Առաջին անգամ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության մեջ մեկ օրում դիպլոմ ստացան համալսարանի բոլոր՝ 2300 շրջանավարտները: Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մանկավարժական համալսարանի լավագույն 10 շրջանավարտներին հանձնեց ավարտական վկայականները: Միջոցառումը շարունակվեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի տոնական համերգով: Հնչեցին Կոմիտասյան մանրանվագները, Ասթոր Պիացոլլայի «Տանգո»-ների շարքը, Առնո Բաբաջանյանի «Վոկալիզը», Ռուբեն Ալթունյանի «Բերդի» եւ «Քոչարիի» մշակումները եւ հատվածներ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներից»: Միջոցառումն ավարտվեց տոնական հրավառությամբ եւ հաջորդ տարի կրկնվելու խոստումով: