Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՏՐԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Հունիս 07,2011 00:00

Կամ՝ ինչպես լրագրող պատրաստող բուհի ռեկտորը չի հարգում այդ մասնագիտությունը

«Առավոտի» մայիսի 27-ի համարում տպագրված «Գլաձորի» ռեկտորը վիրավորել է մարդկանց» հրապարակման մեջ նշել էինք, որ կառավարության որոշմամբ ոչ պետական բուհերի շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվել քննություններ հանձնել եւ դիպլոմները փոխարինել պետական նմուշի դիպլոմներով: Իրավագիտություն եւ միջազգային հարաբերություններ մասնագիտությունների քննությունների անցկացման համար ընտրվել էր «Գլաձոր» համալսարանը: Հայտնել էինք, որ հանձնաժողովում ընդգրկված էին «Գլաձորի» ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն ու իր տիկինը: Նշել էինք նաեւ, որ շրջանավարտներից ոմանց պատմելով՝ պարոն Ջհանգիրյանը կոպիտ է վերաբերվել բոլոր այն մարդկանց, ովքեր «Գլաձոր» չեն ավարտել ու ամեն ինչ արել է, որպեսզի «կտրվեն»՝ այդ կերպ հայտարարելով, որ իր բուհն է ամենաարժանավորը: Հրազդանից ժամանած Գրիշա Իսրայելյանն «Առավոտին» ասել էր, թե ռեկտորը հեգնել է իր դստերը՝ իբր հոր կույր լինելը օգտագործելով ուզում է գնահատական «պոկել»: Ժ. Ջհանգիրյանի տեսակետը հնարավոր չէր եղել ներկայացնել նույն նյութում՝ աշխատանքային օրվա ավատվելու պատճառով:
Երեկ խնդրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից: Նա «Առավոտին» հայտնեց, որ վերջին քնության ավարտից հետո նախարարությունը կվերլուծի արդյունքները՝ մասնագիտությունների, բուհերի եւ այլնի «մասով»: Վարչության պետը մտահոգություն հայտնեց, որ գրանցվել է շրջանավարտների 45% բացակայություն: Նաեւ հավելեց, որ շուրջ 10 բուհում անցկացվել են քննություններ՝ ըստ համապատասխան մասնագիտությունների: «Յուրաքանչյուր մասնագիտություն կոնկրետ մեկ բուհում է եղել: Քննության ընթացքում՝ որքանով մեր ներկայացուցիչները ներկա են եղել, որեւէ դժգոհություն կամ բողոք չեն լսել»,- տեղեկացրեց Ռ. Սուքիասյանը: Ինչ վերաբերում է ոչ գլաձորցի շրջանավարտների այն դժգոհությանը, թե Ջհանգիրյանը շահագրգիռ է եղել, որ գլաձորցիները հաջողության հասնեն, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Դա գրեթե բացառում եմ, քննությունը հօգուտ շրջանավարտի է եղել, գուցե մարդ կար՝ գերազանց էր ակնկալում, բայց չորս է ստացել: Հրապարակումից հետո ես խոսել եմ Ջհանգիրյանի եւ ԿԳ ներկայացուցիչների հետ: Վերլուծելով քննական ողջ պատկերը, կպարզենք՝ ավելի շատ «Գլաձորի՞ց» են հաջող հանձնել, թե՞ մյուս բուհերից»:
Իսկ ինչո՞ւ էին հանձնաժողովում Ջհանգիրյանն ու իր տիկինը: Ըստ նախարարության ներկայացուցչի, համապատասխան կարգի համաձայն, հանձնաժողովի նախագահին նշանակում է ԿԳ նախարարը, իսկ հանձնաժողովի անդամներին ընտրում է բուհի ռեկտորը:
Փորձեցինք կապվել նաեւ Ժ. Ջհանգիրյանի հետ: Վերջինս նախ համաձայնեց հանդիպել, սակայն հրաժարվեց պարզաբանումներից: «Ձեզ հետ բացարձակապես խոսելու բան չունեմ, գնացեք հետաքրքրվեք՝ ինչքանով եք ճիշտ գրել, կոնկրետ ինձ դրանով բացարձակապես ոչ մի բան չեք արել»,-հայտարարեց ռեկտորը՝ ասելով, թե հրապարակումը նույնիսկ գովազդ է եղել իր բուհի համար: Ապա քննադատեց բոլոր լրագրողներին, որոնք, ըստ ռեկտորի, ճշմարտությունը չեն գրում եւ խախտում են մասնագիտական էթիկայի կանոնները. «Դա ձեր ժուռնալիստների էությունն ու բովանդակությունն է: Գրում եք այն՝ ինչ ձեզ պետք է եւ ձեզ իրավունք եք վերապահում գրելու նաեւ այն, ինչ չի համապատասխանում իրականությանը…Ինչ ուզում եք՝ գրեք, ես ուրախ եմ ձեզ համար»: Չկայացած մեր հարցազրույցի ընթացքում «Գլաձորի» ռեկտորը նախ ասաց, որ ինքը հաճոյախոսությունների կարիք չունի (ինչը բնավ մեր այցելության նպատակը չէր) եւ երեւակայեց, թե ինչ մեծ բավարարվածությամբ անբավարար կնշանակեր մեզ, եթե իր ուսանողը լինեինք: Ի ցավ պարոն Ջհանգիրյանի, իրավագիտություն մասնագիտությունից քննություն հանձնելու կարիքը չունենք, իսկ բանասիրական գիտելիքները ժամանակին ստուգել են ականավոր գիտնականները՝ Էդ. Աղայան, Գ. Ջահուկյան, Հովհ. Բարսեղյան, Ա. Սուքիասյան եւ այլք ու «չեն կտրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել