«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Առավոտին» հայտնեց, որ իր եղբորը՝ Տիգրան Փոստանջյանին, հունիսի 3-ին համաներմամբ ազատ արձակելու մասին որոշումը «բողոքարկվելու է վերաքննիչ դատարանում»: Մեր դիտարկմանը, թե Տիգրան Փոստանջյանը դատավարության ընթացքում ի վերջո չառարկեց, որ իր նկատմամբ կիրառվի համաներում՝ «Ժառանգության» պատգամավորն այսպես արձագանքեց. «Սա ճնշման ներքո ընդունված որոշում էր: Եվ այստեղ միանշանակ է օրենքի պահանջների խախտումը: Եթե հատկապես կար համաներման ակտ կիրառելու հնարավորություն, ապա պետք է շարունակվեր դատաքննությունը, եւ նրան անհապաղ կալանքից ազատեին: Մինչդեռ դատարանն այդ միջնորդությունը չբավարարեց ու որոշեց, որ ավելի լավ է՝ այս ճանապարհն ընտրեն»:
Զարուհի Փոստանջյանը նաեւ հայտնեց. «Բողոքարկելու եմ իմ եղբոր առնչությամբ հանցագործության մասին հաղորդումն անհետեւանք թողնելը: Այն ներկայացրել էի շուրջ 1 ամիս առաջ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հատուկ ցուցում էր տվել, որպեսզի Ազգային անվտանգության ծառայությունը քններ Տիգրան Փոստանջյանի գործը: Սա եմ բողոքարկել ու նաեւ այն, որ Գլխավոր դատախազության hանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն անմեղության կանխավարկածը խախտելով՝ լրատվություն էր տարածել: Մենք այս կապակցությամբ դիմել էինք, սակայն գործ չէր հարուցվել, ու նույնիսկ որոշում չէին կայացրել: Սա արդեն դատարանում է գտնվում: Նաեւ մեկ այլ հայց է գտնվում դատարանում այն երկու հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք այս կապակցությամբ տարածել էր դատախազությունը»:
Հիշեցնենք, որ Շահեն Տոնոյանն «Ազատություն» ռ/կ-ին այս կապակցությամբ նախապես է հայտնել, թե իրենց հաղորդագրությունում անմեղության կանխավարկածի խախտում չկա. «Այդտեղ նշված չէ անձի վերջնական մեղավոր կամ հանցագործ լինելու հանգամանքը»: