Եմենի կառավարությունը պետք է անհապաղ օգտվի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի՝ երկրից բացակայելու հանգամանքից, իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու համար: Reuters-ի մատուցմամբ, այդպիսի հայտարարություն է արել Միացյալ Նահանգները:
Վերլուծաբանների դիտարկմամբ, քանի դեռ Սալեհը գտնվում է սաուդյան մայրաքաղաքի Էր-Ռիյադի հիվանդանոցում, հնարավորություն կա, որ Եմենը կարող է խուսափել քաոսում հայտնվելուց, ինչի հավանականությունը անհանգստացնում է Սաուդյան Արաբիային եւ Ամերիկային: «Մենք իշխանությունը խաղաղ եւ կազմակերպված հանձնելու կոչ ենք անում»,- Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ հավելելով, թե ԱՄՆ վարչակազմի կարծիքով՝ «իշխանության անհապաղ փոփոխությունը երկրում՝ հենց Եմենի ժողովրդի շահերից է բխում»:
Եմենի փոխնախագահ Աբու-Ռաբբու Մանսուր Խադին հաղորդել է, թե Սալեհը կարող է առաջիկա մի քանի օրերին վերադառնալ երկիր, բայց հիմա Սաուդյան Արաբիայի՝ նախկինում չեզոք դիրքորոշումը, այլեւս կարող է վճռորոշ լինել: Այս երկրի իշխանություններն ասում են, թե չեն խոչընդոտի Սալեհի՝ Եմեն վերադառնալու կամ թագավորությունում մնալու ցանկությանը, բայց հավանական է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան կուլիսային ճնշումներ են գործադրում Սաուդյան Արաբիայի վրա՝ որպեսզի Սալեհի գտնվելը այդ երկրում մշտական դառնա: «Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են օգտվել առիթից ու Սալեհի բուժումը վերածել նրա քաղաքական հանգստի»,- նկատել է եմենցի փորձագետ Ֆալեդ Ֆատտահը՝ հավելելով, որ եթե Եմենը սոմալյան ոճով ընկղմվի անարխիայի մեջ, ապա դա «Սաուդյան Արաբիայի ազգային անվտանգության համար մղձավանջ կլինի»:
Ինչ վերաբերում է ամիսներ շարունակ Սալեհի հրաժարականը զանգվածային բողոքի ցույցերի միջոցով պահանջող ընդդիմությանը, ապա ընդդիմադիր կուսակցությունների դաշինքն արդեն հայտարարել է, որ կպաշտպանի իշխանությունը Եմենի փոխվարչապետին փոխանցելու ծրագիրը: