Հարազատներից մոռացված մայր ու աղջիկ ապրում են հիվանդանոցի մեկ սենյակում
«Եղել եմ ծնողազուրկ, ապրել եմ Գավառի մանկատանը, որտեղ եւ դպրոցն ավարտելուց հետո 5 տարի աշխատել եմ դայակ: Ամուսնացել եմ, որից հետո ճակատագրի բերումով կրկին հայտնվել եմ իմ հայրենի Կապան քաղաքում, սակայն հերթական անգամ բախտը չարամտորեն ծիծաղեց ինձ վրա». այսպես սկսեց իր կյանքի ոչ լուսավոր պատմությունը Սուսաննա Հովհաննիսյանը, ով 7 տարի շարունակ առանց սեփական տան ու տանիքի է մնացել եւ իր փոքր աղջկան լույս աշխարհ բերելուց հետո ապրում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում:
Սուսաննա Հովհաննիսյանը ժամանակին ամուսնացել է նույն՝ Գավառի մանկատան սաներից մեկի հետ եւ ամուսնու հետ տեղափոխվել Կապանի գյուղերից մեկը՝ աշխատելու եւ իրենց գոյությունը պահպանելու համար: Ապրել են գյուղացիներից մեկի ընտանիքում, աշխատել նրանց համար ու փոխարենը ստացել սնվելու եւ տան վարձ չվճարելու հնարավորություն: Համատեղ կյանքից ամուսնական այս զույգը ունեցել է մեկ աղջիկ՝ Գայանեին, որն այժմ 9 տարեկան է եւ Կապանի խնամքի կենտրոնում է գիշերում: Սուսաննան պարբերաբար այցելում եւ տեսնում է աղջկան, բայց ամուսնու հետ կապ չունի: Երբ պիտի ծնվեր նրանց 2-րդ երեխան, Սուսաննային 2 ամսական հղի վիճակում տնից դուրս հանեցին՝ չցանկանալով 2-րդ երեխայի լույս աշխարհ գալը: «Էդ տան տերերն ասացին՝ էստեղ որբանոց չի, ամուսինս էլ սկսեց կասկածել իբրեւ իրենից չեմ հղի, ասաց՝ գնա երեխայից ազատվի: Ես էլ համաձայնվեցի էդ քայլին, մենակ աղջկաս կողքին լինեմ: Եկա հիվանդանոց, բայց էստեղ հրաժարվեցին, ասացին՝ գումար բեր ընդհատենք հղիությունը, ես էլ գումար չունեի, մի քանի անգամ եկա-գնացի, բայց ապարդյուն… Շարունակեցի երեխան կրծքիս տակ կրել, մեծ աղջկաս չտվեցին, իսկ ինձ տնից հանեցին ու ընկա փողոցները: Գիշերում էի նստարանների վրա՝ հղի վիճակում, փաստաթղթերս կորցրի այդ ընթացքում: Ոստիկանների ուղեկցությամբ հայտնվեցի հոգեբուժարանում՝ մինչեւ երեխայի լույս աշխարհ գալը: 2004 թ. մարտի 5-ին ծնվեց 2-րդ աղջիկս, ոչ մի տեղ չունեինք գնալու, ծննդատնից դուրս գրվելուց հետո հիվանդանոցի ղեկավարությունը մեզ մանկական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում տեղավորեց՝ մինչեւ ապաստան գտնենք», – պատմում է Սուսաննան:
Սակայն առայսօր Սուսաննան տանիք չունի: Արդեն 7 տարի փոքրիկ Ալվինայի հետ մանկական բաժանմունքում են ապրում, բուժանձնակազմի հոգածությամբ ու ուշադրությամբ շարունակում է մեծանալ աղջիկը: Ինչպես հիվանդանոցի աշխատողներն են ասում՝ բոլորի «աչքի լույսն» է Ալչկան: Միասին հաց են ուտում, միասին հիգիենայով զբաղվում, միասին նրա ծննդյան տարեդարձը նշում: Սուսաննայի ասելով, ներկա դրությամբ, իրենց միակ հարազատն ու ընտանիքը մանկական բաժանմունքի անձնակազմն է: Սուսաննան Կապանում հարազատներ ունի՝ քույր, եղբայր, նրանք նույնիսկ գիտեն իրենց քրոջ տեղը, բայց երբեք, նույնիսկ փողոցներում հայտնված օրերին, տիրություն չեն արել, ոչ մի օգնություն չեն ցուցաբերել:
Սուսաննան Գավառի մանկատանն է հայտնվել երկու ամսականում: 5 երեխա են, 3-ը՝ ընտանիքի սոցիալական պայմաններից դրդված, մանկատներում են մեծացել: Հիմա մի տեսակ օտարացել են իրար, կապ չունեն: Սուսաննային այժմ առավել շատ մտահոգում է իր դստեր ճակատագիրը, որը մեծանում է առանց սեփական տանիքի ու անկյան:
Կացարան ունենալու համար տարբեր ատյանների է դիմել Սուսաննան. Կապանի նախկին եւ ներկա քաղաքապետերին, ՀՕՄ-ին: Մի քանի անգամ նույնիսկ մայրաքաղաք է հասել, սակայն՝ ապարդյուն… միայն խոստումներ է լսել ու վերջ: Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը խոստացել էր մեկսենյականոց բնակարան տրամադրել, բայց փոքրիկ այս ընտանիքի ոգեւորությունը շատ կարճ է տեւել: Մի քանի օր շարունակ իրերը հավաքած ու պատրաստ սպասելուց հետո պարզվել է, որ խոստացած կացարանի հարցը չի լուծվում: ՀՕՄ-ից հույսն էլ հօդս ցնդեց, անվերջ սպասումները, զանգերն ու այցելություններն այդպես էլ դրական արդյունք չտվեցին:
Այսօր Սուսաննան եւ նրա յոթնամյա աղջնակը շարունակում են ապրել Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում: Սուսաննան այստեղ սանիտարուհի է աշխատում, իսկ Ալչկան սովորում է Կապանի թիվ 5 հիմնական դպրոցում, գիշերում խնամքի կենտրոնում, քրոջ՝ Գայանեի հետ, հանգստյան օրերին մոր մոտ է գիշերելու գալիս:
«Մանկական բաժանմունքում են ապրում մայր ու աղջիկ: Մեր միջոցներով, հիվանդների աջակցությամբ կարողացել ենք հնարավորինս օգնել ու հնարավորություններ ստեղծել նրանց համար: Տարիներ շարունակ օրվա ուտելիքից իրենց էլ ենք բաժին հանել, միասին ճաշել, հավասար օգտվել ամեն հարցում, աշխատողների ու հիվանդների երեխաների լավ պահպանված հագուստներով ապահովել, որպես հարազատ ընդունել: 3 տարի է Սուսաննային մեզ մոտ աշխատանքի ենք վերցրել, նա մեծ սիրով ու պատրաստակամորեն կատարում է իր աշխատանքը: Մենք նրանց ամեն հարցում աջակցել ենք, մեզ մոտ պահել հարազատի պես, բայց այստեղ մեծանում է շատ խելացի ու ընդունակ մի աղջիկ, ով իր գլխին ծածկ չունի: Նրանց համար սեփական տանիք ունենալը շատ կարեւոր է: Բազմիցս ենք բարձրաձայնել, շատ-շատ անգամ գրավոր դիմել, հնարավոր ամեն տեղ այս հարցի մասին տեղեկացրել: Արդեն հոգնել ենք հետաքրքրվելուց, որովհետեւ միայն խոստումներ են, որոնք օդում են մնում», – նշում է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Լարիսա Ջհանգիրյանը: Ինչպես բժշկուհին է ասում, առաջիկայում այս ընտանիքին մնալու տեղ հատկացնելու հարցում լուրջ խնդրի են բախվելու: Սփյուռքահայ բարերարի միջոցներով հիմնանորոգվում է մանկական բաժանմունքը: Նորոգումից հետո միայն 2-րդ հարկն է տրամադրվելու մանկական բաժանմունքին, որտեղ հիվանդասենյակները շատ քիչ են լինելու ու Սուսաննային ու աղջկան այստեղ տեղավորելն արդեն դժվար կլինի: Նույնիսկ մտածում են քաղաքում էժան վարձով մեկ սենյականոց բնակարան գտնելու մասին, որտեղ ժամանակավոր կապաստանեն անօթեւան մնացած մայր ու աղջիկ, մինչեւ կգտնվի մի բարերար, ով ձեռք կմեկնի նրանց: «Այժմ չգիտեմ, թե ինչ է լինելու իմ եւ աղջկաս ճակատագիրը, խնդրում ենք բոլոր բարի մարդկանց, հնարավորության դեպքում, օգնեն մեզ, որ մեր սեփական մի փոքրիկ տանիքը ունենանք մեր գլխավերեւում», – վերջին հույսով Սուսաննան դիմում է Հայաստանում եւ սփյուռքում ապրող բոլոր բարերարներին:
Մինչ մայրը նոր տանիք է փնտրում, Ալչկան անկեղծանում է, որ մանկական բաժանմունքից այլ տեղ տեղափոխվել չի ուզում, իրեն այստեղ լավ է զգում, բուժանձնակազմին շատ է կապվել: Նույնիսկ արդեն ապագա մասնագիտության հարցում է որոշում կայացրել. մանկական բժշկուհի է դառնալու: