատ հարաբերություններ կան, ու նրանցից ոմանք նույնիսկ արդեն համաձայնել են պաշտոններ զբաղեցնել Սերժ Սարգսյանի կառավարության մեջ: Սա, ասում եմ, ե՛ւ ժողովրդի մեջ մեր վարկը գցելուն էր ուղղված, ե՛ւ այս ժողովրդական ալիքը մարելուն՝ այսպիսի խոսակցությունները պիտի մաշեցնեին, վարկաբեկեին: Այսինքն՝ մենք դասվելու էինք Արթուր Բաղդասարյանի շարքը: Բայց ցավալին այն է, որ նրանք նույն բանն ասել էին նաեւ արտասահմանյան գործընկերներին, դիվանագետներին: Ես ավելին կասեմ՝ երեկ չէ առաջին օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ Քոչարյանն ասել է երկու բան, որ բռնությունը բացառված է, ոչ մի բռնություն չի լինի, Պուտինն էլ զգուշացրել է, որ բռնությունն անթույլատրելի է: Առաջին խոսքը դա է եղել: Եվ Ռուսաստանի նախագահ Պուտինին Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ես հիմա լուրջ բանակցությունների մեջ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Այսպիսի բան ՀՀ նախագահը կարող է ասել անգամ չամաչելո՛վ, չվախենալո՛վ, որ սուտը կարող է բացահայտվել:
– Հիմա արդեն վե՞րջ, որեւէ երկխոսություն այլեւս անհնա՞ր է:
– Ես չգիտեմ: Քաղաքականությունն այդպես չէ: Նոր իրավիճակ կլինի, նոր պահանջ: Քաղաքականությունը կոմպրոմիսի արվեստ է:

Հ. Գ. Ուշադրություն ենք հրավիրում իշխանության եւ ընդդիմության միջեւ հեռակա երկխոսությանը ԵՄ դեսպանների ներգրավվածության վերաբերյալ ասվածին: Այս նախադեպը նկատի առնելով՝ չի կարելի բացառել, որ դեսպաններն այժմ էլ են իրականացրել միջնորդական առաքելություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել