Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ «ԲԵՐՔԱՌԱՏ» ՏԱՐԻՆ

Հունիս 07,2011 00:00

Ամփոփում են հանձնաժողովների անվանի նախագահները

\"\"

Երեւանի կոնսերվատորիական կրթությամբ երաժիշտները հանդես են գալիս աշխարհի տարբեր բեմերում՝ զարմացնելով իրենց մասնագիտական բարձր մակարդակով: Եվ քանի որ մեր կոնսերվատորիայում ավարտվել են պետական քննությունները, արդյունքների եւ հանձնաժողովի նախագահների կարծիքն իմանալու ակնկալիքով հանդիպեցինք դաշնամուրային հանձնաժողովի նախագահ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հայրապետյանին, վոկալ արվեստ մասնագիտության գծով դիրիժոր, Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Վադիմ Շուբլաձեին եւ լարային գործիքների գծով Խորվաթիայի երաժշտական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության դեսպան Ինո Միրկովիչին:
Արդյո՞ք քննությունների արդյունքները տպավորություն ձեւավորեցին, թե՞ այսօրվա շրջանավարտներն ունեն պրոֆեսիոնալ այնպիսի պատրաստվածություն, ինչը համահունչ է եվրոպական չափորոշիչներին:
Այս տարվա արդյունքից հանձնաժողովների օտարերկրացի նախագահները պարզապես ապշել են: Նրանք կատակեցին, թե տարին «բերքառատ» էր:
Վ. Շուբլաձեն տեղեկացրեց, որ Բելվեդերի (Ավստրիա) երաժշտական ակադեմիայի պրոֆեսորները վերջերս լսումներ անցկացնելով Թբիլիսիում, Երեւանում եւ Բաքվում, 18 հայ վոկալիստներից ընտրել են 4-ին՝ ուսումն իրենց մոտ շարունակելու կամ տեղի թատրոնների հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու առաջարկով: Հարեւան երկրներից չի ընտրվել եւ ոչ մի վոկալիստ: Տեղեկանալով, որ այս տարի ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին եւս չի արժանացել ոչ մի երգիչ, Վ. Շուբլաձեն տարակուսեց՝ «Նման բան լինել չի կարող, դուք գուցե կատակում եք»:  Յու. Հայրապետյանն էլ նշեց, որ նախկինում եթե ինքն իր համար առանձնացնում էր 2-3 դաշնակահարի, այս տարի այդ թիվը գերազանցում է 10-ը: Ի. Միրկովիչի խոսքերով էլ՝ դեռեւս անցյալ դարից իրեն գոհացրել է հայ ջութակահարների, թավջութակահարների, ալտահարների որակը: Հավելեց, թե նրանց մեջ եղել են նաեւ պարզապես վիրտուոզներ:
Ինչ վերաբերում է Բոլոնյան կրթահամակարգին ինտեգրվելուն, Վ. Շուբլաձեն եւ Յու. Հայրապետյանը բանավեճի մեջ մտան Ի. Միրկովիչի հետ: Առաջին երկու պրոֆեսորները միաձայն ասացին, որ այդ համակարգը պետք է մշակութային բուհից «վտարել»: Պրոֆեսոր Հայրապետյանն էլ շեշտեց, որ, օրինակ, Մոսկվայում բոլոր բուհերը միացել են Բոլոնյան համաձայնագրին, բացի կոնսերվատորիայից: Վ. Շուբլաձեն հիշեց խորհրդային տարիները, երբ երաժիշտների այդքան արտահոսք չկար ԽՍՀՄ երկրներից, սակայն եվրոպական երկրների օդանավակայաններում կարծես կազմ-պատրաստ սպասում էին մեր երաժիշտներին: Միրկովիչը նշեց, որ ինքն էլ նախկին համակարգի ջատագովն է, բայց պետք է ուշադիր կարդալ, մասնավորաբար, համաձայնագրի այն կետը, որը թույլ է տալիս ոչ միայն ուսանողների, այլեւ պրոֆեսորադասախոսական կազմի ազատ տեղաշարժ: Խնդրանքին՝ մանրամասնել ասածը, պրոֆեսորն ասաց. «Օրինակ, ուսանողը կարող է մի քանի տարի սովորել Երեւանի կոնսերվատորիայում, ապա՝ Լոնդոնի թագավորական ակադեմիայում, իսկ վերադառնալուց հետո ստանալ Երեւանի կոնսերվատորիայի դիպլոմ: Կամ դասախոսը որոշ ժամանակ կարող է դասավանդել եվրոպական ցանկացած երաժշտական հաստատությունում, բնականաբար՝ ինչ-ինչ չափորոշիչների համապատասխանելու դեպքում…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել