ՀԱԿ-իշխանություն նախաերկխոսությունը զվարճալի է
«Մեզ համար առնվազն տարօրինակ էր այն շտապողականությունը, որը ցուցաբերեց ՀԱԿ-ը՝ իշխանության հետ երկխոսության համար պատվիրակություններ եւ այլ բաներ կազմելու առումով, եւ վերջում, փաստորեն, պարզվեց, որ իշխանությունն առանձնապես տոգորված չէ հակաքայլերի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերջին ներքաղաքական իրադարձությունների առիթով իր կարծիքը բարձրաձայնեց Հնչակյան կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը: Ընդհանրապես, մեր զրուցակիցը նորմալ է համարում զարգացումների նման ընթացքը, քանի որ գտնում է, որ նման գործելաոճը հարազատ է նաեւ ՀԱԿ-ին: Նա հիշեցնում է այն բազմաթիվ դեպքերը, երբ «ՀԱԿ-ն իր քարոզչամիջոցներով միշտ փորձում էր պարսավել, պիտակավորել եւ անհարմար վիճակում դնել բոլոր այն քաղաքական կառույցներին, որոնք այս կամ այն կերպ կակազում էին իշխանությունների հետ որեւիցե, չասեմ՝ համաձայնության գալու, գոնե որոշակի առումներով իրար լսելու, անգամ տարրական, մարդկային հարաբերություններ ունենալու համար»: Հիշեցնենք, որ ժամանակին ՍԴՀԿ անդամների մի մասը՝ Կեդրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի գլխավորությամբ, լյուդմիլասարգսյանական ՍԴՀԿ-ականների եւ ՀԱԿ-ի կողմից մեղադրվեցին Կոնգրեսին դավաճանելու եւ իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը նկատում է. «ՀԱԿ-ի պահանջատիրությունը ժամանակի ընթացքում կորցրեց իր ռազմաշունչ հռետորիկան եւ հանգեց շատ ավելի կենցաղային խնդիրների, ինչի արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Աստված տա, որ այս գործընթացները միայն դրականորեն անդրադառնան երկրի, հասարակության ընդհանուր եւ կայուն զարգացման վրա, եւ հասարակությունը կարողանա հաղթահարել հետընտրական զարգացումների առիթով առաջացած լարվածությունը»:
Յուրաքանչյուր երկխոսություն, որը նպատակաուղղված է եւ կարող է բերել Հայաստանի ներքաղաքական կյանքում լարվածության թոթափման, մթնոլորտի առողջացման, Հնչակյանների համար ընդունելի եւ ողջունելի է: Իսկ եթե այս ամենը դիտարկվում է պարտադրանքի տեսանկյունից, այսինքն՝ ուժերը շարունակելու են միմյանց նկատմամբ ունենալ լրջագույն անվստահություն, բայց դրսի ինչ-որ ճնշումների արդյունքում գնալու են այդ գործընթացին, ինչը իր հերթին հետագայում կարող է բերել ինչ-որ աշխարհաքաղաքական գործընթացների՝ կապված մեր արտաքին հիմնական մարտահրավերների՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցին, բնականաբար, այստեղ Հնչակյանները վերապահումներ ունեն: Անկախ ամեն ինչից՝ Հնչակյանները ողջունում են քաղբանտարկյալների ազատ արձակումը, վստահ են, որ դա ավելի շուտ պետք է արվեր. «Եթե այս գործընթացից շահեցինք միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելու առումով, արդեն իսկ դրական է»: Նարեկ Գալստյանը նաեւ կարծում է, որ այսուհետ «ՀԱԿ-ը երեւի ավելի զգույշ կլինի իր հայտարարությունների եւ համաձայնությունների մեջ եւ միշտ կհիշի այն փորձը, որը մատուցել է այլոց՝ նմանատիպ կոմբինացիաներ խաղարկելով այլ քաղաքական միավորների վրա՝ ջարդելով, քարոզչական փակուղի մտցնելով անձանց, ովքեր չէին ենթարկվում «վերեւից» իջեցված հրահանգներին»: Հնչակյանների կարծիքով՝ քաղաքական զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ քաղաքական ուժերը գնում են հերթական ընտրությունների: Նարեկ Գալստյանը վստահ է, որ ականատեսը կլինենք բավականին հետաքրքիր դրսեւորումների, որոնք ուղղված կլինեն 2012-ի խորհրդարանի ուրվագծի ձեւավորմանը: Իրենք՝ Հնչակյանները, փորձելու են ընտրություններին մասնակցել գաղափարական հենքի վրա ձեւավորված որեւէ ֆորմատով: Այս պահին դեռեւս հստակեցումների փուլում են. «Անկախ բոլոր վայրահաչոցներից՝ մենք շարունակելու ենք քաղաքական դաշտում մեր սեփական տեսակետն առաջ տանել»:
ՍԴՀԿ-ի հետ հարաբերությունների թեման Հնչակյանները համարում են իրենց համար փակված եւ շարունակում են ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել եւ տեղում, եւ սփյուռքում: