Հակադարձելով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի՝ մամուլի ակումբներից մեկում նախորդ օրն արած հայտարարությանը, թե ՀԱԿ-ը իր պատվիրակության կազմը հաստատել է Յովանովիչի հետ հանդիպումից հետո, ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում ասաց. «Ես, լինելով ՀԱԿ-ի շտաբի եւ քաղխորհրդի անդամ, ուղղակի հերքում եմ այդ լուրը։ Դա համաձայնեցված է եղել քաղխորհրդի անդամ բոլոր կուսակցությունների հետ, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բանակցություններ են վարվել կուսակցությունների ղեկավարների հետ, եւ դա մեր համատեղ որոշումն է, որը մենք ներկայացրել ենք։ Այստեղ որեւէ դերակատարություն մեկ այլ երկրի դեսպան չէր էլ կարող ունենալ»։ Հարցին՝ Յովանովիչը լուրջ դերակատարություն ունեցե՞լ է ՀԱԿ-իշխանություն երկխոսության գործընթացում, եւ արդյոք ՀԱԿ-ն առաջիկայում էլ որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնից ակնկալո՞ւմ է նման աջակցություն, ՍԴՀԿ ատենապետն արձագանքեց. «Ինչ վերաբերում է Յովանովիչին, նրա արածը չի կարող դիտարկվել որպես սեփական նախաձեռնություն։ Դա ամերիկյան քաղաքականության արդյունք էր, որը վարում էր Հայաստանի նկատմամբ»։
Նման մոտեցումը, ՍԴՀԿ ատենապետի կարծիքով, Հայաստանի նկատմամբ շարունակական կլինի, եւ, ըստ նրա, Յովանովիչի փոխարեն ով էլ լինի դեսպան, նույն տրամաբանությամբ է շարունակելու իր աշխատանքը՝ ամեն ինչ անելով, որ երկխոսությունը կայանա. «Շնորհակալ ենք Մարի Յովանովիչին, որ կարողացավ այդ առաքելությունն առ այսօր տանել։ Շարունակությունը, կարծում եմ, տրամաբանական ժամկետներում ամերիկյան կողմը կփորձի շարունակել»։ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ պետք է ամեն ինչ անել՝ տարբեր կառույցների եւ գերտերությունների ազդեցություններից զերծ մնալու համար, սակայն դա հնարավոր է միայն երկրում օրինական իշխանություն ունենալու դեպքում։