Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են արագացնել սահմանազատումը

Հունիս 07,2011 00:00

\"\"Ըստ տավուշցիների, հայ-վրացական սահմանային խնդիրները չեն նպաստում զարգացմանն ու կայունությանը

Հունիսի 4-ին բազմամարդ էր Նոյեմբերյանի մշակույթի տան նախասրահը: Մարդու իրավունքների հարավկովկասյան դատարանը եւ «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» նախաձեռնել էին խորհրդանշական դատ: Հայցվորը Տավուշի մարզային «Տեսանկյուն» թերթի խմբագիր, «Առավոտի» թղթակից Ոսկան Սարգսյանն էր, պատասխանողը՝ «Նոյեմբերյանի համայնքների միության» գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը: Թեման՝ հայ-վրացական սահմանագոտում տիրող իրավիճակն էր:
Ներկայումս հայ-վրացական սահմանի 70 տոկոսի դեմարկացիա՝ սահմանազատում կատարված է: Գործում է սահմանազատման հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով: Սահմանի այն հատվածներում, ուր դեռ սահմանագծում չի կատարված, առկա են բազում խնդիրներ: Վրացական կողմը վիճարկում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան համայնքում, Դեբեդի ափին գտնվող 7,6 հեկտարի պատկանելությունը: 2010թ. մայիսի 2-ին դեբեդավանցի տրակտորիստ Ռուբիկ Բադալյանը վար կատարելու ժամանակ գերվել է վրաց սահմանապահների կողմից: Վրաց սահմանապահները ցանկացել են Ռուբիկին տանել Վրաստան, սակայն հայ սահմանապահների միջնորդությունից հետո ազատ են արձակել: Խորհրդանշական դատի ընթացքում դատական հանձնաժողովի անդամ՝ Դեղձավանի գյուղապետ Ռուբիկ Հովհաննիսյանը նշեց, որ իր գյուղի համար կորսված է 50 հեկտար տարածք: Այս հողերը գտնվում են 4 տարի առաջ հայ սահմանապահների անցկացրած փշալարից անդին, վրաց սահմանապահներն էլ այդ տարածքն իրենցն են համարում: Հայցվորը անդրադարձավ վրաց սահմանապահների՝ հայ գյուղացիների մասնակցությամբ միջադեպերին, որ սահմանի անճշտության պատճառով որոշ հատվածներում հայ գյուղացիները չեն կարողանում օգտվել հողերից, սահմանազատման ձգձգումը չի նպաստում Հայաստանի եւ Վրաստանի հարեւան համայնքների միջեւ կապերի, փոխայցերի, համատեղ բնապահպանական եւ այլ ծրագրերի իրականացմանը: Սահմանազատումը հրատապ է, քանի որ Հայաստանը եւ Վրաստանը, որքան էլ բարեկամ երկրներ, պատկանում են անվտանգության տարբեր համակարգերի: Բացի այդ, սահմանի վրացական կողմում ապրում են ադրբեջանցիներ եւ Աստված ոչ արասցե, որ սահմանի հետ կապված ծագած փոքր վեճը վերածվի հայ-ադրբեջանական միջադեպի: Հայցվորը կարծում է, որ սահմանագծին ապրող համայնքների ղեկավարները պետք է դիմեն Հայաստանի կառավարություն, որպեսզի հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովն արագացնի արդեն 20 տարի ձգձգվող հարցի լուծումը եւ ողջամիտ ժամկետում ավարտի սահմանազատումը:
Պատասխանող Անդրանիկ Վերանյանը ասաց, որ հայ-վրացական սահմանի 30 տոկոսի չսահմանազատված լինելը խոչընդոտ չէ սահմանային տարածաշրջանների միջեւ համագործակցությանը, որ առավել կարեւոր է հայ-վրացական համագործակցության ողջ ներուժի զարգացումը, քանի որ երկու երկրների սահմանամերձ գոտիներում ապրող ֆերմերները հեռու են կենտրոնական շուկաներից, աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրների կենտրոնական շրջաններում, սահմանի երկու կողմերում ապրողները շահագրգիռ են առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: Հայաստանի կոմունիստական կուսակցության Նոյեմբերյանի շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Գաբրիելյանը նկատեց՝ ճիշտ կլիներ, որ պատասխաներ ոչ թե «Նոյեմբերյանի համայնքների միություն» հ/կ գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը, այլ կառավարության ներկայացուցիչը, օրինակ՝ Տավուշի մարզպետը: «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը տեղեկացրեց, որ իրենք հրավիրել են Տավուշի մարզպետին, սակայն նա զբաղված է եւ չի եկել:
Դատի ավարտին կայացավ քվեարկություն՝ 18 հոգի կողմ էր սահմանազատումը արագացնելուն, 5-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ:
Սահմանագոտու բնակիչների պահանջը կհասնի՞ հայրենի կառավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել