Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ «զմռսված»

Հունիս 07,2011 00:00

Համույթն արդեն քանի տարի է՝ համերգներ չի ունենում եւ չի պրոպագանդվում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի անդամները, որոնք կառավարական համերգների ժամանակ արտերկրում պատշաճ կերպով ներկայացնում են մեր երկիրը, նեղսրտած են ու վիրավորված: Փոքրիկ երգիչները իրենց վրդովմունքը հայտնեցին «Առավոտին» հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը: Այդ օրը, երբ քաղաքի բոլոր անկյուններում նրանց տարեկիցները զվարճությամբ տոնն էին նշում, փոքրիկ երգիչները պատրաստվում էին հերթական փորձին: Երգչախումբը շուրջ երկու տարի մենահամերգ չի ունեցել:
«Ես արդեն պետք է դուրս եկած լինեի երգչախմբից, բայց վտանգ եմ զգում, ոնց որ հայրական տունդ վատ վիճակում լինի, դուռը փակես ու գնաս: Անընդհատ ասում եմ՝ վերջին մենահամերգը տալիս ենք, ու թողնում եմ երգչախումբը, բայց այդ մենահամերգն այդպես էլ չի կայանում: Ուզում եմ հավատացած լինել, որ 20-30 տարի անց էլ երգչախումբը գործելու է»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ մասնագիտությամբ դերասանուհի 21-ամյա Սոնան: Ապագա ֆիզիկոս՝ 20-ամյա Վարսենիկն ասում է, որ շուրջ 5 տարի երգչախումբն այս վիճակում է, համերգային նման մեծ ընդմիջում երբեւէ չեն ունեցել. «Վտանգավոր շրջան ենք ապրում, եթե նոր սերունդ չգա, երգչախումբը կփակվի: Մենք որոշակի ճանապարհ անցել ենք, գիտենք, որ խնդիրներ կան, դիմանում ենք: Ամեն չորեքշաբթի եւ շաբաթ օրերին գալիս ենք փորձի, դժվարությամբ պարտիաներ ենք հանձնում, ու սպասում՝ ե՞րբ պետք է համերգ տանք, բայց այդպես էլ չենք տալիս: Երբ երեխան նոր է ընդունվում երգչախումբ, ինչ-որ բանի հասնելու ձգտումը մեծ է, երբ տեսնում է, որ համերգ չի լինելու, հոգեբանորեն կոտրվում է»: 18-ամյա Լուսինե Վարդանյանը 4 տարի է երգչախմբում, կարծում է. «Եթե հեռուստատեսությամբ, ռադիոյով մատուցվի այնպիսի երաժշտություն, որը բարձրորակ է ու արժեքային համակարգ է ներկայացնում, մարդիկ ընտրելու հնարավորություն կունենան եւ անտեղի չեն պատճառաբանի, թե դասականը պահանջված չէ»: Սոնան էլ նեղսրտած հավելում է. «Հիմա հասկանում եմ այն մարդկանց, արվեստագետներին, որ Հայաստանը թողնում- գնում են, որովհետեւ ճիշտ արվեստը վաղուց Հայաստանում չի գնահատվում: Ո՞վ գիտի, օրինակ, մեր ժամանակակից նկարիչներին, երաժիշտներին: Հասարակությունը միայն Արմենչիկ է ճանաչում: Շրջապատում անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ համերգ չեք տալիս, ամաչում եմ՝ ասել պատճառը: Մեզ չի հետաքրքրում՝ պետբյուջեում փող կա՞, թե՞ ոչ»: Զրուցակիցներս փաստեցին, որ «Փոքրիկ երգիչների» մասին վերջին լուրջ հաղորդումը 2003 թվականին է եթեր հեռարձակվել: Երգչախմբի անդամներն ասում էին, որ դրսում իրենց ավելի ջերմությամբ են ընդունում, քան սեփական երկրում: Երգչախմբի ծնողխորհրդի անդամ, գյումրեցի Լուսինե Հարոյանն ասաց, որ համերգների համար իրենք միշտ ինչով կարող են աջակցում են երգչախմբին, դիմում ծանոթներին, փորձում հովանավորներ գտնել: Երգչախմբի անդամներից Վերոնիկան էլ փաստում է, որ դասական երաժշտություն «Հ1»-ով ստիպված ես լսել լուսադեմին: Հեռախոսով կապվեցինք նաեւ «Հայաստանի փոքրիկ երգիչների» գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի հետ: Նրա փոխանցմամբ, երգչախումբը 2009 թվականի դեկտեմբերից հետո հանդիսատեսի առջեւ հանդես չի եկել՝ գումար չկա: Խմբավարն ասաց, որ այժմ էլ «Փոքրիկ երգիչները» տասնյակ հրավերներ ունի Շվեդիայից, Ճապոնիայից եւ այլ երկրներից: Քանի որ հյուրախաղերի մի մասի ծախսերը մեկնող կողմն է հոգում, իրենք զրկվում են նաեւ այդ հնարավորությունից. «Մենահամերգը մեզ համար ուժերի, կարողության, որակի, մակարդակի չափման միջոց է: Ծափահարություններն ու քննադատությունն են տալիս այն խթանը, որով շարժվում ես առաջ: Վերջերս Գերմանիա մեկնելու համար արտոնագիր էի ստանում, դեսպանատան աշխատողները ուրախացան՝ տեսնելով, որ ողջ եմ, հարցնում էին՝ խումբը կա՞, ինչո՞ւ համերգ չի տալիս: Փողոցում ճանաչում են, հարցնում՝ ինչո՞ւ համերգ չեք տալիս: Սա առնվազն անթույլատրելի է՝ ունենալ նման երգչախումբ եւ պահել այն զմռսված վիճակում: Սա հիասթափեցնում է ցանկացած արվեստագետի, մանավանդ՝ երեխային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել