Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ

Հունիս 08,2011 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

\"\"ԵՍ թոշակառու կին եմ, 83 տարեկան: Աշխատանքային ողջ ներուժս ներդրել եմ եւ խորհրդային, եւ նորանկախ Հայաստանի բարգավաճման համար: Ընտանիքս միշտ աչքի է ընկել իր բարոյական եւ ազնվասեր վարքով: Կրթել եւ դաստիարակել եմ բարոյապաշտ, հայրենասեր եւ ազնվապաշտ երեխաների: Որդիս՝ Արմեն Նիկողոսյանը, ստացել է երկու բարձրագույն կրթություն՝ իրավունքի եւ տնտեսագիտության գծով: Բավական երկար ժամանակ, մինչեւ 2008թ., աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում (շուրջ 25 տարվա ստաժ)՝ զբաղեցնելով միշտ պատասխանատու եւ բարձրագույն պաշտոններ: Նա միշտ հայտնի է եղել հանցավորության դեմ իր աննկուն պայքարով, երբեք չի հանդուրժել որեւէ թերություն այդ ճանապարհին: Որդիս անմասն չմնաց նաեւ արցախյան պատերազմից՝ մասնակցելով ՀՀ պետական սահմանների պաշտպանությանը՝ 1992-1993թթ.-ներին: Գերազանց ծառայության համար պարգեւատրվել է մի շարք մեդալներով ու շքանշաններով:

Ավաղ… դժվար է պատկերացնել, սակայն այսօր որդիս՝ Ա. Նիկողոսյանը, գտնվում է ամբաստանյալի աթոռին, իր ողջ անմեղության պայմաններում: Որդուս մեղադրում են ինչ-որ արարքների մեջ, որոնցից նա ոչ տեղյակ է, ոչ էլ թեկուզ մի աննշույլ մասնակցություն է ունեցել: Խոսքը բավական մեծ հնչեղություն ունեցող՝ Ա. Ավետիսյանի տան նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մասին է: Գիտեք, երեւի թե ինձանից ավելի ոչ ոք որդուս լավ չճանաչի: Փաստորեն, որդուս մեղադրում են մի արարքի մեջ, որը նա իբր կատարել է նյութական շահ ստանալու համար: Քավ լիցի. դա ոչ միայն սուտ մեղադրանք է, այլ նաեւ արհեստական:

Բավականին մեծ ուշադրությամբ հետեւել եմ դատաքննության ողջ ընթացքին եւ պարզ է դառնում, որ որդիս ինչ-որ ուժերի վրեժխնդրության ճիրանում է: Հայտնի մարտիմեկյան դեպքերի արդյունքում ձերբակալվեց նաեւ որդիս, դատապարտվեց ազատազրկման, որոշ ժամանակ անց ազատ արձակվեց: Սակայն, չգիտես ինչու, հետապնդումները չդադարեցին: 2008թ. հոկտեմբերի 27-ին Ա. Ավետիսյանի տան նկատմամբ կատարվեց ավազակային հարձակում: Ինչպես հայտնի է՝ գործը քննում էր ԱԱԾ-ի քննչական վարչությունը: Մեր ընտանիքի կեղծ բարեկամ Ա. Սողոմոնյանի շնորհիվ՝ որդուս նկատմամբ քննչական մարմինների թելադրանքով հյուսվեց մի հեքիաթ, որը ներկայումս ամեն գնով, արդարադատության միջոցով ցանկանում են դարձնել իրականություն: Երբ գործը սկսվեց, որդիս մեղադրվում էր Քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներով. սպանության փորձ, ավազակային հարձակում, հանցավոր համագործակցություն, ապօրինի զենք եւ այլն: Գիտեք՝ ամեն ինչ հասկանալի կլիներ, երբ այս բոլոր մեղադրանքների հիմքում ընկած լիներ որեւէ ապացույց կամ գոնե ինչ-որ հուշող տարր, որ նա որեւէ առնչություն է ունեցել այդ արարքների հետ: Ժողովրդական հայտնի ասացվածքը միշտ տեղին է լինում՝ «փոս փորողը ինքն է ընկնում փոսի մեջ»: Ա. Սողոմոնյանը ամեն կերպ փորձելով խուսափել պատասխանատվությունից, պատրաստ է ցանկացած քայլի, պատրաստ է տալու ցանկացած ցուցմունք: Սկզբնական շրջանում ձերբակալվել են Ա. Սողոմոնյանը ու նրա որդիները: Հանկարծ նրա որդիներից մեկին ազատ են արձակում: Հետո դատարանում պարզվեց, թե ինչ է կատարվել: Փաստորեն, որպեսզի որդուս դեմ ցուցմունք տան, որպեսզի անմեղ որդուս ներքաշեն կեղտոտ եւ զզվելի խաղի մեջ, Ա. Սողոմոնյանը տվեց կեղծ, սուտ ցուցմունք, որի արդյունքում Ա. Սողոմոնյանի մի որդին ազատ արձակվեց եւ իմ որդու նկատմամբ այդ կեղծ ցուցմունքով մեղադրանք առաջադրվեց: Սարսափելին այն է, որ այդ սուտ ցուցմունքները, երբ որ նրանք տրվել են, որեւէ կերպ չեն համաձայնեցվել նախաքննության ընթացքում ցուցմունք տված այլ մեղադրյալների ցուցմունքների հետ: Կարելի է ասել, որ ով ինչ ցուցմունք ցանկացել՝ տվել է, միայն թե որդուս անունը ինչ-որ կերպ գրվեր: Սակայն դատարանում պարզվեց, որ ոչ որդիս է մեղադրյալներին ճանաչում եւ ոչ էլ մեղադրյալները՝ որդուս: Դե արդեն ամեն ինչ պարզ էր: Որդուցս՝ Արմենից ինչ-որ մութ ու անհասկանալի ուժեր ցանկանում են վրեժ լուծել: Սակայն, բացի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյաններից, մնացած 7 մեղադրյալները ազնիվ գտնվեցին եւ դատարանում անկեղծությամբ նշեցին, որ Արմեն Նիկողոսյանին ոչ ճանաչում են եւ ոչ էլ որեւէ անգամ նրան տեսել են: Արմենի անունը նրանք տվել են քննիչների ճնշման տակ: Պատկերացրեք՝ նույն բովանդակությամբ ցուցմունքներ դատարանում տվեցին Ա. եւ Բ. Սողոմոնյանները, սակայն հետո նորից փոխեցին՝ երեւի քննիչների հետ ինչ-որ համաձայնության գալու արդյունքում: Նաեւ պատկերացրեք, որ այդ նույն անձինք նախաքննությունից մինչ դատաքննության վերջը, ինչպես փաստաբաններն էին նշում, 10-12 անգամ ցուցմունք են տվել եւ այդ 10-12 ցուցմունքներն էլ բովանդակային առումով միմյանցից տարբեր են: Եվ այդ ամենի արդյունքում, որը պարզապես ապշեցուցիչ էր, որդուս դատարանը դատապարտեց երկար ժամկետով ազատազրկման՝ իսպառ ոչնչացնելով արդար դատավարության փոքրիկ հույսը մեր երկրում: Պետք չէ լինել իրավաբան ու հասկանալ, թե ինչ է կատարվում, ամեն ինչ այնքան պարզ է, որ հասարակ տրամաբանությունը հուշում է, թե ինչ «սարքել» են «սարքում» դատական ատյանները՝ շարունակելով քննիչների ու դատախազների կեղծարարությունը: Ամոթալի է մի քանի փաստերի խեղաթյուրումը, որոնց մասին գոնե ես գիտեմ: Ա. եւ Բ. Սողոմոնյանները ցուցմունքներ են տվել այն մասին, որ իբր այդ դեպք կոչեցյալի օրը որդիս գտնվելիս է եղել դեպքի վայրին մոտ տեղերում, որը այդպես էլ չպարզվեց, թե որտեղ է, իսկ նախորդ օրը իբր հանդիպել է Ա. եւ Բ. Սողոմոնյաններին: Այնինչ՝ իրականությունը այն է, որ որդիս ամբողջ օրը գտնվելիս է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Կեղծարարությունը հասավ նրան, որ իբր որդիս մարտական զենք ու գծագիր է տվել մեղադրյալներին: Սակայն, ինչպես պարզվում է, ոչ մի մարտական զենք նախ չի եղել ոչ մի մեղադրյալի մոտ եւ հետո որդիս նույնիսկ խաղալիք զենք չի հանձնել նրանց, էլ ուր մնաց Ա. Ավետիսյանի տան գծագիրը: Այնինչ, Ա. Նիկողոսյանը երբեք չի շփվել ու չի ճանաչել Արմեն Ավետիսյանին:

Պատկերացրեք՝ դատավճռով հայտարարվեց զենքի մասով որդուս անմեղությունը, սակայն ավազակային հարձակման մասով ոչինչ չփոխվեց. դատարանը կայացրեց դաժան դատավճիռ: Լավ, դատում եք մարդուն, բայց չէ՞ որ ինչ-որ բան անելու համար են դատում, ինչպե՞ս կարելի է մարդուն դատել ոչ մի բան չանելու համար: Սուտը իր գագաթնակետին հասավ, երբ որդուս վրա սպանության փորձի մեղադրանք էին դրել, իբր որդիս ցանկացել է սպանել իր անմիջական ղեկավարին: Իհարկե, սա լկտիություն է, լկտիություն բառիս բուն իմաստով: Եվ լկտիությունը այն աստիճանի ցնդաբանություն էր, որ իբր այս սպանությունը կանխել է Ա. Սողոմոնյանը, քանի որ ճանաչել է անձամբ որդուս ղեկավարին, ոստիկանապետ Ա. Կարապետյանին, հարգելով նրան, կանխել է այդ վտանգավոր արարքը: Պատկերացրեք՝ Ա. Կարապետյանը դատարանում հայտնեց, որ մեղադրյալներից ճանաչում է որդուս, դա բնական է, իսկ բարերար Ա. Սողոմոնյանին չճանաչեց:

Հարգելի ընթերցող:

Խորը հիասթափված եմ անօրինականություններից, որոնք կատարվում են մեր երկրում: Այսօր մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչինչ չարած մարդուն կարող են դատապարտել ծանր հոդվածներով, ինչպես անում են որդուս հետ, մի մարդու հետ, որն իր ողջ կյանքը ներդրել է այս երկրի զարգացման գործին: Ես դեմ չեմ: Արմեն Ավետիսյանի տան նկատմամբ տեղի է ունեցել ավազակային հարձակում, սակայն արդյո՞ք դրանում առկա է որդուս մեղքը, արդյո՞ք այդ արարքում առկա է, նորից եմ ասում, որդուս նույնիսկ անուղղակի՝ ինչ-որ կերպ աջակցությունը: Եթե կլինի ինչ-որ մեկը, որ նման փաստ կբերի, ապա ես ինքս կպահանջեմ դատարանից խիստ վարվել որդուս նկատմամբ: Լավ, ինչպես կարելի է այսքան իրար հակասող ապացույցներ կոչված ցուցմունքների պայմաններում մարդ մեղադրել: Ինչպես կարող է դատարանը պարզապես խաղալ մարդու ճակատագրի հետ՝ թելելով քննիչների ու դատախազների թելը:

Ես կոչով եմ դիմում նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահին:

Մեծարգո պարոն նախագահ.

Մեր ընտանիքը միշտ համակրել է Ձեզ, Ձեր գործունեության ողջ ժամանակահատվածում, սկսած Ձեր ՀՀ պաշտպանության նախարար լինելու պահից: Որդիս միշտ գոհունակությամբ է խոսել ձեր ՆԳ եւ ԱԱ նախարար աշխատելու ժամանակվա որակից: Մենք մեծ հույս ունենք, որ դատական համակարգը կբարելավվի մանավանդ Ձեր վերջին քայլերից հետո, երբ այդ համակարգի նկատմամբ սկսեցիք առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

Իմացած եղեք, որ այդ նույն դատական համակարգը ցանկանում է «սրի» քաշել անմեղ մարդու, իմացած եղեք, որ ԱԱԾ քննչական վարչությունը դաժան, բիրտ եւ անօրինական մեթոդների կիրառմամբ որդուս նկատմամբ անօրինական եւ անհիմն մեղադրանք է առաջադրել: Թե որպես ծնող, թե որպես թոշակառու եւ թե որպես ՀՀ քաղաքացի՝ խնդրում եմ որդուս գործով դատավարությունը վերցնեք Ձեր հսկողության տակ, հակառակ դեպքում ոչ դատախազները եւ ոչ էլ դատավորները ի զորու չեն ինչ-որ մութ եւ անհայտ մարդկանց պատվերների կատարումից հրաժարվել: Այդ մարդիկ, նաեւ քննիչներն ու դատախազները, չունեն ոչ մարդկային հոգի եւ ոչ էլ մարդկային խիղճ: Նրանց համար սովորական է մարդկային ճակատագրեր կործանելը, նրանք սովոր են դրան: Նրանք այդ ամենը անում են օրը մի քանի անգամ:

Ես թախանձագին խնդրում եմ Ձեզ, օգնեք մեզ մի շատ պարզ հարցում, ընդամենը որդուս՝ Ա. Նիկողոսյանի նկատմամբ արդար վերաբերվելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել