Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված խաղ, ցավալի պարտություն

Հունիս 07,2011 00:00

\"\"

Հետաքրքիր ու լարված խաղ, գոլերի փոխանակում, դեղին քարտերի առատություն, Ռուսաստանին խփած գոլի չեղյալ հայտարարում, 11-մետրանոց տուգանային հարված մեր դարպասին ու այդ ամենի համատեքստում փոքր-ինչ անսպասելի 3:1 վերջնահաշիվ՝ այսպես կարելի է մի քանի բառով ներկայացնել Ռուսաստան-Հայաստան ԵՎՐՈ-2012-ի ընտրական փուլի սկզբունքային հանդիպումը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Սանկտ Պետերբուրգ էր մեկնել՝ արժանի ֆուտբոլ ցուցադրելու, նաեւ՝ անչափ կարեւոր միավորներ գոնե չկորցնելու հույսով: Վերջինը, ցավոք, չիրականացավ, թեեւ խաղի ընթացքում մեր տղաների գործողությունները պարբերաբար լարվածության մեջ էին պահում ռուսներին եւ հաճելի պահեր պարգեւում հայ երկրպագուներին: Ավելին, հանդիպման առաջին գնդակն էլ հենց մեր հավաքականը խփեց. 25-րդ րոպեին մերոնք սուր հակագրոհեցին ու Յուրի Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո Մարկոսը խաբս տվեց նաեւ մրցակցի դարպասապահ Իգոր Ակինֆեեւին ու դիպուկ հարվածով գրավեց նրա արդեն անպաշտպան դարպասը՝ 1:0: Մեր ուրախությունը, սակայն, շատ կարճ տեւեց: Ընդամենը մեկ րոպե անց ռուսներին շոկային վիճակից դուրս բերեց Պավլուչենկոն: «Տոտենհեմի» հարձակվողը երկրորդ խաղակեսում եւս երկու դիպուկ հարված կատարեց՝ այդ թվում եւ 11-մետրանոցից, որի մասին խաղից հետո շատերն էին խոսում ու որի համար հանդիպման ֆրանսիացի մրցավար Ստեֆան Լաննուան ներողություն խնդրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից: Հանուն արդարության նշենք, որ մրցավարի գործողությունները էական ազդեցություն չեն ունեցել խաղի ելքի վրա: Երկու թիմերն էլ խաղում էին կոշտ, հաճախ՝ կոպիտ, ագրեսիվ ֆուտբոլ, ինչը, բնականաբար, բերելու էր խախտումների ու, որպես հետեւանք՝ մրցավարի ակտիվ միջամտության: Դրա արդյունքում էլ մեր թիմի հինգ ֆուտբոլիստներ դեղին քարտերի արժանացան, ընդ որում՝ Հայաստանի հավաքականի առաջատար Յուրի Մովսիսյանը երկրորդ անգամ է արդեն զգուշացվել, ինչը նշանակում է, որ Անդորրայի հետ առաջիկա ընտրական հանդիպումը հարձակվողը բաց է թողնելու:
3:1 հաշվով ավարտված այս խաղը մի շարք այլ՝ ոչ պակաս կարեւոր հետեւանքներ ունեցավ ու հետեւությունների առիթ տվեց: Նախ, արդեն իսկ պարզ է. թեեւ մերոնք դեռ պահպանում են խմբից դուրս գալու տեսական հնարավորությունները, գործնականում շանսերը գրեթե զրոյական են: Այս տուրից հետո առաջատար եռյակ կազմած Սլովակիան, Ռուսաստանն ու Իռլանդիան տոնած հաղթանակների շնորհիվ կրկին հավասար միավորներ ունեն ու գերազանցում են մեր թիմին արդեն միավորով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջեւում մեր ընտրանին միայն մեկ հանդիպում է անցկացնելու սեփական հարկի տակ, իսկ հիմնական մրցակիցներից երկուսին հյուրընկալվելու է, անմտություն կլինի ուղեգրի հույսեր փայփայելը: Մյուս կողմից, անժխտելի է փաստը, որ Հայաստանի ազգային հավաքականի խաղում այժմ հստակ ձեռագիր է նկատվում, գրոհներում՝ միտք եւ, ամենակարեւորը՝ արդյունավետ գործողություններ: Շարքային ֆուտբոլասերները խաղից հետո մեկ հաճույքով, մեկ զարմացած նշում էին արագ հակագրոհի ժամանակ գոլ խփելու փաստը, ինչը արդեն որոշակի խաղային մակարդակ է ենթադրում: Ռուսների գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ անգամ ասաց, որ իրենց հիմնական խնդիրը խաղի ընթացքում վերահսկումը սեփական ձեռքը վերցնելն է, ինչը ոչ մի կերպ չէր ստացվում: «Ես պատրաստ եմ ընդունել, որ մեզ ինչ-որ չափով հաջողությունն էր ուղեկցում այս խաղում»,- խաղից հետո նկատել էր Ադվոկատը՝ նշելով, որ Հայաստանի հավաքականը թեեւ փոքր երկիր է ներկայացնում, բայց լավ է խաղում: Մեր թիմի խաղի որակից գոհ էր մեր գլխավոր մարզիչը: Վարդան Մինասյանի խոսքերով՝ Սանկտ Պետերբուրգում տղաներն ավելի որակով ֆուտբոլ խաղացին, քան Երեւանում, սակայն նկատվեց նման մակարդակի խաղերի փորձի պակասը: «Մեզ փորձառությունն է, որ չի բավարարում։ Իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Նման խաղերի փորձ ունեն միայն Հովսեփյանն որ Բերեզովսկին, իսկ մյուսները 20-22 տարեկան երիտասարդներ են: Այդ փորձը միայն խաղալով կարելի է վաստակել: Մենք երիտասարդ թիմ ենք, կշտկենք մեր սխալներն ու առաջ կշարժվենք»,-ասել է Մինասյանը:
Մեզ նույնպես մնում է հուսալ, որ սխալները կշտկվեն, ու Հայաստանի ազգային հավաքականը նոր թափով առաջ կշարժվի՝ նախկինում անհասանելի թվացող սահմաններն անցնելով ու հայ երկրպագուների երազանքները կամաց-կամաց իրականացնելով:
Նույն օրը մեր խմբի մյուս հավաքականների հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Մակեդոնիա-Իռլանդիա՝ 0:2, Սլովակիա-Անդորրա՝ 1:0: Իսկ մրցաշարային աղյուսակը վեց փուլից հետո այսպիսի տեսք ստացավ:
1. Սլովակիա 6  6-4 13
2. Ռուսաստան 6  9-4 13
3. Իռլանդիա 6 11-6 13
4. Հայաստան 6 10-7 8
5. Մակեդոնիա 6  5-8 4
6. Անդորրա 6 1-13 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել