Պատասխան «Գիտական ֆարս, թատերականացված ներկայացում» վերնագրով բաց նամակին
Դեռեւս 2010թ. փետրվարի 26-ին, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Մելքումյանը եւ հանձնել իր դիմում-բողոքը։ Նախարար Արմեն Աշոտյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ բողոքը թվով երրորդն է եւ դրա վերաբերյալ արդեն առկա են ՀՀ նախագահի աշխատակազմին ուղղված բողոքի պատասխանը (ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Ս. Մինասյանի ստորագրությամբ) եւ ԲՈՀ-ի մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը՝ հանձնարարել է նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին ուսումնասիրել խնդիրը եւ ներկայացնել կարծիք։
Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով՝ նախարարի տեղակալը հանդիպման է հրավիրում դիմումատուին, որից նա հրաժարվում է՝ պատճառաբանելով. «Ձեզ այնքան էլ չեմ վստահում»։ Այնուամենայնիվ, ուսումնասիրվում են տվյալ խնդրի հետ կապված բոլոր փաստաթղթերը եւ 2010թ. մարտի 19-ին պարոն Մելքումյանին պատասխան է ուղարկվում, որում տառացիորեն նշված է.
«Սույն թվականի (2010թ.) փետրվարի 26-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մոտ ընդունելության ժամանակ նախարարին հանձնված Ձեր դիմում-բողոքին ի պատասխան, հայտնում ենք. 1. Իսկապես տարբեր պետական ատյաններ հասցեագրված Ձեր նույնաբովանդակ դիմումներին բազմիցս պատասխանվել է եւ համոզված եմ, որ որպես գիտնական՝ Դուք արդեն պետք է համակերպվեիք Ձեր հարցադրումների սխալ լինելու հետ։ 2. Դուք գործնականում մասնակից եք եղել Է. Եղիազարյանի գիտական կենսագրությանը, այդ թվում նաեւ նրա դոկտորական ատենախոսության պաշտպանության գործընթացին, ունենալով համատեղ գիտական աշխատություններ Է. Եղիազարյանի հետ, մասնակից լինելով նրա դոկտորական ատենախոսության պաշտպանության բուն գործընթացին եւ անգամ ստորագրելով առանձին հավաստող փաստաթղթեր։ Այս պարագայում, գիտական էթիկայի տեսանկյունից ուղղակի անհասկանալի է Ձեր կրկնվող դիմում-բողոքների շարքը եւ ղրանց բովանդակությունը։
3. Գիտական էթիկան պահանջում է նաեւ, որ գիտական անհամաձայնություն ունենալու կամ հայտնի արդյունքները ճշգրտող նոր գիտական արդյունքներ ստանալու դեպքում, անհրաժեշտ է դրանք քննարկել գիտական շրջանակներում հրապարակավ՝ սեմինարների, կոնֆերանսների ընթացքում, հետո նոր միայն գիտավարչական, այլ ոչ պետական վարչական ատյանները հեղեղել դիմում-բողոքներով։
4. Այնուամենայնիվ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Է. Եղիազարյանի դոկտորական ատենախոսության պաշտպանության գործընթացի տարբեր կարգավիճակներով մասնակից (ընդդիմախոսներ, խորհրդի անդամներ, համահեղինակներ, եւ այլն) գիտնականների ցուցակին, Է. Եղիազարյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ նրանց դրական կարծիքներին, հետո նոր միայն կասկածի տակ դնել նրանց ազնվությունը եւ նրանց գիտական կարծիքների ճշմարտացիությունը»։
Հ. Գ.1. Չնայած հանդիպելու իմ հրավերից Դուք հրաժարվեցիք, հայտարարելով, որ «ինձ այնքան էլ չեք վստահում», այնուամենայնիվ, գրությունս դիտեք ինչպես պետական պատասխանատու աշխատակցի, այնպես էլ՝ որպես գործող գիտնականի պատասխան։
Հ. Գ.2. ՀՀ ԿԳՆ 19.03.2010 թ. Լ. Մելքումյանին տված պատասխանն այսօր էլ ամբողջությամբ համապատասխանում է 04.06.2011թ. «Առավոտում» հրապարակած բաց նամակին։ Իսկ թե ինչու է 19.03.2010 թ. պատասխանը 15 ամիս հետո դառնում հրապարակային արձագանքի եւ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանին ուղղված բաց նամակի թեմա, թողնում ենք ընթերցողների դատին եւ պրոֆեսորի խղճին։