Առաջիկա խորհրդարանական ընտրություններն Արմավիրի մարզում սպառնում են բավականին հետաքրքիր դառնալ: Բացի այն, որ արդեն երկրորդ տարին է՝ տեղի բնակիչները խոսում են գեներալ Մանվել Գրիգորյանի մեծ ախորժակի մասին, հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում արմավիրցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հավակնությունների մասին:
«Առավոտն» արդեն անդրադարձել է խոսակցություններին, որ առաջիկա ընտրություններում գեներալ Մանվելի գերխնդիրը լինելու է իր «թիկունքով» քաղաքապետ կարգված որդուն՝ Կարեն Գրիգորյանին եւ իր կնոջը՝ Նազիկ Գրիգորյանին խորհրդարան «բրթելը»: Այստեղ տուժողի դերում է հանդես գալու գեներալի՝ ներկայումս ՀՀԿ մանդատով պատգամավոր եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը, ով գեներալի «նեղ օրին» նրան առաջիններից մեկը թիկունքից հարված հասցրեց՝ հանուն ՀՀԿ-ում իր մանդատն ու մարզային դիրքը պահպանելու:
Գեներալի օրինակով՝ Հակոբ Հակոբյանն էլ որոշել է ընտանիքի երկու անդամներով համալրել «ազգիս ընտրյալների» շարքերը: Հակոբյանը, սակայն, ավելի «համեստ» է եւ նախընտրում է խորհրդարանում տեսնել իրեն՝ ՀՀԿ մանդատով, որդուն՝ ՕԵԿ ցուցակով:
Հիշեցնենք, որ երկու հեղինակությունների՝ գեներալի եւ նախկին պատգամավորի կենսագրությունները հարուստ են աղմկոտ տարբեր իրադարձություններով, եւ «Առավոտը» քանիցս անդրադարձել է դրանց: