Շիրակի մարզի պատմության մեջ չի եղել նախադեպ, որ նոր կարտոֆիլը շուկայում վաճառվեր 1000, 800, այնուհետ 600 դրամով. այս պահին 1 կգ-ն արժե 360-370 դրամ, սակայն նշենք, որ անձրեւոտ օրերին, օրինակ՝ ուրբաթ ու շաբաթ, դարձյալ վաճառվել է 600 դրամով: Ի՞նչն է պատճառը նման անակնկալ թանկացման. այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Շիրակի մարզի կարտոֆիլ արտադրող ամենամեծ համայնքի՝ Ազատանի գյուղացիներից: Նշենք, որ այս համայնքի շնորհիվ կարտոֆիլը միշտ առատ է եղել Շիրակի մարզում, ընդհուպ այն աստիճան, որ պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ հայոց բանակին կարտոֆիլ էր հասցնում այս գյուղից: Նկատենք, որ գյուղը ապահովված է հակակարկտային կայաններով, այսինքն՝ կարկտահարության արտառոց դեպքեր չեն գրանցվել, որից կտուժեր բերքը, ավելին՝ գյուղի հողերը որեւէ օլիգարխի չեն պատկանում, որը գին կթելադրեր ու արհեստական թանկացման կմղեր: Ազատանցիներն այս հարցում մեղադրում են ընդամենը մեկ պաշտոնյայի՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: «Հիշո՞ւմ եք, դեռեւս 2 տարի առաջ մեր համայնքի ղեկավարը՝ Վարդան Իկիլիկյանը, մարզխորհրդի նիստի ժամանակ փոխվարչապետին խնդրեց սպառման շուկա գտնել կարտոֆիլի համար, տեղեկացրեց, որ կարտոֆիլն այնքան շատ է, որ գյուղացիները ջրի գնով են վաճառում, եկամուտ չեն ստանում, կեսն էլ պահեստներում փտում է, փոխվարչապետն էլ ծանր ու մեծ խորհուրդ տվեց՝ «շատ է՝ դուք էլ մի ցանեք»: Մենք էլ չենք ցանում, հիմի ինչի՞ց են դժգոհ: Նման խորհուրդ տալուց առաջ չէ՞ր մտածում, որ դա ազգաբնակչության ջանից է դուրս գալու: Եթե նախանցած տարի բարի լինեին մտածել սպառողական շուկայի կարգավորման մասին, հիմի էլ գները նման աստղաբաշխական թվերի չէին հասնի, բանակն էլ էսօր նորմալ կարտոֆիլ կունենար. մեզ տեղեկություններ են հասնում, որ զինվորներին ճաշ են եփում առանց կարտոֆիլի»,- ասացին մեր զրուցակիցները: Ըստ նրանց, դեֆիցիտը չի լրացնում նույնիսկ արտասահմանից՝ Թուրքիայից ու Պարսկաստանից Հայաստան ներկրված կարտոֆիլը, որը թանկ է ու անորակ: Իսկ ազատանցիների աչքը վախեցած է, հետեւաբար եւ նրանք կրճատել են իրենց ցանքատարածությունները, շատերն էլ, պարտքերի մեջ ընկնելով, անմշակ ու անտեր են թողել իրենց հողերը ու խոպան գնացել:
«Նախանցած տարի՝ 2009թ.-ին, եղան մարդիկ, որոնք իրենց ապրանքը թափեցին, անասուններին տվեցին, բայց մեծ փողեր էին ծախսել, չէ՞: Մյուս տարիներին ստիպած էլ չցանեցին, գնացին խոպան՝ նախորդ պարտքերը մարելու: Գիտեք ի՞նչ, եթե էս երկրում կառավարությունը դեմքով շուռ գար դեպի գյուղացին, դա իրական լիներ, ոչ թե ամպագոռգոռ հայտարարություն, կմտածեին կարտոֆիլ պահեստավորելու մասին, դեֆիցիտի դեմ կպայքարեին: Արմավիրի մարզում ցանքատարածությունները քիչ են, կարտոֆիլը օգոստոսի կեսերին արագ սպառվում է, ստիպված Շիրակի մարզից դաշտերի կարտոֆիլն են քանդում-տանում։ Եթե Արմավիրում ավելացնեին ցանքատարածությունները, Շիրակի մարզի ու Գեղարքունիքի կարտոֆիլն էլ պահեստավորման նպատակով օգտագործեին, չէ՞ր լինի»,- զայրանում են ազատանցիները: Գյուղացիների թվարկելով, այսօր կարտոֆիլ ցանելն իսկապես ռիսկային է՝ պարարտանյութն է թանկացել, վառելանյութը, քիմիկատներն ու դեղերն են ահռելի գների հասել, Հոլանդիայից ներկրվող սերմերի գներն են ավելացել, այնպես որ՝ առաջիկա 2 տարիներին կարտոֆիլի դեֆիցիտ է նկատվելու Հայաստանում:
«Առավոտը» Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեց, թե կարտոֆիլի ինչքան ցանքատարածություն է կրճատվել Ազատանում: Նշենք, որ ազատանցիներն այնքան հմուտ են այս բերքատեսակը արտադրելու հարցում, որ երբեմն վարձակալում են նաեւ Ախուրյանի ու Արեւիկի հողերը: Գյուղապետի տեղեկացնելով, գյուղի 1500 հեկտար հողատարածությունից այսօր 600 հեկտարն է ցանվել, այսինքն՝ կեսից ավելի կրճատվել է ցանքատարածությունը: «Եթե Ազատանում էս տարի հող չեն մշակել, դա շատ մտահոգող փաստ է, լուրջ խնդիր է»,- նախազգուշացնում է Վարդան Իկիլիկյանը՝ իհարկե ի նկատի ունենալով այն, որ սա անչափ բերրի տարածք է, եւ նման բան Ազատանի պատմության մեջ երբեւէ չի եղել: Գյուղապետը հաստատեց գյուղացիների այն խոսքերը, որ այս տարի բավականին մեծ թիվ են կազմել գյուղից խոպան գնացողները: «Միգուցե շուկան կարգավորվի եկող տարվանից, ասեմ, որ նույն արտադրողները պատրաստ են կարտոֆիլ ցանել, միայն թե գյուղացուն պետական լուրջ օգնություն է պետք: Օրինակ՝ Գյումրու օդանավակայանի տարածքում բանջարաբոստանային ապրանքների իրացման մեծածախ շուկա են ստեղծում, մեծ սառնարաններ են տեղադրում ապրանքը մթերելու ու արտահանելու համար: Իհարկե, ես չգիտեմ՝ դա ում մենաշնորհն է կամ մենաշնորհ է, թե ոչ, բայց եթե ինչ-որ մեկի մենաշնորհը եղավ, ապա գյուղացիներն ավելի են տուժելու: Բնական է, որ այդ դեպքում գյուղացիներին թույլ չեն տալու իրենց արտադրանքը արտահանել, ամեն կերպ խոչընդոտելու են, փոխարենը՝ ժողովրդից էժան գներով իրենք են գնելու ու թանկ գնով վաճառելու են: Իսկ եթե այդ շուկան գործի բիզնեսի նորմալ կանոններով, ապա գյուղացուն իրոք օգուտ տված կլինեն. գյուղատնտեսության զարգացման մասին անհրաժեշտ է լրջորեն մտածել»,- ասում է Ազատանի գյուղապետը: