Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՈՎ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՈՒՄԸ

Հունիս 08,2011 00:00

Համոզված է Հրանտ Բագրատյանը

\"\"«Նաիրիտ» գործարանի ակտիվ գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ է 400-500 միլիոն դոլարի ներդրում»,- օրեր առաջ հայտարարեց Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Արդյունաբերական հսկային «վերակենդանացնելու» ցանկությամբ Հայաստանը հերթական վարկը ստանալու համար դիմել է «ԵվրԱզԷՍ»՝ ներկայացնելով քիմիայի ու էներգետիկայի ոլորտից երկու ծրագիր: Չնայած ԱՊՀ միջպետական բանկին ունեցած $90 միլիոն պարտքին, «Նաիրիտում» չեն անհանգստանում նոր պարտքի ձեռք բերման հարցում: «Հաշվարկել ենք մեր բոլոր քայլերը ու հաշվի ենք առնում մեր ունեցած նախկին պարտքն ու ձեռնարկության ներկայիս դրությունը»,- «Առավոտին» վստահեցրին գործարանի լրատվական ծառայությունից՝ միաժամանակ հիշեցնելով, որ վաղ է խոսել «ԵվրԱզԷՍ»-ի վարկից, քանի դեռ այն չի տրամադրվել. «Դեռ քննարկվում են վարկի չափը, պայմաններն ու ուղղությունը»:

«ԵվրԱզԷՍ»-ից վարկ վերցնելու Հայաստանի քայլը տնտեսագետ Հրանտ Բագրատյանը բացատրում է գործարանից բացակայող գույքն ու ակտիվները լրացնելու մտադրությամբ. «Իրականում գործարանի գույքը մաս առ մաս ծախեցին, փոշիացրին, ցաքուցրիվ արեցին: Դա վերաբերում է ինչպես «Նաիրիտի» այսօրվա տնօրինությանը, այնպես էլ կառավարությանը, որը գործարանի մասերը տարավ Չինաստան՝ վաճառելու: Պակասուրդը, այդ թվում եւ գողացված գույքը, դարձնում են պետական պարտք: Ներկայումս Հայաստանում այդպես է. կամ իշխանությունն են փողի վերածում, կամ փողը՝ իշխանության»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը վստահեցնում էր՝ իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե «Նաիրիտի» սարքավորումները մոնտաժվում կամ վաճառվում են: «Գործարանում գոյություն ունեն 4 սերնդի սարքավորումներ ու շինություններ, մի քանի անպիտան, արդեն հնացած սարքավորումներ պարզապես հեռացվում են»,- ասել էր նախարարը՝ ընդգծելով «Նաիրիտի» կառավարման օպերատորի փոփոխության անհրաժեշտությունը, ինչը պարոն Բագրատյանին ծիծաղելի է թվում. «Նաիրիտի» կառավարող օպերատորին ոչ թե փոխել, այլ դատել է պետք: Ճիշտ է՝ գնդակահարության հոդված չկա, բայց պետք է նստեցնեն այնտեղ, որտեղից մարդիկ էլ չեն վերադառնում»: Տնտեսագետի խոսքով՝ «ԵվրԱզԷՍ»-ի տրամադրած վարկը ավելի է խորացնելու Հայաստանի տնտեսության ճգնաժամը. «Պաշտոնական տվյալներով, հունիսի մեկի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 3700 միլիոն դոլար: Բայց իրականում ոչ ոք չգիտի, թե ինչքան է Հայաստանի պարտքը: Չէ՞ որ բացի արտաքին պարտքից՝ սկսել են երաշխիքներ էլ տալ, ի դեպ, դա արվում է միայն ներկայիս կառավարության օրոք»: Մինչդեռ պարոն Բագրատյանը կարծում է, որ արտաքին պարտքի մեջ պետք է մտցնել ե՛ւ երաշխիքները, ե՛ւ բանկերում ռիսկի ենթարկված պետական հիմնարկների դեպոզիտները: Հ. Բագրատյանին զարմացնում է այն, որ կառավարությունից բացի՝ մեծ ինտենսիվությամբ նաեւ Կենտրոնական բանկն է սկսել արտաքին պարտք վերցնել. «Պարտքեր կան, որոնց մասին ինֆորմացված չենք: Ոչ ոք չգիտի, թե ինչքան երաշխիք են տվել: Արտաքին պարտք-արտահանում հարաբերությունը կազմում է մեկին հինգ, այսինքն՝ համաշխարհային ռեկորդներից մեկն է: Երկիրը խայտառակ վիճակում է: Եթե «Նաիրիտի» այս պարտքը չլիներ, 2013 թվականից սկսած՝ տարեկան արտաքին պարտքի սպասարկմանն ու մարմանը ուղղելու էինք 380 միլիոն դոլար, ինչը գերազանցում է այն գումարները, որոնք պետբյուջեից ծախսվելու են բանակի համար: «ԵվրԱզԷՍ»-ից այս չորս հարյուր միլիոնը վերցնելով՝ այդ թիվն էլ ավելի կմեծանա։ Ստեղծում ենք կատաստրոֆա: Ունենք պետություն, որը բյուջե չունի, այն գնալով նվազում է, որովհետեւ բյուջեի աճի տեմպերը զգալիորեն զիջում են ինֆլյացիայի տեմպերին: Երկրում խայտառակ վիճակ է ստեղծվել, արդեն արտաքին պարտք են վերցնում, որ «արդարացնեն» պետական ակտիվների փոշիացումը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել