Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՇՏ ԹԵՍՏԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԷՔՍՏԵՌՆԻԿՆԵՐ»

Հունիս 08,2011 00:00

\"\"Հայտերի ընդունումը դեռ շարունակվում է

Երեւանում եւ մարզերում շարունակվում են հունիսի 1-ից մեկնարկած ընդունելության քննությունները: Երեկ դիմորդները միասնական պետական քննություն էին հանձնում կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաներից: Կենսաբանությունից քննություն պետք է հանձներ 41 դիմորդ, սակայն ներկա էր 37-ը, աշխարհագրությունից ներկա էին բոլոր 5 դիմորդները, ընդհանուր պատմության երկու դիմորդներն էլ ներկայացել էին քննության:

ԳԹԿ-ն արդեն փակցրել է հայոց լեզու եւ գրականություն, քիմիա եւ ռուսաց լեզու առարկաներից քննություն հանձնողների գնահատականները: Առաջինից միջին միավորը 12.8-ն է եղել, քիմիայից՝ 9.96-ը, իսկ ռուսերենից՝ 10.53-ը: Նվազագույն շեմը չեն կարողացել հաղթահարել համապատասխանաբար 4.9%-ը, 23.2%-ը եւ 21.1%-ը: Ռուսաց լեզվից եւ քիմիայից 17-20 միավոր ստացել էր 3-ական դիմորդ, իսկ հայոց լեզու եւ գրականությունից՝ 509 դիմորդից 31-ին էր հաջողվել բարձր գնահատական ստանալ: Այսօր սկսվել է բողոքարկման գործընթացը:

Ինչ վերաբերում է երեկվա քննությանը, ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանն ասաց, որ ինչպես նախորդ քննական առարկաների, այնպես էլ այս առարկաների թեստերը հեշտ են եւ պատրաստված դիմորդները կկարողանան հաղթահարել նվազագույն շեմը:

Զրուցեցինք նաեւ դիմորդների ու նրանց ծնողների հետ: Քննություն հանձնողները հիմնականում պայքարում էին նվազագույնի շեմը հաղթահարելու համար, այդ դեպքում՝ վստահ էին, որ կընդունվեն բուհ: Ծնողներից մեկն ասաց, որ իր երեխան քոլեջի դասը թողել է, եկել քննության, քանի որ պատրաստվում է ընդունվել Բժշկական համալսարան. «Քիմիայից արդեն 7.5 միավոր ստացել է, եթե կենսաբանությունից էլ նույնքան ստանա, անվճար կընդունվի Բժշկական համալսարան»:

ԳԹԿ տնօրենը հայտնեց, որ այն դիմորդները, որոնք ուշացել են, դեռ բախտները փորձելու հնարավորություն ունեն. «Քանի որ բուհերի ընդունող հանձնաժողովները մեզ տեղեկացրել էին, որ կան 20-25 դիմորդներ, որ ուշացել են այս կամ այն պատճառով, ընդառաջելով նրանց, դիմել ենք կառավարություն՝ ժամկետը երկարաձգելու համար: Այժմ էլ շարունակվում է դիմում-հայտերի ընդունումը: Կաշխատենք այնպես անել, որ դիմորդների համար շահեկան վիճակ լինի»:

«Առավոտը» ԳԹԿ տնօրենից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված բացակաների մեծ թիվը եւ արդյո՞ք նրանք չեն մասնակցի երկրորդ փուլին: «Գուցե ոմանք փաստաթղթերը հանձնել են, հետո փոշմանել: Առաջին փուլում անբավարար ստացածները երկրորդում հնարավորություն չեն ունենա մասնակցել, սակայն եթե անբավարար լինելը հարգելի է, բացառություններ կլինեն: Մինչ այժմ բժշկի թղթեր չեն ներկայացվել, եթե լինեն, կթողնենք, որ երկրորդ փուլում հանձնեն»,- պատասխանեց նա: Հետաքրքրվեցինք նաեւ օրերս հայոց լեզվի միասնական քննությունից դուրս հրավիրված «էքստեռնիկների» մասին: «Անցյալ տարի կային երեխաներ, որոնք անօրինական ճանապարհով ատեստատներ էին ձեռք բերել: Նույն ցուցակն ուժի մեջ էր նաեւ այս տարի: Նախարարությունից մեզ խնդրեցին նույն երեխաներին նորից ստուգել, պարզվեց, որ 6 երեխա կա, որ այս տարի էլ է դիմել: Զանգել եմ բոլոր դիմորդների տներ եւ ասել, որ իրենց չի թույլատրվում մասնակցել քննությանը, բոլորը համաձայնեցին, որ չի կարելի: Ասացի՝ եթե կարծում եք, որ անարդարացի ենք, գնացեք նախարարություն, պարզեք…»,- հայտնեց ԳԹԿ տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել