Ամերիկաբնակ հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային, 25-ամյա Վանես Մարտիրոսյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր մենամարտերում էլ հաղթանակ է տոնել, օրերս 30-րդ անընդմեջ հաղթանակը տարավ մեքսիկացի Սաուլ Ռոմանի նկատմամբ: Եվ ինչպիսի՜ հաղթանակ: Մարտն սկսելով ակտիվ գրոհներով՝ նա մրցակցի հակագրոհի արդյունքում հայտնվեց նոկդաունում: Սակայն դրանից հետո ավելի հավաքվելով՝ Վանեսը կրկին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ յոթերորդ ռաունդում շոշափելի հարվածների տարափով մեքսիկացուն տապալեց ռինգի հատակին: Նոկդաուն: Ճիշտ է, մրցակիցը սահմանված ժամանակում ոտքի կանգնեց, բայց Մարտիրոսյանի ձեռնարկած հաջորդ հարվածաշարերը ռինգի մրցավարին ստիպեցին դադարեցնել պայքարը՝ ռաունդի ավարտից երկու վայրկյան առաջ: Վանեսը ոչ միայն հերթական մարտը ժամանակից շուտ գրանցեց իր օգտին, այլեւ նվաճեց առաջին միջին քաշային կարգում WBC-ի, այսպես կոչված, արծաթե գոտին, ինչը աշխարհի չեմպիոն Ալվարեսին չեմպիոնական գոտու համար ձեռնոց նետելու իրավունք է տալիս:
Խոսելով իր սանի եւ 21-ամյա Ալվարեսի միջեւ կայանալիք առաջիկա մենամարտի մասին՝ անվանի մարզիչ Ֆրեդի Ռոուչը հայտարարել է, որ եթե այդ մարտը կայանա, Մարտիրոսյանն աշխարհի ներկայիս չեմպիոնին նոկաուտի կենթարկի առաջին իսկ ռաունդում: «Միայն խոսակցություններ են պտտվում, թե որքան լավ բռնցքամարտիկ է այդ Ալվարեսը: Վանեսը նրան հատակին կփռի մեկ ռաունդի ընթացքում: Վանեսը հաղթել է նրա հետ հանդիպելու համար ընտրական մենամարտում: Հիմա կարող ենք տեսնել, թե իրո՞ք այդքան լավն է Ալվարեսը», – լրատվամիջոցներին հայտարարել է Ռոուչը:
Վանես Մարտիրոսյանը հիմա սպասում է Ալվարեսի եւ բրիտանացի Ռայան Ռոուդսի մարտին, որում մեքսիկացին դեռ պետք է պաշտպանի չեմպիոնական գոտին: Իսկ մինչ այդ, հայ բռնցքամարտիկը լրատվամիջոցներին ասել է. «Ալվարեսի հետ մենամարտ եմ ցանկանում: Դրա համար ես արել եմ ինձանից կախված ամեն բան եւ այդ իրավունքը նվաճել եմ: Ուզում եմ հավատալ, որ նրա հաջորդ մենամարտն արդեն իմ հետ կլինի»: