«Բազմազգ Վրաստան» շարժումը երեկ տարածել է հաղորդագրություն, որտեղ տարակուսանք է հայտնել անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի՝ «Սաքինֆորմին» տված հարցազրույցի կապակցությամբ: Ըստ նույն հաղորդագրության, Ստուրուան ակնարկել է Վրաստանի նախագահի էթնիկ պատկանելության ու հայկական արմատների մասին, ինչը շարժումը վիրավորական է համարում, հայտարարելով, որ ռեժիսորը բացասական համատեքստում է վկայակոչել այդ փաստը: «Բազմազգ Վրաստանը» կարծում է, որ Ռ. Ստուրուան պետք է ներողություն խնդրի նախագահից եւ բազմազգ Վրաստանի բոլոր քաղաքացիներից, որոնք վիրավորված են զգում այս ոչ հանդուրժողական հայտարարության պատճառով: Ու քանի որ Ստուրուայի կողմից արձագանք չկա, «Բազմազգ Վրաստան» շարժումը բոյկոտում է նրա ղեկավարած Շ. Ռուսթավելու անվան թատրոնը եւ կոչ է անում միանալ իրենց: