Լրահոս
Օրվա լրահոսը

Եմենցիները ցնծության մեջ են. Սալեհը «փախե՞լ» է

Հունիս 07,2011 00:00

\"\"Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը Սաուդյան Արաբիայում վիրահատության ենթարկվելուց հետո ապաքինվում է: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում են սաուդյան իշխանությունները: Հիշեցնենք, որ նա վիրահատության էր ենթարկվել Էր-Ռիյադայում, ուր ինքնաթիռով տեղափոխվել էր անցած շաբաթ՝ մեկ օր անց այն բանից, երբ Եմենի մայրաքաղաք Սանայում նախագահական պալատը ենթարկվել էր հրետակոծության: Հիշեցնենք, որ դեռ անցած ուրբաթ տեղեկություններ էին շրջանառվում հրետակոծության արդյունքում Սալեհի զոհվելու կամ վիրավոր լինելու մասին: BBC-ի մատուցմամբ, վիրահատությամբ նրա կրծքավանդակից ականի բեկորներ են հանվել:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նախագահ Սալեհը ծրագրո՞ւմ է հայրենիք վերադառնալ: Ըստ որոշ տեղեկությունների, նա մտադիր է եւս երկու շաբաթ մնալ Սաուդյան Արաբիայում. մեկ շաբաթում նա կկազդուրվի, իսկ հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպումներ կունենա, իսկ թե հետո ի՞նչ կլինի՝ հայտնի չէ:
Եմենի տեղեկատվության նախարարի տեղակալ Աբդուլ Ջանադին պնդել է, որ նախագահը կվերադառնա: «Սալեհը առողջ է: Երբեւէ նա, հնարավոր է, որ կհանձնի իշխանությունը, բայց դա պետք է տեղի ունենա սահմանադրությամբ նախատեսված կարգով»,- ասել է նախարարը:
Նախօրեին Սանայում ցուցարարները հավաքվել էին համալսարանի շենքի դիմաց եւ ցնծում էին ու դրոշներով թափահարում՝ նշելով Սալեհի «փախուստը»: Հաղորդվում է, որ մայրաքաղաքում, ինչպես նաեւ երկրի հարավում՝ Թաիզ եւ Ադեն քաղաքներում, ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ մի քանի բախումներ են եղել: Մասնավորապես Սանայում փոխհրաձգություն է տեղի ունեցել նախագահ Սալեհի հակառակորդ շեյխ Ահմարի զինյալների եւ զինվորականների միջեւ, իսկ Թաիզի բախումների արդյունքում առնվազն 5 մարդ է զոհվել: BBC-ի մատուցմամբ, Սալեհի մեկնումը երկրից՝ մեծապես սասանել է երկրում նրա դիրքերը, իսկ արդեն մի քանի ամիս շարունակվող զանգվածային ցույցերը երկիրը փաստացի հասցրել են քաղաքացիական պատերազմի շեմին:
Հիմա պետության ղեկավարի պարտականությունները, երկրի սահմանադրության համաձայն, կատարում է փոխնախագահ Ադբ-Ռաբբու Մանսուր Խադին, որը հանդիսանում է նաեւ երկրի զինուժի գլխավոր հրամանատարը: Նա արդեն բանակցություններ է վարել երկրում ԱՄՆ դեսպանի հետ, ինչը կարող է նշանակել Արեւմուտքի կողմից՝ որպես նրան իշխանությունը փոխանցելու աջակցություն:
Հավելենք, որ նախագահ Սալեհը Էր-Ռիյադ է մեկնել կնոջ եւ ընտանիքի մեծ մասի եւ ավելի քան 30 բարեկամների, նաեւ Եմենի վարչապետի ու խորհրդարանի խոսնակի ուղեկցությամբ: Այդուհանդերձ, նրա որդին՝ Ահմադն ու զարմիկները՝ Ամմանն ու Յախիան, որոնք երկրի անվտանգության ուժերում բարձր պաշտոններ են զբաղեցնում, շարունակում են մնալ Եմենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել