Մայիսի 13-ին առողջապահության նախարարության Ավանի հոգեբուժարան տեղափոխվեց Դավիթ Թադեւոսյանը: Այդ մասին «Առավոտը» տեղեկացրել է մայիսի 17-ին՝ «Հիմա էլ Ավանի հոգեբուժարանում է» հրապարակմամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Առավոտի» հունվարի 26-ի «Հոգեկան հիվանդ դարձած» հրապարակում-հաղորդումից հետո փետրվարի 9-ին քրեական գործ հարուցվեց պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում:
Դավիթը Շենգավիթի զինկոմիսարիատից 2007թ. մայիսի 16-ին զորակոչվել է բանակ, եւ 2 տարի «ծառայելուց» հետո վերադարձել: Նա եղել է հոգեկան հիվանդ: Նրան բանակ չպիտի զորակոչեին, բայց անսիրտ չինովնիկները ոչ միայն զորակոչել են, այլեւ մինչ օրս նրանցից որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Ավանի հոգեբուժարանում Դավիթը մնաց մայիսի 13-30-ը: Երեկ այցելել եմ նրան:
22-ամյա Դավիթը շարունակ քրքջում է, վախենում է դուռը բացելուց, անընդհատ ննջասենյակում է: Երբ մայրն ասաց, որ ուզում է բակ տանի, նա սկսեց անհանգիստ շարժումներ անել, ասելով, թե չի ուզում՝ «իրեն կսպանեն»: Զինվորական աննորմալ ծառայության ժամանակ տեսածը խառնվել է նրա հիվանդ վիճակին: Ըստ Ավանի հոգեբուժարանի հիվանդության պատմության (վերջին). «Դավիթը կրկնակի հիվանդ է: 3,5 տարեկանում ստացել է գլխի տրավմա: Հետագայում ետ է մնացել իր հասակակիցներից: Սովորել է թույլ… 8-րդ դասարանից ինքնակամ հեռացել է: 18 տարեկանում Նուբարաշենում ենթարկվել է զինվորական փորձաքննության եւ ազատվել է զինվորական ծառայությունից»: Այսքանից հետո ՊՆ քննչական ծառայությունը կաշկանդված է. մարդը ազատվել է բանակից ու տարվել բանակ: Ո՞վ է ուղարկել, ո՞վ է պարտակել այս հանցագործությունը, ո՞ւմ փոխարեն է ծառայել հիվանդ երեխան, ո՞ւմ պատճառով է հիվանդությունը խորացել: Հոգեբուժարանը կրկին հավելում է. «Խոսելիս հուզվում, լաց էր լինում: Ասում էր, մեր հարեւան Էդոն ուզում է ինձ վերացնել… ծառերի հետեւում պախկված ինձ են սպասում»: Մեր շփման ժամանակ էլ Դավիթը նույնն էր ասում: Ագրեսիվ վիճակը զսպելու համար մայրը դիմել էր նաեւ իրավապաշտպան «Ընդդեմ իրավական կամայականություն» կազմակերպության մասնագետներին, որոնք բուժօգնության եւ դեղահաբերի հարցով օգնել են նրանց: Քանի որ գործը ՊՆ քննչական ծառայությունում 4 ամիս լռվել է եւ քրեական գործ է հարուցվել իմ հաղորդման հիման վրա, փաստի առթիվ, իսկ մեղադրյալ մինչ օրս ներգրավված չէ, ուստի գտնում եմ, որ այս գործի վարույթը պետք է տեղափոխվի ՀՀ հատուկ քննչական ծառայության: Գուցե այնտեղ ինչ-որ մեկը պատասխանի, թե զորակոչից ազատված հոգեկան հիվանդն ինչպե՞ս է հայտնվել մեր փառապանծ բանակում: