Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՆԵՐԿԱՅԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Հունիս 07,2011 00:00

\"\"«Առավոտ» թերթում (18.05.2011) կարդացի պատմաբան-հասարակագետ Ռ. Բաշխունցի հոդվածը, որտեղ խոսվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների ձեռքբերումների մասին եւ առաջ քաշում նրա հրապարակային քաղաքականություն վերադառնալու խնդիրը, ինչպես նաեւ խիստ քննադատության ենթարկում այսօրվա քաղաքական ներկան, սլաքներն ուղղելով գործող նախագահին եւ ընդդիմությանը:
Սկզբից եւեթ ասեմ, որ բնավ նպատակ չունեմ անդրադառնալու երկրորդ նախագահի իշխանության տասնամյակին: Ուղղակի նշեմ, որ ձեռքբերումների մասին խոսելիս պետք է շեշտել, որ այդ հաջողություններին հասնելու, դրանք իրականացնելու մեջ հսկայական ու գերակշիռ է Հայաստանի հանրապետական կուսակցության եւ նրա առաջնորդների՝ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի դերակատարումը:
Հոդվածագիրը իր խոսքի սկզբում անդրադառնում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից «Ազգային ճակատ» քաղաքական ալյանս ձեւավորելու մասին եւ ասում, որ նման ազգային ճակատ արդեն իսկ սկսել է ստեղծվել Հայաստանում, որի առաջամարտիկը Ռոբերտ Քոչարյանն է: Սակայն ոչ երկրորդ նախագահը, ոչ էլ նրա գրասենյակը մինչ այսօր պաշտոնական հայտարարություն չեն արել որեւէ քաղաքական ուժ ստեղծելու, առաջնորդելու կամ ընդգրկվելու մասին:
Նաեւ ճիշտ եմ գտնում խոսել այն փաստի մասին, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեւէ չի հեռացել հրապարակային քաղաքականությունից, ինչի ապացույցը նրա կողմից տրված հարցազրույցներն են եւ իր գրասենյակի հայտարարությունները, մեկնաբանությունները:
Տնտեսական համեմատություններն անելիս պատմաբան-հասարակագետը շրջանցում է այնպիսի գլխադասային երեւույթ, ինչպիսին համաշխարհային ֆինանսական, տնտեսական ճգնաժամն է, որը չխնայեց մոլորակի ոչ մի պետության: Դժվար է պատկերացնել տնտեսության զարգացման մեծ տեմպեր, երբ աշխարհը թաղված է տնտեսական ճգնաժամի մեջ: Եվ չնայած այս իրավիճակին, կառավարության ոչ մի ծրագիր չհետաձգվեց եւ արվեցին ու արվում են քայլեր՝ կայունացման ու տնտեսական հնարավոր զարգացումը ապահովելու համար: Անդրադառնամ հոդվածի քաղաքական, հասարակական մասին: Այստեղ խոսվում է քաղաքական դիրքերը զիջելու, հասարակական հմայքը կորցնելու, ՀԱԿ-ի հետ հաշտվելու եւ նման բաների մասին:
Սկսենք նրանից, որ նախագահ Սարգսյանը բավականին բարդ ժառանգություն ստացավ եւ ծանր ու դժվարին իրավիճակում սկսեց իր պաշտոնավարումը: Քաղաքական ճգնաժամ, հասարակության բեւեռացում, որոնց, մի քանի ամիս անց, միացավ տնտեսական ճգնաժամը: Որեւէ նախագահի համար, մեղմ ասած, անցանկալի պայմաններ: Եվ համեմատության զուգահեռներ անցկացնելիս պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել ժամանակահատվածներին, դրանց առանձնահատկություններին ու պայմաններին, որոնցում գտնվել ու գործել են պատմաբանի հոդվածում նշված անձինք: Եվ չնայած այս ծանրագույն ու դժվարագույն պայմաններին, նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արվել եւ արվում են հնարավոր բոլոր քայլերը՝ արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու համար:
Ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ կապված, հոդվածի հեղինակը ասում է, թե այս ուղղությամբ ինչ-որ պարտվողական հաշտություն կա: Այստեղ ուզում եմ մի քիչ ավելի կենտրոնանալ, քանի որ իշխանություն-ՀԱԿ թեման այս օրերին ամենաքննարկվող քաղաքական երեւույթն է, եւ մինչ նախընտրական գործընթացն ու ոգին կմտնեն իրենց իրավունքների մեջ, այս հարցը ավելի է թեժանալու ու խորանալու: Մի քանի օր առաջ նախագահ Սարգսյանը հարցազրույց էր տվել մոսկովյան թերթերից մեկին եւ ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր իր նախորդների մասին: «Մոսկովսկիե նովոստիին» տված հարցազրույցում նախագահը ասել էր հետեւյալը. «Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են, ամեն մեկը իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից: Ես երկիրը ղեկավարում եմ 2008թ.-ից եւ առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին գնահատելը նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ եւ՛ իմ նախորդներին, եւ՛ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան են արել»: Նոր մոտեցում՝ ներքաղաքական ոլորտի մեջ, որի նպատակը, կարծում եմ, քաղաքական նոր որակի մշակույթի ձեւավորմանն է ուղղված: Ակամայից մտքով տեղափոխվեցի 1999թ. հունվարի 29-30-ը, երբ այն ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Վազգեն Սարգսյանը կուսակցության 5-րդ համագումարում անդրադարձավ Հայաստանի երեք հանրապետություններին եւ փառաբանեց ու երախտագիտության խոսքեր ուղղեց կերտողներին ու նվիրյալներին: Բարձր պետական մտածելակերպ ունեցող անհատներին է հատուկ վեր կանգնել մի շարք սովորական երեւույթներից եւ շնորհակալության, երախտիքի խոսքեր ասել, թե մոտ անցյալի նախորդներին, թե արդեն պատմական տարածության մեջ գտնվող գործիչներին ու առհասարակ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար օգտակար գործեր են արել:
Դեռեւս 2008թ. Հանրապետության հրապարակում նորընտիր նախագահը համերաշխության ձեռք մեկնեց բոլոր ուժերին եւ այսօր մենք տեսնում ենք, որ մոտեցումները չեն փոխվել, որ պետության ղեկավարը իր խոսքով ու գործով անում է ամեն ինչ՝ հասարակության մեջ բացասական էներգիան լիցքաթափելու, պատրաստ է քաղաքական ուժերի հետ կառուցողական համագործակցության, հանրապետությունում հանդուրժողականության, միասնության, բարության մթնոլորտ ձեւավորելու: Նորից կրկնեմ, սա պետական բարձր մտածելակերպի դրսեւորում է, իսկ քաղաքական մշակույթը՝ խարսխված ազգային արժեքների վրա, կառուցում են պետական մտածողության տեր, ազգային գաղափարներ կրող անհատները: Ցավալի է, որ որոշ գործիչների կողմից այս ամենը կարող է ներկայացվել ստվերի մեջ, ինչ-որ չեղած նահանջների, կորուստների պրիզմայով:
Հակառակը, կա ատելության եւ թույնի էներգիան արմատախիլ անելու խնդիր: Մենք՝ բոլորս, անկախ մեր քաղաքական, հասարակական կարգավիճակից ու մոտեցումներից, մեկ հավատքի, մեկ հայրենիքի հետեւորդներ ու քաղաքացիներ ենք, իրավունք չունենք իրար թշնամու տեղ դնելու: Ամենաշատը քաղաքական մրցակիցներ ենք, որ ունենք տարբեր մոտեցումներ մեկ նպատակի հասնելու շուրջ: Այդ նպատակն է՝ կերտել ավելի ուժեղ ու լուսավոր Հայաստան, աշխարհի համար ավելի ընկալելի ու ընդունելի պետություն: Հայոց Տունը կառուցելիս պետք է առաջին հերթին հրաժարվել մեկը մյուսին վիրավորելու, պախարակելու ոճից, պերմանենտ ու հրատապ փոփոխությունների մտքերից ու ծրագրերից, նախորդներին փնովելու, անցյալը ջնջելու, ներկայում միայն վատթարը փնտրելու ու ամեն անգամ պատմությունը նոր էջից գրելու մոտեցումներից: Պետք է հասկանանք, մեր պառակտվածությունը ձեռնտու է նրանց, ովքեր դեմ են մեզ, մեր ինքնիշխանությանը եւ զարգացմանը: Եվ այստեղ է, որ ՀՀ նախագահ, ՀՀԿ լիդեր Սերժ Սարգսյանը քրիստոնյա պետության ղեկավարին վայել ձեւով նախաձեռնում է գործընթացներ, որոնք ուղղված են արտաքին քաղաքականությունում մեր գործընկեր պետությունների ու միջազգային կառույցների հետ բաց եւ թափանցիկ աշխատանքին, որի ելակետը մեր ազգային խնդիրների բարձրացումն ու լուծումն է, ներքաղաքական կյանքում լարվածության լիցքաթափմանը, հանդուրժողականության եւ երկխոսության կլիմայի ձեւավորմանն ու հասարակության մեջ թշնամության, անհանդուրժողականության հարաբերությունների վերացմանը: Այս նախաձեռնությունները արդեն իսկ իրենց դրական պտուղն են տալիս եւ մենք պետք է կարողանանք եղածը պահպանել ու զարգացնել, ամեն մի հնարավորություն ու պահ օգտագործել ի բարօրություն մեր պետության եւ հասարակության առաջընթացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել