Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարած՝ հետ բերած պարարտանյութ

Հունիս 08,2011 00:00

\"\"Սյունիքի մարզպետարանը գարնանացանի համար պարարտանյութ ձեռք բերելու նպատակով որոշել է բնակիչներին օգնել. Սյունիքի գյուղացիներին 500 տոննա պարարտանյութ է հարկավոր, եւ մարզպետարանը խոստացել է պարարտանյութի ամեն պարկի դիմաց վճարվելիք գումարից 1900 դրամը ինքը վճարել:

Բնակիչներն էլ դեռեւս մարտ-ապրիլին մեկ պարկ պարարտանյութի համար 5000-ական դրամ են հավաքել եւ փոխանցել համայնքապետարաններին: Գարնանացանի դաշտերն արդեն կանաչել են, իսկ որոշ համայնքներում խոստացված պարարտանյութը՝ չկա ու չկա: Այս մասին «Առավոտին» իրենց դժգոհությունը հայտնեցին Սիսիանի մի խումբ բնակիչներ: Երբ սիսիանցիները դիմել են քաղաքապետարան, նրանց պատասխանել են, թե պարարտանյութ չկա, դիմեք մարզպետարան: Բնակիչներն էլ ստիպված ետ են վերցրել շուրջ երկու ամիս քաղաքապետարանում «քնած» գումարները, եւ պարարտանյութը գնել շուկայից՝ մեկ պարկը 7000-7300 դրամով: Սիսիանցիները չեն բացառում, որ այս ընթացքում իրենց գումարները շրջանառվել են տարբեր նպատակներով: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության նորանշանակ պետ Սամվել Թանգյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ բոլոր համայնքների ղեկավարները «Սյունիք- Զանգեզուր» հիմնադրամից արդեն ստացել են գյուղացուն օգնելու համար նախատեսված 1900 դրամները: Ըստ գյուղվարչության պետի, եթե մարդիկ դեռ չեն ձեռք բերել պարարտանյութ, պետք է դիմեն քաղաքապետարան կամ գյուղապետարան, վերցնեն եւ իրենց գումարը, եւ 1900 դրամները ու գնան շուկայից գնեն: Սիսիանում, սակայն, պատկան մարմինները որոշ բնակիչների 1900 դրամները չեն փոխանցել: Մի մասին էլ խաբել են, օրինակ՝ 10 պարկի դիմաց նախատեսված 19 000 դրամի փոխարեն 2000 դրամ են տվել:

Հարցին, թե ինչո՞ւ են բնակիչներից գումար հավաքել, եթե նորից պետք է վերադարձնեին ու գյուղացուն շուկայի ճանապարհը ցույց տային, պարոն Թանգյանն արձագանքեց. «Հատուկ վիզ դրված չի, որ Սյունիքի գյուղվարչության պետն ինքը պետք ա Պարսկաստանից կամ Վրաստանից պարարտանյութ ներկրի, էսօր ներկրողներ կան Վրաստանից, Պարսկաստանից, բերում են շուկա՝ 7000, 7100 դրամով վաճառում: Սիսիան քաղաքի համար մարզպետարանի կողմից 12 տոննա պարարտանյութ է հատկացվել՝ որպես օգնություն: Գումարը գյուղբաժնի պետի մոտ է, ուզում ա պարարտանյութը առնի տա ժողովրդին, ուզում ա գումարը բաժանի ժողովրդին: Դա պետք է կազմակերպի քաղաքապետարանի գյուղբաժինը: Օրինակ, մնացած համայնքներում՝ Խնձորեսկում, Խնածախում արդեն գնել են: Հենց հիմա Սիսիանում վաճառվում է, թող քաղաքապետարանի գյուղբաժինը կազմակերպի, գնա էդ 12 տոննա պարարտանյութը առնի, բաժանի ամենքին: Համայնքում թող իրա քաղաքացուն պատասխանի, ասի՝ հարգելի քաղաքացի, 12 տոննայի համար մարզպետարանը մեզ օգնել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել