Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍՊԱՆԵ՞Լ» ՊԻՆԳՎԻՆ ՎԻՆԻՆ

Հունիս 08,2011 00:00

\"\"Հանրահայտ մուլտֆիլմը՝ ձեւախեղված

Ստեփան Անդրանիկյանին ներկայացնելու հարկ չկա, նա հայտնի է որպես նկարիչ եւ մասնավորապես խաղարկային կինոյի նկարիչ («Նռան գույնը», «Երբ քեզ հետ են ընկերներդ», «Ում է ժպտում կյանքը», «Տժվժիկ» եւ այլն): 60-ականներից Անդրանիկյանը ստեղծագործել է նաեւ մուլտիպլիկացիայում:

Նրա «Պինգվին Վինը» մուլտֆիլմը, որ ստեղծվել է 1972-ին, այսօր էլ սիրելի է երեխաների համար եւ հոգեհարազատ: Արդեն քանի սերունդ վայելում է այդ գեղեցիկ պատմությունը: Չարաճճի, բայց բարի պինգվինի մասին հեքիաթը նաեւ դաստիարակչական նշանակություն ունի երեխաների համար՝ կռվարար չար երեխա լինելը խրախուսելի չէ, ինքնուրույնությունը լավ է, ինքնագլուխ լինելը՝ ոչ, որովհետեւ վերջինիս արդյունքում երեխան կարող է մոլորվել ու հայտնվել իր համար ոչ նպաստավոր միջավայրում: Պինգվին Վինը հայրենասեր է՝ կարոտում է իր հարազատ Պինգվինաշենը եւ պատրաստ է 3000 կիլոմետր ոտքով կտրել՝ տուն հասնելու համար, Վինը հարգում է մեծերին եւ այլն: Մուլտֆիլմի «չամիչը», սակայն, հայտնի երգն է՝ «Ոտքերով խաչեր եմ անում…», ու չկա մի մեծահասակ կամ երեխա, որ այն անգիր չիմանա: Վերջերս հեռուստատեսությամբ լոտոներից մեկի գովազդային հոլովակն է անընդհատ ցուցադրվում, որը հայտնի մուլտֆիլմի ձեւախեղման ու արժեզրկման ցցուն արտահայտությունն է: Գովազդի Պինգվին Վինը երգում է, որ վաղուց ոտքերով խաչեր չի անում. դրա կարիքը չկա, քանի որ լոտոյով շահել է Mitsubishi Lancer ավտոմեքենա: Գովազդային Վինը ծովառյուծի հետ չի զրուցում, հռնդյուն թռչուն չի նստում, ինչպես մուլտֆիլմի հերոսը. նա ավելի ճարպիկ է՝ սահում է դահուկներով, «քցվում» լողավազան, ապա մեքենայի գովքն անելով դուրս նետվում, արեւելյան մարտարվեստի հնարք ցուցադրում սուսերով եւ ասում՝ օս: Եվ ամբողջ հեքիաթի հերն անիծված է: Թերեւս իմաստ չուներ բարձրաճաշակ մուլտֆիլմը պարազիտացնել, կեղծել՝ իբր թե օրիգինալ գովազդային հոլովակ ստանալու համար, առանց այն էլ հեռուստահաղորդումներից ու սերիալներից անճաշակություն ու գռեհկություն է հորդում, եւ դրա լրացուցիչ պաշարի կարիք չկար: Առանց այն էլ այսօր գեղեցիկ մուլտֆիլմերն այնքան քիչ են, իսկ հայրենականը գրեթե չկա, եւ հայ երեխաները դաստիարակվում են սպայդերմենների, վինքսերի ու նարուտոների օրինակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել