Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ»

Հունիս 08,2011 00:00

Ասում է ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը

\"\"Այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսը հունիսի 2-ին հրապարակեց իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նպատակով իր ձեւավորած պատվիրակության կազմը, ակնկալվում էր, որ իշխանությունն առանց ժամանակ կորցնելու կարձագանքի դրան՝ երկրում ինչ-որ քաղաքական գործընթաց սկսելու կամ գոնե երկխոսության իմիտացիա ստեղծելու համար: Բայց օրեր շարունակ համաձայնելով Կոնգրեսի հետ երկխոսության գաղափարին՝ ՀՀԿ-ական մեծ ու միջին տրամաչափի գործիչները նախ՝ հայտարարեցին, թե պատվիրակություն ձեւավորելու հարց կուսակցության օրակարգում չկա, հետո ՀՀԿ փոխնախագահի եւ մամուլի խոսնակի միջոցով, ըստ էության, պաշտոնապես հայտարարեցին, թե ոչ մի պատվիրակություն էլ չեն ձեւավորելու, որովհետեւ որեւէ հարց՝ այդ թվում ՀԱԿ-ի կողմից բարձրացված, քննարկելու համար գոյություն ունի գործադիր մարմին: Կոնգրեսը, սակայն, հիշյալ արձագանքները պաշտոնական չէր համարում՝ հայտարարելով, թե սպասում է իշխանության՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական պատասխանին: Երեկ արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է արձագանքել Կոնգրեսի՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսություն սկսելու առաջարկին, ասելով, թե՝ պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկները, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ անընդունելի: Ավելին, Կ. Կարապետյանն ասել է, թե ՀԱԿ-ի հետ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել ու բավականին արդյունավետ ընթանում է, նույնիսկ մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Սա, իհարկե, նորություն է, որովհետեւ մինչեւ երեկ դեռ ոչ մի ՀՀԿ-ական չէր ասել, թե ՀԱԿ-ի հետ վաղուց են երկխոսում: Իհարկե, Կոնգրեսում Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունն էլ բավարար չեն համարում ու սպասում են, որ Սերժ Սարգսյանն անձամբ արձագանքի երկխոսելու ՀԱԿ-ի առաջարկին:

Իսկ քանի դեռ նման արձագանք չկա, «Առավոտը» փորձեց Կոնգրեսին մաս կազմող ՍԴՀԿ վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանի տեսակետը ճշտել. արդյոք իշխանությունների այս «մուկն ու կատու»-ն չի՞ վկայում նրանց կողմից երկխոսելու ցանկության բացակայության մասին: Գ. Եղիազարյանի դիտարկմամբ, երկխոսության, պատվիրակություն կազմել-չկազմելու մասին խոսում են մարդիկ, որոնք, ընդդիմադիր գործչի կարծիքով, այդ գործընթացներից բան չեն հասկանում: «ՀԱԿ-ն առաջարկել է երկխոսություն: Մեր այդ բարի կամքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ մտահոգված ենք Հայաստանի ճակատագրով: Այս տարածաշրջանում մենք, ճիշտն ասած, իրավունք չունենք այլ քայլերի դիմելու, թեեւ այդ խոսացողները Մուբարաքի եւ մյուս բռնապետների կոշիկի չափ էլ չկան, որ կարողանան դիմադրել»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ թեեւ իշխանություններն իսկապես դեմ են երկխոսությանը, բայց երկխոսության չգնալու դեպքում էլ ամեն ինչից զրկվելու եւ պատասխան են տալու իրենց հանցանքների համար: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձեւավորել-չձեւավորելուն, ապա ՍԴՀԿ ներկայացուցչի ասելով՝ դրա շուրջ մեկնաբանություններ անողները չէ, որ ձեւավորելու են այդ պատվիրակությունը: «Այն մարդը, ով պիտի պատվիրակություն ձեւավորի, մինչ օրս դեռ ոչինչ չի ասել, իսկ մյուսները պարապ մնալուց եւ վախից են հայտարարություններ անում, դրանք ահաբեկվածի ջղաձգումներ են ու ոչ ավելին, որին պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասաց Գ. Եղիազարյանը: Նրա դիտարկմամբ, իշխանական թիմում վերջին խոսքը Ս. Սարգսյանինն է, որը դեռ լռում է:

Կարելի՞ է եզրակացնել, որ իշխանությունները՝ ի դեմս Ս. Սարգսյանի լռության, հիմա ուղղակի ժամանակ են շահում: «Այդ հարցին կարելի կլինի անդրադառնալ նրանց արձագանքից հետո: Այն ժամանակ շատ բան պարզ կդառնա՝ թե՛ մեզ, թե՛ մեր հանրությանը»,- նկատեց ընդդիմադիր գործիչը՝ նախընտրելով ձեռնպահ մնալ հավելյալ բացատրություններից: Մեր ճշտող հարցին ի պատասխան՝ նա, այնուամենայնիվ, հավելեց, թե ՀՀ գործող նախագահի լռության պատճառները պայմանավորված են արտաքին քաղաքական ազդակներով. «Երկխոսության գնալու երկու գործոն կա. առաջինը Հայաստանի քայքայված տնտեսությունն է, երբ մարդիկ ամեն օր ավելի աղքատ են դառնում, քան երեկ, երկրորդը արտաքին ազդակներն են: Կան նաեւ այլ գործոններ, որոնց մասին դեռ վաղ է խոսել: Այնուամենայնիվ, կարծում եմ, երկխոսություն դեռ կլինի. սպասենք իրենց առաջին դեմքի արձագանքին»:

Բայց սպասել որքա՞ն: Կա՞ արդյոք սպասումի ողջամիտ ժամկետ: Ըստ Գ. Եղիազարյանի՝ անշուշտ, կա. երբ լցվի համբերության բաժակը: Իսկ հնարավո՞ր է, որ այդ համբերության բաժակը լցվի հերթական ընտրությունների նախաշեմին: «Հերթական ընտրություններին չի հասնի: Կլինեն արտահերթ ընտրություններ»,- մեր հարցին հակադարձեց ՍԴՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, թե արտահերթ ընտրությունների անցկացումն այլընտրանք չունի, որ դա է քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու միակ ելքը: «Իշխանությունն օրինականացնելու որեւէ այլ ձեւ չկա: Իսկ ոչ լեգիտիմ իշխանությունները երկիրն ուղղակի կործանման են տանելու: ՀԱԿ-ի՝ արտահերթ ընտրությունների պահանջն ինքնանպատակ չէ: Միայն լեգիտիմ իշխանություններ ունենալու դեպքում է հնարավոր հաղթահարել այդ ճգնաժամերը, ու դա մի քանի հոգու, մի քանի տասնյակի պահանջ չէ: Դա ՀՀ քաղաքացու պահանջն է: Ոչ լեգիտիմ իշխանություններն ի վիճակի չեն դիմադրելու արտաքին ճնշումներին, որոնք գնալով ավելանալու են: Եթե մենք ցանկանում ենք նույն ԼՂ հարցում կորուստներ չունենալ եւ վտանգավոր պրոցեսները կանգնեցնել, ուրեմն պետք է ձեւավորել լեգիտիմ իշխանություն»,- պնդեց Գ. Եղիազարյանը:

Մենք վերջինիս հիշեցրինք ՀՀԿ ներկայացուցիչների նաեւ այն հայտարարությունը, թե իշխանական կոալիցիան պատրաստակամ է արդյունավետ աշխատել նաեւ Կոնգրեսի հետ՝ գործադիր իշխանության կառույցներում եւ խորհրդարանում էլ հանդես գալ ՀԱԿ-ի բոլոր իրատեսական առաջարկների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնողի դերում: Գ. Եղիազարյանը դա անլուրջ համարեց՝ նախեւառաջ հիշեցնելով, որ այսօր գործող խորհրդարանն էլ լեգիտիմ չէ: «Մենք շնորհակալ ենք իշխանությունների հերթական ընտրություններից, որոնց անցկացման հիմնասյունը թմրամոլները, սրիկաներն ու կաշառքն են: Իսկ արտահերթ ընտրություններ անցկացնելու պարագայում դրանք կընթանան երկիշխանության պայմաններում, եւ այդ պարագայում նրանց ոչինչ չի հաջողվի անել»,- հայտարարեց ՍԴՀԿ ներկայացուցիչ Գ. Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել