Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ ընդունվեմ»

Հունիս 07,2011 00:00

\"\"Քննության օրն ասում էր ցանկացած երկրորդ դիմորդ

23-25 միավոր էր ուզում հավաքել բժշկական քոլեջի նախկին ուսանող Վահե Առաքելյանը հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությունից: Գիտի՝ առավելագույն միավորը 20-ն է, այնուամենայնիվ, հույսը 25-ից չի կտրում: «Սրամիտ» այս երիտասարդը հունիսի 4-ի հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննության ընթացքից այնքան էլ չի անհանգստանում: Նախորդ տարի էլ «գործերը» չի տվել: «Պարզապես հարմար չի եղել, չեմ ուզել: Հիմա ավելի հարմար է»,- ասում է նա: Այսպես են ասում շատ ուսանողներ՝ չխոստովանելով նախորդ տարվա քննություններից ձախողված լինելը: Սարգսյան Արթուրն էլ քննությանը լավ է պատրաստվել, մի 10 միավորի հույս ունի. «Դե, ուզում եմ Ժող ընդունվել, ըտենց, էլի: Նախորդ տարի էլ գործերս չեմ տվել: Ուզում էի արտասահման գնալ»: Սոնան էլ չի «կտրվել» նախորդ տարվա քննություններց, պարզապես «չհասցրեց» ընդունվել համալսարան: Հիմա է փորձում: Գիտի՝ այս տարի թեստերն ավելի հեշտ են, ընդունվելը՝ նույնպես:
«Հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննությանը 185 դիմորդներից բացակա էր 17-ը: Արտագրելու եւ հուշելու ամեն միջոց ձախողման էր դատապարտված, այս տարի քննական սենյակներում խլացուցիչներ չկան, հսկողներն են շատ: Միակ «վտանգավոր» տեղը զուգարանն է, դրա համար էլ այնտեղ ենք խլացուցիչներ տեղադրել»,- ասում է ԳԹԿ տնօրեն Խաչատրյանը:
Իսկ քննական սենյակներում կարելի է տեսնել տարբեր տարիքի, հայացքների եւ վարվելակերպի մարդկանց, նրանցից շատերին միավորում է մեկ ցանկություն՝ քննության նվազագույն շեմը հաղթահարելը: «Գնա էրեխեքին խոսցրու, էլի, անցած անգամ խայտառակ էղա, սաղ ալիքներով ինձ էին խոսցնում,- «խորհուրդ տվեց» երիտասարդ դիմորդը,- կամ էլ էն կյաժոյին»: Երիտասարդի ասած շիկահեր աղջկան մոտենալու փոխարեն խոսեցի լրագրող Սիլվա Արիստակեսյանի հետ. ընդունելության քննություն տվել է 8 տարի առաջ, ընդունվել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Հիմա էլ ցանկանում է սովորել օտար լեզուներ՝ իտալերեն կամ ֆրանսերեն: Քննական անցուդարձից առավել հուզվում եւ ապրումների մեջ են ընկնում դիմորդների ծնողները: «Էս տարի պիտի ընդհանրապես քննություն չլիներ: Էս ի՞նչ ա, էրեխեքին էսքան տանջում են: Թող նախարարը որոշում ընդուներ, էս տարի բոլորին ընդունեին, հետո ամբողջ տարվա ընթացքում ով սովորեր՝ կմնար համալսարանում, ով լավ չէր սովորի՝ դուրս կմնար»,- առաջարկում է ծնողներից Կարինե Մարտիրոսյանը: Անցած տարի էլ նա նույն հոգեվիճակում էր, աղջիկը քննություններին կտրվեց, այս տարի է որոշել ուժերը փորձել, ուզում է օտար լեզուներ ուսումնասիրել: Աչքները ջուր կտրած՝ ծնողներն սպասում են քննասենյակից առաջին դիմորդի դուրս գալուն: Հորիզոնում դիմորդի հայտնվելու պահին տեղում են ծնողների անսահման հարցերը: Այս քննությանը «շա՞տ դժվար էր», «ի՞նչ հարցեր էին», «լա՞վ գրիր» հարցերին քննասենյակից դուրս եկողները միայն դրական եւ ուրախ պատասխաններ էին տալիս: «Շատ հեշտ էին, պարապմունքի ժամանակ նույնիսկ նման հեշտ հարցեր չէինք հանդիպել,- ասաց առաջին դուրս եկածներից Սեդան՝ մայրիկին փաթաթվելով,- հաստատ կընդունվեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել