Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ բացօթյա առեւտուրն արգելելու որոշումից հետո Երեւանում արդեն չկան «փողոցային» առեւտրականներ, սակայն դրան զուգահեռ՝ ավելացել են սայլակներով ապրանք ման տվող առեւտրականները: Նրանք ոչ թե փողոցում կանգնած են առեւտուր անում, այլ ուղղակի սայլակով քայլում են փողոցներով եւ բարձրաձայն տեղեկացնում, թե ինչ են վաճառում: Նման առեւտրականներ կան ոչ միայն Երեւանի տարբեր բակային տարածքներում, այլ նաեւ մայրաքաղաքի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, «Ռոսիա» հագուստի տոնավաճառի հարեւանությամբ, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայում:
Պարզվում է, որ այս ձեւով բացօթյա առեւտուր անողների դեմ Երեւանի քաղաքապետարանը նույնպես պայքարում է եւ այդ առեւտուրն էլ է համարվում անօրինական: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին քաղաքապետարանի լրատվական վարչությունից՝ ավելացնելով, որ անկախ նրանից, թե սայլակով են անում իրենց առեւտուրը, թե առանց սայլակի, բացօթյա առեւտուրը մնում է ապօրինի. «Ուստի՝ այս առեւտրականների դեմ պայքարում ենք նույն կերպ, ինչպես որ սայլակով չշրջող առեւտրականների: Նրանք բոլորն էլ իրականացնում են բացօթյա եւ անօրինական առեւտուր»:
Նշենք, սակայն, որ սայլակներով շրջող առեւտրականներն արդարանում են, որ դա իրենց ապրուստի միակ միջոցն է, իրենց ընտանիքները գոյատեւում են օրական վաստակած գումարով: