Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂՐԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՓԱԿ Է

Հունիս 07,2011 00:00

Կիրակի օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Մեղրու սարից 8-10 հազար խմ քարե եւ հողի խոշոր զանգված է թափվել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի 365-րդ կմ-ի հատվածը, որի հետեւանքով հունիսի 5-ից փակվել է մայրուղին: Ըստ Սյունիքի մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ այս պահին էլ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի այլընտրանքային ճանապարհով: «Դեռեւս 2-3 շաբաթ մայրուղու այդ հատվածը փակ կլինի երթեւեկության համար, մոտ 3 շաբաթ ժամանակ է հարկավոր միջպետական ճանապարհի անցանելիությունը վերականգնելու համար: Ոչ թե ճանապարհն է փլվել, այլ հարակից սարի տարածքով հոսող առուն է տեղումներից վարարել, դուրս եկել հունից ու իր հետ սարի թուլացած քարերն ու հողը բերել-լցրել ճանապարհին ու այն փակել ամբողջությամբ: Դեպքը տեղի է ունեցել Այգեձորի խաչմերուկից դեպի Վարդանիձոր համայնք տանող ճանապարհահատվածում: Այժմ Ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են տարվում Մեղրի գետի ափով ժամանակավոր ճանապարհ բացելու համար», – «Առավոտին» փոխանցեց մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը: Ինչպես հայտնում են Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից՝ դեպքի պահին ճանապարհի այդ հատվածում մեքենաներ չեն եղել եւ տուժածներ բարեբախտաբար չկան:
Հիշեցնենք, որ Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ է: Նախարարության մասնագետների կողմից կհաշվարկվեն վնասի չափերն ու կկատարվեն վերականգնման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել