Հունիսի 3-ին տեղեկացրել ենք, որ Արփա գետի Եղեգիս վտակի հեղեղումներից մայիսի 31-ին Վայոց ձորի մարզի Շատին-Գողթանիկ ավտոճանապարհի 0,9 կմ հատվածում տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով դադարել է երթեւեկությունը դեպի Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղեր: Ըստ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի, գետի ափով անցնող ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ մի հատված 30 մետր ներքեւ է իջել՝ դեպի գետը:
Երեկ դեպքի վայրում է եղել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Վայոց ձորի մարզպետի, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության նախարարությունների, ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների հետ հարցը քննարկելուց հետո որոշվել է սեղմ ժամկետներում ներկայացնել վթարի վերացման հնարավոր տարբերակները եւ անհրաժեշտ գումարի չափը:
Հիշեցնենք, որ, բացի ճանապարհից, վարարումների հետեւանքով Վայքում մոտ 15 հեկտար տարածք ողողվել է ջրով, իսկ Եղեգնաձորի ոռոգման ինքնահոս համակարգի ջրատարի մոտ 200 մետրանոց հատված վնասվել է: