«Բոգոն» շուտով շատ «բոգատի» կդառնա
Պատգամավորի հացատունը եւ շինարարական աղբը:
Պատի հետեւում հյուրանոցն է:
Գիտական կենտրոնի շենքը:
Օրեր առաջ «Առավոտն» ահազանգ էր ստացել, որ Իսակովի 3 հասցեում գտնվող պատմամշակութային հնավայրը (3950 քմ տարածք, որը պարսպապատված է քարով), ուր ներկայումս գործում է «Խաղողապտղագինեգործական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, տարածքային ոտնձգությունների թիրախ է դարձել: Ըստ ՀՀ ազգային արխիվի տեղեկանքի՝ տարածքը հանդիսանում է Հայաստանի հնագույն օջախներից մեկը՝ «Սարդարի այգին» եւ նույն տնտեսության մեջ գտնվող «Աֆրիկյանի տունը»: Այդ տարածքում է գտնվում նաեւ քարափոր մառան-գինեդարանը, որը յուրօրինակ շինություն է, որտեղ պահպանվում են տարբեր հնության ու տեսակի շուրջ 27 000 շիշ կոլեկցիոն գինիներ, սկսած նախորդ դարի 27 թվականից: Մառանը դասվում է աշխարհահռչակ գինեդարանների շարքին:
Մառանում տեղադրված են նաեւ հնէաբանական պեղումներով հայտնաբերված եզակի նմուշներ՝ համտեսի թասեր, ձագարներ, գինու կարասներ…
ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆ.Հարությունյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարին, որպեսզի ժամանակի տեսարժան վայրերից մեկը հանդիսացող հնավայրը մտցվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում:
Սակայն ՊՈԱԿ-ի տարածքից 255քմ-ն հայտնվել է ինչ-որ մեկի «պարսպի ետեւում»:
Երեկ լուսանկարչական ապարատս տեսնելով՝ ինձ մոտեցած հնաբնակ նորագյուղցիները ակնարկում էին 90-ականներին Գերմանիայում դրամաշորթության համար մեղադրվող եւ Ինտերպոլով հետախուզման մեջ գտնվող «Բոգո» մականունով Ռուբեն Սիմոնյանի (ով հետագայում անձնագրային ազգանունը փոխել, դարձրել է Կոստանյան)՝ նշված տարածքում եւ տարածքից դուրս ակտիվ շինարարություն սկսելը:
Երեւանի Նորագյուղ թաղում մեկը մյուսի ետեւից օբյեկտներ են «ծլում»՝ առանց օրենքով նախատեսված նախագծային նորմերի ու համապատասխան ցուցանակների: Մասնավորապես, Իսակովի պողոտայում գտնվող ավտոկայանի մոտ բազմաթիվ քարաշեն ու ապակեպատ օբյեկտները պատկանում են հենց նրան: Օրինակ, հենց կանգառի մոտ, բենզալցակայանի հարեւանությամբ գտնվող ագրոքիմիկատների վաճառքի խանութը, հացի փուռը, որը կառուցված է անմիջապես ջրատարի վրա, եւ որը շարունակվում է փակվել նոր կառուցվող ինչ-որ օբյեկտով: Այսինքն, եթե ջրատարի հունը մաքրելու խնդիր առաջանա, այն մաքրելն ուղղակի անհնար կլինի. արտակարգ իրավիճակների վարչությունը կամ չի տեսել, կամ չի ցանկանում տեսնել այդ լուրջ խախտումը:
Երեկ ահազանգի հետ կապված հանդիպեցինք «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆիրդուսի Հարությունյանի հետ:
Մեր խնդրանքով նա մեզ տրամադրեց հնավայրի՝ անշարժ գույքի օգտագործման սեփականության իրավունքի գրանցման վկայականը, կադաստրային գործը, նաեւ ՀՀ գյուղատնտեսության, մշակույթի նախարարներին, ինչպես նաեւ Կենտրոնի համայնքապետին ուղղված գիտկենտրոնի պաշտոնական նամակները, տեղեկանքները: Իսկապես, հնավայրի «հաշվին» դրսում, պարսպի ներսում շինարարական աղբ կար, որը չնայած քաղաքապետի խոստմանը, թե այն կմաքրվի «Կռունկ» ՍՊԸ-ի միջոցով, չէր մաքրվել: Սակայն շինարարության, շինարարական աղբի հետ գիտական կենտրոնը կապ չուներ, ինչը թերթին ահազանգողները վերագրել էին նրանց:
Ըստ պաշտոնական պատասխանի, հնավայրից խլված հողատարածքներից մեկը պատկանում է Ռոման Մուրադյանին: Թե ինչ արժանիքների համար է արգելոց-հնավայրից տարածք տրվել, հայտնի չէ:
Լուսանկարման պահին մենք կանգնած էինք գինեդարանի «տանիքին», որը ցանկացած պահի կարող է փլուզվել՝ կուտակված շինարարական աղբի ծանրության պատճառով: Տարածքը չնայած ունի պահակ, սակայն գիտկենտրոնի երկաթյա սեւ դուռը բացում են տարածքը նվաճած, ըստ նորագյուղցիների, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (մականունը չի փոխվել) «Հացատան» աշխատակիցները:
Հնավայրի պարսպի ետեւում մեկ այլ շինություն էլ կա. դատելով վրան տեղադրված ցուցանակից, կարծես ծառայում է որպես «հյուրանոց»: Հենց ավտոկայանի տարածքում մի քանի ապակեպատ կրպակներ ու քարաշեն ինչ-որ կառույցներ էլ կան: Դրանցից մեկն էլ դեռ զավթված վիճակում, արդեն գլխավերեւում «ապտեկա» անունով ցուցանակ ունի: Խոսակցություններ են շրջանառվում, որ «Բոգոն» Նորագյուղի խեղճուկրակ բնակիչ Արմենի կառուցած տունն էլ է ծեծելով ձեռքից խլել. այն պարզապես անօրինական է եղել, «Բոգոն» էլ այն «իրենով է արել» ու օրինականացրել: Այդ օրվանից էլ, մոտ մեկ տարի է, որ Արմենը լքել է Հայաստանը՝ մեկնելով ԱՄՆ:
Թե ինչպես է լինում, որ մեկին ամեն ինչ հաջողվում է, մյուսին՝ ոչինչ, դեռ գոնե իրավական տեսանկյունից հասկանալի չէ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով Երեւանի քաղաքապետի 2009թ. ընտրություններին՝ ընտրատեղամասերում լրագրողների նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքերին, ասուլիսներից մեկի ժամանակ հիշատակեց նաեւ «Բոգոյի» անունը: Ըստ կազմակերպության ղեկավարի՝ «Առավոտ» օրաթերթի իմ գործընկեր Նելլի Գրիգորյանը տեսել է, թե ինչպես է Դանիել Վարուժանի անվան դպրոցում տեղակայված 7/25 ընտրատեղամասում նորագյուղցի «Բոգո» մականունով մի երիտասարդ սպառնում ՀԱԿ-ի վստահված անձին: Լրագրողը ֆոտոխցիկը ձեռքին մտել է տեղամաս եւ փորձել նկարել: Ըստ մամուլի հաղորդագրության՝ այդ ժամանակ նորագյուղցի «Բոգոն» թողել է վստահված անձին, բռնել լրագրողի հագուստից, քաշքշել նրան, խլել ֆոտոխցիկն ու փախել անհայտ ուղղությամբ: Երբ լրագրողը հայտարարել է, որ խոչընդոտել են իր աշխատանքին, տեղամասում եղած մի խումբ տղաներ վազել են «Բոգոյի» ուղղությամբ: Տղաները քիչ անց բերել են ֆոտոխցիկը, սակայն առանց հիշողության չիպի («Ժամանակ»):
«Բոգոյի» անվանը հանդիպում ենք նաեւ քաղաքապետի ընտրություններից հետո՝ հուլիսին: Թերթերից մեկի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 23-ին, ժամը 16-ից 17-ի սահմաններում Էրեբունի համայնքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ 30 կողմնակիցներ Ալեքսանյանի մերձավորներից «Բոգոյի» հետ Էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել են իրենց մեքենաներից, եւ խմբից 2 հոգի կրակ է բացել «Սամբիստ» մականունով Կարեն Բագրատունյանի վրա, ով ընդամենը 1.5 ամիս առաջ է ազատվել բանտից («ՀԺ»): Այս տարվա մարտի 19-ին էլ «Բոգոն» աննկատ չմնաց. Երեւանի «Charlotte» ռեստորանում Կարեն Խաչատրյանը, որը աշխատում է Հարկային ծառայությունում, հարբած վիճակում ընկերների հետ հայհոյանքներով վայելել է շաբաթ երեկոն, ինչը դուր չի եկել կողքի սեղանին նստած «Բոգոյին»: Վերջինս զգուշացրել է, որ Կարեն Խաչատրյանը դադարեցնի հայհոյանքը, ինչին Կ. Խաչատրյանը չի համաձայնել, պատասխանել է եւ բառավեճը վերածվել է ծեծկռտուքի՝ «Բոգոյի» եւ Խաչատրյանի միջեւ: Մի քանի «մուշտի» էլ գործին խառնված ոստիկաններն են ստացել («Առաջին լրատվական»):
«Բոգոն» արդեն Կոստանյան անձնագրով փորձել է թռչել ՌԴ մայրաքաղաք՝ Մոսկվա, սակայն 2 անգամ էլ ձերբակալել ու շուտով բաց են թողել: Նա նաեւ 2010թ. փորձել է Մեղրիով հատել Հայաստան-Իրան սահմանը, սակայն կրկին չի հաջողվել. բռնել ու նորից բաց են թողել: Եվ հիմա ազատության մեջ ազատ շինարարություն է անում, որ «բոգատի» դառնա: