Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնակա՞ն պատասխան

Հունիս 08,2011 00:00

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն

\"\"անընդունելի եւ ինքնանպատակ է համարում արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու եւ պատվիրակություն կազմելու ՀԱԿ առաջարկը:

Պատասխանելով «Նովոստի Արմենիա» գործակալության հարցին՝ ի վերջո իշխանությունն ընդունո՞ւմ է երկխոսություն սկսելու ՀԱԿ-ի առաջարկը եւ պատրաստվո՞ւմ է արդյոք համապատասխան պատվիրակություն ձեւավորել, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ասել է. «Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է եւ մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է։ Ինչ վերաբերում է պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձեւաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին եւ ոչ թե իշխանություն-ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, եւ որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաեւ ՀՀ նախագահի կողմից առաջ քաշված նոր ձեւաչափերը:

Կարծում եմ՝ մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների վերաբերյալ հասցեական քննարկումների ու մոտեցումների ճշգրտմանն ուղղված գործելաոճն է միայն, որ կարող է դրական եւ ընդունելի արդյունքների հանգեցնել մեր ժողովրդի համար»:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաեւ նշել է, որ կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ։ «Մենք շարունակում ենք հանուն Հայաստանի առաջընթաց զարգացման՝ բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու մեր ջանքերը՝ կարեւորելով հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

Այս տեսանկյունից կոալիցիոն կուսակցությունները պատրաստակամ են արդյունավետ աշխատել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում եւ Հայ ազգային կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում եւ Ազգային ժողովում հանդես գալով ՀԱԿ-ի բոլոր իրականանալի եւ «հանուն» առաջարկներն առաջ տանողի դերում»:

Հ. Գ. «Մենք սպասում ենք գործող իշխանության պատասխանին՝ ի դեմս Սերժ Սարգսյանի»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ արդյոք իրենց չի՞ բավարարում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի վերոհիշյալ պաշտոնական հայտարարությունը, ասաց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել