Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ԱԶԳԻ ԳԵՆՈՖՈՆԴԻ ՄԱՍԻ՜Ն ԷԻՔ ՄՏԱԾՈՒՄ

Հունիս 08,2011 00:00

\"\"Հայ երեխաների մեծ մասը կեցվածքի շեղումներ ունի

«Երբ մեր երեխաների համար շալվար են առնում, ուղիղ կեսը տակից կտրում են, որովհետեւ նրանց իրանը երկար է, ոտքերը՝ կարճ, մինչդեռ պետք է հակառակը լիներ: Ընդամենը 4-5 տարեկան երեխաներն արդեն ունեն մեջքի կիֆոզներ, տարբեր տեսակի սկոլիոզներ, ծուռվզություն: Դրանք լուրջ խնդիրներ են, որոնք հաճախ անտեսվում են ծնողների կողմից ու արդյունքում՝ սերունդն է փչանում». այս մասին «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել «Առողջ մանուկ» համահայկական հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ մեր երկրի 1-10 տարեկան երեխաների գերակշիռ մեծամասնությունն ունի հարթաթաթություն, հենաշարժողական կեցվածքային շեղումներ, պարանոցի ծռվածություն, լորդոսներ (սա այն դեպքն է, երբ երեխան ունենում է ցցված փոր, փոս ընկած մեջք՝ հետ ընկած հետույքով): Մեր երեխաների առողջությունն ու գեղեցկությունը դեռ կարելի է փրկել, եթե այդ հարցում լինի պետական մոտեցում եւ աջակցություն: Սակայն խնդիրն այն է, որ դեռեւս 2002-ին, երբ Հայաստանում ներդրվեց մարզաառողջարանական շտկողական հեղինակային ծրագիրը, ի սկզբանե նախատեսված էր, որ այն պետք է լինի համահայկական: Դրան իրենց հավանությունն էին տվել թե՛ քաղաքապետարանը, թե՛ ԿԳ եւ առողջապահության նախարարությունները: Ըստ այդ ծրագրի, մանկապարտեզների եւ տարրական դասարանների երեխաները կարող էին դպրոցի դասերի եւ մանկապարտեզի ժամերի հաշվին մարզվել, տարբեր սարքավորումների եւ մերսումների միջոցով իրենց կեցվածքն ուղղել՝ համապատասխան մասնագետների օգնությամբ: Սակայն այսօր ծրագիրը գործում է ընդամենը 4-5 մանկապարտեզում: Պարզվում է՝ պատճառն այն է, որ շատ մանկապարտեզների տնօրեններ, իրենց շահից ելնելով՝ թույլ չեն տալիս, որ այդ այլընտրանքային ծրագիրը ներդրվի իրենց մանկապարտեզում՝ ասելով, որ արդեն ունեն ֆիզդաստիարակության դասեր: Իրականում, թեեւ ամեն խմբի համար ֆիզդաստիարակություն ասվածին 0.25 դրույք է հատկացվում, տնօրենները երեխաների մարմնամարզության հարցը դնում են նորից դաստիարակի ուսերին, իսկ հատկացված դրույքը մտցնում իրենց գրպանը: Արդեն պարզ է, թե դաստիարակը ինչ կարգի ֆիզդաստիարակություն կարող է անել. մեկ, երկու, երեք, չորս են անում, երեխաներին մի 10 անգամ կքանստել են տալիս, մի քիչ գլուխը աջուձախ շարժել ու՝ վերջ: Քաղաքապետարանի հատկացրած դրույքը իր նպատակին չի ծառայում, արդյունքում ունենում ենք «օ-աձեւ» կամ «իքսաձեւ»՝ ծուռ ոտքերով աղջիկներ ու տղաներ, հարթաթաթ երեխաներ:

«Առողջ մանուկ» հ/կ նախագահը, որը նաեւ Բժշկական եւ Մանկավարժական համալսարաններում է դասավանդում, վստահեցնում է, որ հայ մանուկները խիստ սակավաշարժ են, առանց այդ էլ համակարգչային այս ժամանակաշրջանում շատ դժվար է երեխաներին ստիպել, որ շարժվեն ու աշխատեցնեն մկանները, ուստի նրանց ճիշտ կեցվածքն ու առողջությունն ապահովելու համար պետք է մասնագիտական լուրջ միջամտություն. «Ըստ ընդունված չափորոշիչների, 3-7 տարեկան երեխան պետք է մանկապարտեզում անցկացրած 9 ժամվա ընթացքում 13-20 հազար շարժում անի, մինչդեռ շատ քիչ երեխաներ կան, որ անում են այդքան շարժում: Իսկ դա չափելը շատ հեշտ է, մենք առավոտյան, երբ երեխան մտնում է մանկապարտեզ, հատուկ սարքով չափում ենք նրա շարժումների քանակը եւ նույնը անում ենք մանկապարտեզից դուրս գալուց առաջ: Ծրագրի շրջանակներում մենք վերապատրաստում ենք կադրերին եւ նրանք յուրաքանչյուր երեխայի անհատական մոտեցում են ցուցաբերում, շուրջ 68 պարամետրերով երեխան տարեսկզբին ստուգվում է, նա ունենում է հատուկ քարտ, որտեղ նշված է, թե ինչ խնդիրներ ունի: Ի վերջո, ծրագիրը միայն խնդիրներ ունեցող երեխաների համար չէ, այն կոփում ու մարզում է երեխաներին»:

Արամ Սարգսյանը նաեւ այդ թեմայով գիտական աշխատանքների հեղինակ է: Նա վստահեցնում է որ ցանկացած պետություն, որը ազգային գենոֆոնդի համար գոնե մի փոքր մտահոգված լիներ, կխնդրեր նման ծրագիր, իսկ մեր երկիրը ամեն ծրագրի համար ժամանակ չունի:

Նշենք, որ այն մանկապարտեզներում, որտեղ ներդրվել է այս մարզաառողջարանական ծրագիրը, ծնողները ամսական վճարում են 2000-ական դրամ. «Մենք կոմերցիոն կազմակերպություն չենք եւ բիզնես չենք անում, ծնողները եւ պետությունը կարող են հետեւել, թե ինչ է արվում այդ գումարը եւ ուր է գնում: Անդամավճարներից հավաքված գումարը 100 տոկոսով ծրագրի իրականացմանն է ուղղվում, մարզասարքեր ենք գնում, մարզիչների ենք վերապատրաստում, նրանց աշխատավարձ ենք տալիս եւ այլն: Մենք պարզապես սրտացավ ենք եւ մեր մանուկների առողջության մասին ենք մտածում, որովհետեւ տեսնում ենք, որ մեկի հասակը քաշին չի համապատասխանում, մյուսի ողնաշարն է թեք, մեր ազգն է կործանվում»:

Այս առնչությամբ քաղաքապետարանից խոստացան «Առավոտին» պատասխանել, թե ի՞նչն է պատճառը, որ համահայկական այդ ծրագիրը ոչ բոլոր մանկապարտեզների համար է գործում եւ բացի դրույք տալուց՝ ի՞նչ է արվում երեխաների մարմնամարզությունն ապահովելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել