Լրահոս
Օրվա լրահոսը

«Էքստեռնիկներին» քննության չթողեցին

Հունիս 07,2011 00:00

ԿԳ նախարարությունը անցյալ տարի անակնկալ մատուցեց որոշ դպրոցների եւ դիմորդների՝ հայտարարելով, որ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը բացահայտել է անօրինական «թռիչքների» դեպքեր: Թեեւ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, 2009-2010 ուստարում էքստեռն կարգով փոխադրումներն արգելված էին, բայց մի շարք դպրոցների տնօրեններ գործարքի մեջ էին մտել ծնողների հետ: Արդյունքում՝ միասնական քննությունների ընթացքում 39 անօրինական «էքստեռնիկներ» հրապարակավ դուրս հրավիրվեցին քննակենտրոններից, 53 դեպք էլ ուղարկվեց դատախազություն:
«Առավոտի» տեղեկություններով, օրերս հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության ժամանակ եւս 6-7 «էքստեռնիկ» է հայտնաբերվել ու դուրս հրավիրվել քննասենյակից: ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը հաստատեց մեր ունեցած լուրը, ասելով, որ դա անցյալ տարվա շարունակությունն է: Նրա խոսքով, այդ երեխաները պետք է սովորեին 11-րդ դասարանում, մինչդեռ ավարտական վկայականներ ունեն: Տեսչության պետի փոխանցմամբ, նրանք անցյալ տարի բուհ չեն դիմել հավանաբար «չբռնվելու» ակնկալիքով, եւ ստացվում է, որ այս տարի էլ նրանց բախտը չի բերել: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում այս երեխաներին: Ա. Կարապետյանի ձեւակերպմամբ՝ անցյալ տարվա նման համաներում կկիրառվի նրանց հանդեպ. «Երեխաները կնստեն 12-րդ դասարան, իրենք մեղավոր չեն, որ ծնողներն անազնիվ են եղել»:
Պարոն Կարապետյանը, որ կրթության տեսչության նորանշանակ պաշտոնյա է, հավելեց, թե ԳԹԿ-ն օրենքի խախտումով է հայտագրում իրականացրել: Նկատենք, որ հայտագրման ժամանակ ԳԹԿ-ն ավարտական վկայական չի պահանջում, մինչդեռ այդ երեխաներն արդեն ունեին վկայականներ: Բացի այդ, ԳԹԿ-ն իրավասու չէ ստուգել 1209 դիմորդի ավարտական վկայականի՝ թռիչքային կամ ոչ թռիչքային եղանակով ստացված լինելը: Դա հենց ԿԳՆ տեսչության գործառույթն է: ԿԳՆ կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը «Առավոտին» ասաց, որ կատարվածի մասին երեկոյան կզեկուցեն նախարարին եւ կվերլուծեն իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել