Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒ «ՕԳՈՍՏՈՍԻ 5 ՕՐԵՐԸ»

Հունիս 08,2011 00:00

azatutyun.am-ի փոխանցմամբ, երկուշաբթի օրը Լոնդոնում կայացել է «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմի եվրոպական պրեմիերան, իսկ դրանից առաջ կարմիր գորգերը փռվել էին Թբիլիսիում «Ռուսթավելի» կինոթատրոնի առջեւ, ուր հոլիվուդյան հայտնի աստղերի՝ Էնդի Գարսիայի, Շերոն Սթոունի, Ջոնաթան Շեկի եւ այլոց մասնակցությամբ կայացել էր ֆիլմի առաջին ցուցադրությունը: «Օգոստոսի 5 օրերը» ֆիլմը հայացք է 2008 թվականի ռուս – վրացական պատերազմին՝ ամերիկացի լրագրողի աչքերով, ով այդ օրերին հայտնվում է իրադարձությունների կենտրոնում: Այն, սակայն, արտացոլում է պատերազմի վերաբերյալ վրացական տեսակետը, որ պատերազմը հրահրվել է հարավօսական զինված խմբավորումների կողմից, վրացական իշխանությունները ստիպված են եղել պատասխանել վրացական գյուղերի ռմբահարումներին, իսկ Ռուսաստանը օգտվել է առիթից, միջամտել եւ գրավել Վրաստանի տարածքի 20 տոկոսը: Ֆինն ռեժիսոր Ռենի Հարլինը, ով Հոլիվուդում հայտնի է մարտաֆիլմերով եւ սարսափ ֆիլմերով, նկարահանումները սկսել էր երկու տարի առաջ: Գլխավոր դերերում են հայտնի դերասաններ Ռուփերթ Ֆրենդը, Բել Քիլմերը, իսկ Էնդի Գարսիան մարմնավորել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

Վրացական իշխանությունները ռեժիսորին տրամադրել են անհրաժեշտ ռազմական տեխնիկան՝ տանկեր, ուղղաթիռներ, ֆիլմի մի քանի դրվագների համար նույնիսկ Վրաստանի նախագահը Էնդի Գարսիային է զիջել իր նախագահական կաբինետը՝ Հավլաբարի նստավայրում, ուր նկարահանվել է օգոստոսի 7-ին տեղի ունեցած որոշիչ ժողովի տեսարանը: Ժամանելով Վրաստան՝ ֆիլմի պրեմիերային, դերասան Էնդի Գարսիան օդանավից իջնելուց հետո համբուրել է անձրեւից թաց ասֆալտն ու ասել, որ Վրաստանը իր երկրորդ հայրենիքն է համարում: Ավելի ուշ՝ ասուլիսի ժամանակ Գարսիան ասել է. «Ինձ համար շատ զգացմունքային օր է, քանի որ երկու տարի առաջ ես եկա եւ վստահ չէի, թե ինչ պատմություն եմ պատմելու, սակայն ես հանդիպեցի լրագրողներին, պատերազմի փախստականներին, քաղաքական գործիչներին, շարքային մարդկանց, եւ ես պարզապես ուզում էի իմանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»: Մի խումբ ընդդիմադիրներ բողոքի ակցիա էին կազմակերպել ֆիլմի դեմ՝ «Ասենք ո՛չ՝ էժանագին քարոզչությանը» պաստառներով եւ հակակառավարական կոչերով, սակայն ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան, որի մասնակիցների մի մասը ձերբակալվել է խուլիգանության եւ իրավապահներին չենթարկվելու համար: Մասնավորապես, ձերբակալվածների թվում էին ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իրակլի Բատիաշվիլիի կինն ու դուստրը, որոնց դատարանը տուգանել է 400 լարիով (մոտ 240 դոլար):

Բացի այդ, ձերբակալվել է Պահպանողական կուսակցության ղեկավար Լաշա Չխարտիշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել