Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐԻ

Հունիս 08,2011 00:00

\"\"Ռուսաստանը ՆԱՏՕ-ից իր համար ցանկալի՝ Եվրոպայում ստեղծվելիք հակահրթիռային պաշտպանության համակարգերը (ՀՊՀ) իր դեմ ուղղված չլինելու վերաբերյալ իրավաբանական երաշխիքներ չի ստանա: Բացի այդ, ալյանսի ղեկավարությունն անհնարին է համարում Ռուսաստանի հետ միասին ՀՊՀ-ի ստեղծման հնարավորությունը: «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում այդպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Նա միայն բանավոր կերպով պնդել է, թե ՆԱՏՕ-ի ծրագրերը Ռուսաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար սպառնալիք լինել չեն կարող, իսկ փոխադարձ անվստահությունը նա որակել է որպես «սառը պատերազմի ժառանգություն»: Ավելին, Ռասմուսսենը վստահեցրել է, թե Ռուսաստանին այդքան մտահոգող ՆԱՏՕ-ի ընդլայնումը իրականում միայն ամրապնդում է ՌԴ-ի սեփական անվտանգությունը: Ալյանսի ղեկավարը նաեւ կարծիք է հայտնել, թե պատրաստ է աջակցել, որպեսզի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վստահության մակարդակը բարձրանա, որպեսզի կողմերի փոխադարձ հարաբերություններն իսկապես գործընկերային բնույթ կրեն, ու նաեւ ընդգծել է, թե շահերի եւ ազդեցությունների ոլորտների կոնցեպցիան հնացած է ու նրա տեղը պատմության աղբանոցն է:

Ռասմուսսենն ասել է, թե Լիսսաբոնի գագաթաժողովում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն արդեն հայտարարել են, որ միմյանց ոչ թե որպես հակառակորդներ կամ խնդիրներ առաջացնողներ են դիտարկում, այլ՝ որպես գործընկերներ, որոնք փորձում են ռազմավարական գործընկերություն կառուցել: «Կարող եմ ձեզ հավաստիացնել, ես բազմաթիվ անգամ եմ դա հայտարարել, որ ՆԱՏՕ-ն երբեք Ռուսաստանի վրա չի հարձակվի, եւ ես վստահ եմ, որ Ռուսաստանը ալյանսին դիտարկում է նույն լույսի ներքո»,- հայտարարել է Ռասմուսսենը:

Նա նաեւ մանրամասնել է, թե ինչու նպատակահարմար չէ ալյանսի եւ Ռուսաստանի՝ հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ձեւավորումը. «Դրա պատճառը շատ պարզ է. ՆԱՏՕ-ն չի կարող ալյանսին չանդամակցող երկրներին փոխանցել կոլեկտիվ պաշտպանության պարտականությունը, որով կապված են ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Իսկ ալյանսի ՀՊՀ տարածքային համակարգը լինելու է հենց այդպիսի կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների մի մասը: Մյուս կողմից, մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանը պատրաստ չէ ինչ-որ մեկին զիջել իր ինքնիշխանությունը»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ շեշտել է, թե ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակից երկրները շահագրգիռ են Ռուսաստանի հետ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմամբ. «Մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի համակարգերի միջեւ սերտ համագործակցության մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել