Ինչպես տեղեկանում ենք առողջապահության նախարարությունից՝ 2011 թվականի հունիսի 3-ին Նուբարաշեն ավանի 11 փողոցի խմելու ջրի օգտագործումից հետո բնակիչների մոտ նկատված աղեստամոքսային խանգարումները դիզենտերիայի արդյունք են: Համաձայն հաղորդագրության՝ աղեստամոքսային խանգարումներով անձանցից կատարվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, անջատվել է դիզենտերիայի հարուցիչ՝ S. flexneri 3a, էնտերովիրուս: Ըստ նույն աղբյուրի՝ հունիսի 3-7-ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել աղիքային խանգարումներով 60 հիվանդ՝ միջին եւ թեթեւ ծանրության, որոնցից 23-ը դուրս են գրվել լավացումով, մյուս հիվանդները ունեն լավացման դրական դինամիկա: