ՀՀ նախագահը համոզված է՝ քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել ինքնորոշման իրավունքի սկզբունքը, հարցը հնարավոր չէ լուծել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) երեկ ժամանել են Արցախ, սակայն դեռեւս չկա տեղեկատվություն այն մասին, թե ում հետ են հանդիպել եւ ինչ են խոսել: ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը էլեկտրոնային լրատվամիջոցներին ասել է, թե այսօր՝ հունիսի 8-ին, համանախագահներին ընդունելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Թե ինչի՞ մասին են զրուցելու, պետք է միայն ենթադրել, սակայն, դատելով վերջին օրերին կրկին ակտիվացած արցախյան մեղեդիներից, կարող ենք մտածել, որ ինչ-որ լուրջ բան, այնուամենայնիվ, քննարկվում է: Իսկ «մեղեդիները» սրանք են:
Հունիսի 3-ին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ժամանակ Հիլարի Քլինթոնը, խոսելով Ղարաբաղի խնդրի շուրջ, ասել է, թե հավատարիմ են մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով տարվող աշխատանքներին՝ փորձելով լուծել «Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել «տարածաշրջանում ավելի կայունություն եւ խաղաղություն հաստատելու ջանքերի համար, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում»:
Բայց, ինչպես լինում է դիվանագիտության բարդ լեզվում, ԱՄՆ պետքարտուղարն էլ պատասխան խոսքն ասելով՝ հայտարարել է, թե ցանկանում է ընդգծել Միացյալ Նահանգների ու Ադրբեջանի հարաբերությունների «ռազմավարական կարեւորությունը», նաեւ՝ որ Միացյալ Նահանգները «հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»: Ապա կրկին նույն ոգով եւ բառապաշարով որոշ բաներ է ասել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը: Այս ամենը մեզ՝ հայերիս եւ Ղարաբաղի համար լավ է, թե վատ՝ ապագան ցույց կտա: Իսկ ապագան հավանաբար երկար չի սպասեցնի, քանի որ հայտնի է՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին, Կազանում:
Իսկ մինչ այդ, արդեն տարածաշրջան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մինչ համանախագահողները Բաքվից կհասնեին Ստեփանակերտ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան շտապեց հայտարարել այն մասին, թե ԱՄՆ-ը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ առաջընթաց կգրանցվի։ Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի արդյունքները՝ պարոն Բրայզան ասել է նաեւ հետեւյալը. «Մենք քննարկել ենք ԼՂ հակամարտությանը, Աֆղանստանի հետ համատեղ համագործակցությանը, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս բոլոր թեմաները մեզ համար առաջնային են, եւ մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն այս բոլոր երեք հարցերում գտնում են փոխգործակցության կետեր»։ Նաեւ ավելացրել է, որ համանախագահների դովիլյան հայտարարությունը Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ բանակցությունների շարունակության հիմք կհանդիսանա, եւ լուծումն արդեն պետք է գտնված լինի։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերով բաժնի պատասխանատու Նովրուզ Մամեդովը երկու օր առաջ էր հայտարարել՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Դովիլում կայացած հանդիպման ժամանակ արված հայտարարությունը՝ կարելի է ասել, որ ղարաբաղյան հակամարտության հարցում կարող են դրական որոշակի քայլեր ձեռնարկվել։
Ըստ Մամեդովի՝ հիմնական հարցը, որի շուրջ անհրաժեշտ է հասնել պայմանավորվածության, տարածաշրջանում ստատուս-քվոյի փոփոխությունն է։
Ստատուս-քվոյի փոփոխության մասին խոսողներին հավանաբար հարկ կա հիշեցնել ՀՀ նախագահի հետեւյալ միտքը. «Խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջման հիման վրա: Այս բոլոր տարիների ընթացքում մենք փորձել ենք փոխզիջումներ փնտրել: Բայց կա կարմիր գիծը. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը պետք է իր ճակատագիրը տնօրինի, իր պատմական հայրենիքում անվտանգ զարգանալու բոլոր հնարավորություններն ունենա»: ՀՀ նախագահը «Մոսկովսկիե Նովոստիի» հետ զրույցում ասել էր նաեւ՝ քանի դեռ Ադրբեջանը չի փորձի հասկանալ ինքնորոշման իրավունքը որպես միջազգային ընդունված նորմ, դժվար կլինի հարցը լուծել, քանի որ «նրանք հասկանում են միայն որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում ինքնորոշում: Այդպիսի ինքնորոշում չի լինում, դա հատվածական, պարզունակ ինքնորոշում է: Այդ իսկ պատճառով այնքան ժամանակ, մինչեւ Ադրբեջանը չհասկանա այդ սկզբունքի իմաստը, շատ դժվար կլինի հասնել հարցի լուծմանը: Ղարաբաղն իր անկախությունը պաշտպանել է արյունահեղ եւ դաժան պատերազմում, դժվարագույն պայմաններում, եւ միամտություն է ենթադրել, որ ղարաբաղցիները կարող են հրաժարվել այն ամենից, ինչին հասել են, ինչ ձեռք են բերել»:
«Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտության լուծմանը» սրտատրոփ սպասողներին հարկ կա հիշեցնել նաեւ, որ խնդիրը Արցախի ժողովուրդը վաղուց է լուծել, մնում է, որ միջազգային կառույցները հաշվի նստեն այդ լուծման հետ: