Պոետական թատրոնի հիմնադիր, բանաստեղծ-ասմունքող Դավիթ Ասատրյանը՝ արվեստի ու գրականության խնդիրների մասին:
Հայ գրական-թատերական կյանքում քիչ չեն եղել դերասան գրողները, որոնցից արժե հիշատակել մեծանուն Վահրամ Փափազյանին, վաստակաշատ արտիստներ Արման Կոթիկյանին, Գրիգոր Չալիկյանին, Լեւոն Թուխիկյանին, Անահիտ Թոփչյանին, Աննա Պետրոսյանին… Թվարկումը կարելի է շարունակել: Մեր կողքին ապրում ու ստեղծագործում է ասմունքող, բանաստեղծ Դավիթ Ասատրյանը: Այս երեւույթը եզակի է: Հավելենք, որ արվեստագետը իր համախոհ երաժիշտ, նկարիչ ընկերների հետ 2009թ. հիմնել է «Պոետական թատրոն»: Այս ժամանակահատվածում նրանք համերգներ են ունեցել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ այն կարծիքին, թե «Պոետական թատրոնը», փաստորեն, մեր օրերում փոխարինում է խորհրդային տարիների գրական-երաժշտական երեկոներին, Դ. Ասատրյանը հակադարձեց. «Բնավ՝ ոչ: Մեր հիմնածը թատրոն է, ինչն էլ ակնկալում է ռիթմ, դինամիկա, շարժում: Գործընկերներիս հետ դեմ ենք խորհրդային շրջանի գրական-երաժշտական համերգներին, որոնցում բացակայում էին թվարկածներս: Ժամանակին ասմունքը մատուցվում էր մի տեսակ չարդարացված պաթոսով, ինչը գտնում ենք, որ անճաշակության առաջին նախապայմանն է»:
Դավիթը հավելեց նաեւ, որ աշնանը կայանալիք նոր ծրագրի մատուցման համար իրենք հրավիրելու են նաեւ բալետի արտիստների. «Նպատակ ունենք, ասենք՝ Տերյանին այլ ձեւաչափում ներկայացնել: Օրինակ, ոչ թե անընդհատ՝ աշուն է, խշշում է…, ինչը հանդիսատեսը հաճախ է լսում, այլ նրա պոեզիայի այն մասը, որը լայն մասսաներին այնքան էլ ծանոթ չէ»: Այս մտքից հետո մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ մոտ ապագայում համախոհների մի ստվար մասի հետ «կլուծեն» Տերյանի արձանի խնդիրը, որը, նրա ձեւակերպմամբ, բանաստեղծի իրական կերպարի հետ կապ չունի. «Գալիք սերունդը, գոնե, չէինք ուզենա, որ պոետին տեսնի խեղճի կերպարով»: Դ. Ասատրյանը նկատի ունի Նորայր Կարգանյանի կերտած քանդակը, որը տեղադրված է մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ: Ի դեպ, հարցազրույցում («Տերյանը՝ մաուզերով», «Առավոտ», 29 հոկտեմբեր, 2009թ.) Ն. Կարգանյանը պատասխանելով արձանը չհավանողներին, մեկնաբանում է, թե բանաստեղծի ձեռքի գիրքը այլ դիրքից դիտելիս մաուզեր է ընկալվում, այնպես որ, իր Տերյանը խեղճ չէ:
Իսկ ի՞նչն է Դ. Ասատրյանին բերել գրական դաշտ: «Արվեստագետները երազկոտ մարդիկ են: Մեր կյանքում, որպես դասակարգ, վերացել է ռոմանտիկան, հետեւաբար ցանկություն կա «հեռանալու» այս աշխարհից, «ռեալիզացնելով» ներուժդ գրականության, երաժշտության, արվեստի մեջ: Ես ու համախոհներս հասկանում ենք, որ ամբողջովին մեկուսանալն անհնար է, սակայն հնարավորինս աշխատում ենք հեռու մնալ իրականությունից…»,-ասում է զրուցակիցս: Ռեպլիկին՝ ուզում է ապրել ճգնավորի կյանքո՞վ, արվեստագետը պատասխանեց. «Ինչ-ինչ պատճառներով չեմ կարող ինձ թույլ տալ դառնալ Աստծո սպասավոր»:
2010թ. հրատարակվել է Դ. Ասատրյանի «Առանց թեւերի», օրերս էլ՝ «Սիրո երաշտ» բանաստեղծությունների ժողովածուները:
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանից խնդրեցինք հակիրճ ներկայացնել կրտսեր գրչակից ընկերոջը: «Վերջին տասնամյակների «բանաստեղծական» խժալուր, հիմնականում գռեհիկ աղմուկների մեջ ականջս միշտ ձայնի էր, թե ո՞ւր են թաքնվել պոեզիայի խորհրդանիշ քնարին ներդաշնակ հոգի ունեցող եւ այդ քնարին տիրապետող բնատուր կոչյալները. չէ՞ որ ոչ սուտ է եւ ոչ էլ ձեւական, թե՝ «ժողովրդի արգանդը չի չորանում»: Ու երբ առաջին անգամ Հանրային ռադիոյով լսեցի Դավիթ Ասատրյանի տողերը, կասկածի նշույլ անգամ չմնաց, որ լսում եմ իսկական բանաստեղծի»,- նշեց Ռ. Դավոյանը: