Այդ պատճառներով էլ գավառցի կանայք աշխատում են ձմռանը երեխա չպլանավորել
Գավառի բնակիչները, որոնք միշտ էլ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ ու բարությամբ, լրագրողների խմբին ընդունեցին իմիջիայլոց եւ նույնիսկ հրաժարվեցին մեզ հետ խոսել իրենց խնդիրների մասին. «Ինչո՞ւ եք եկել, միեւնույն է, ոչինչ էլ չի փոխվելու»,-հիասթափված ասում էին որոշ գավառցիներ, երբ հարցուփորձ էինք անում իրենց ապրուստից ու խնդիրներից: Գեղարքունիքի մարզի խնդիրներին ծանոթանալու նպատակով մի խումբ լրագրողներ, «People in need» կազմակերպության նախաձեռնությամբ, այցելել էին մարզ եւ շրջակա գյուղեր: Մատնացույց անելով Գավառի քարուքանդ ճանապարհները՝ բնակիչներն ասացին, որ դրանք վտանգավոր են դառնում հատկապես ձմռանը: Գավառցիները այս առնչությամբ նույնիսկ հումորներ են անում՝ մեր երեխաները ծնվում են ճանապարհներին. «Ձմռան ամիսներին էլ կանայք զգուշանում են երեխա ունենալ»: Տաքսու վարորդ Ստեփանի խոսքերով, չնայած նրան, որ երիտասարդ քաղաքապետ ունեն, բայց երբեւէ չեն կարողանում նրա հետ հանդիպել: Մեկ այլ քաղաքացու՝ Մետաքսյայի ներկայացմամբ էլ. «Գավառում այժմ մնացել են տարեցները, երիտասարդները գերադասում են կամ Երեւան տեղափոխվել, կամ Ռուսաստան: Երեկոյան հինգից հետո Գավառի փողոցներում, կարելի է ասել, մարդ չկա, բայց դա ոչ թե տեղի ժողովրդի ավանդապահությամբ է պայմանավորված, այլ զվարճանքի վայրերի բացակայությամբ: Ախր գոնե աշխատատեղ լիներ: Օրինակ՝ ես աշխատանքի եմ գնում, շատերն են պատուհաններից նախանձով նայում ինձ»: Գանձակ գյուղի երիտասարդները մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրենց ժամանցը ստիպված են լինում կազմակերպել ինտերնետ ակումբներում՝ ժամանակ «մեռցնելով», գյուղում աշխատանք չկա: Ըստ նրանց, կա՛մ պետք է կարտոֆիլ մշակեն, կա՛մ էլ անասնապահությամբ զբաղվեն: Իսկ դրանցից ոչ մի շահույթ գրեթե չկա: Գանձակի գյուղապետի խոսքերով. «Գյուղը հոգեվարք է ապրում, արյամբ վերադարձված հողն անտեր է մնացել, համայնքի վարչական տարածքի վարելահողերի 70 տոկոսը անմշակ է, այսօր արդեն մեծ վտանգ է այն փաստը, որ մարդկանց հավատն է կորել, բոլորը հույսը դրել են արտագնա աշխատանքի վրա: Դա իսկական աղետ է, որովհետեւ այժմ ամուսնական տարիքի տղամարդիկ դրսում են, այսինքն՝ մենք մեր գենոֆոնդն ենք կորցնում, սա պետական լուրջ խնդիր է»: Պատկերն ամբողջական դարձրեց Գանձակի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Աշխեն Սարգսյանի ներկայացրած փաստը. 5 տարի առաջ դպրոցն ուներ մոտ 375 աշակերտ, իսկ այժմ մնացել է 220-ը: Գավառցի Հարություն պապն էլ եկել էր այն համոզման, որ պետությանն առանձնապես չեն անհանգստացնում վերը թվարկված աղետալի հետեւանքներ ունեցող խնդիրները, հակառակ դեպքում գյուղացուն նեցուկ կանգնելու եւ այդկերպ գոնե երկրի սահմանները պահելու լուրջ ռազմավարություն կմշակեին: